Սպասում էի, որ մարտերից հետո կարտաշնչեմ։ Շատ քիչ բան գիտեինք պատերազմից առաջ, շատ քիչ բան գիտենք հիմա։ Արագ և գաղտնի պռոցեսները չեն թողնում շունչ քաշել։ Կա մեծ անհանգստություն, կան բազմաթիվ շահարկումներ։ Թվում էր, որ դադարեցին կրակել, բայց որտեղի՞ց է գալու թեթևությունը։
Այն, ինչ կուզեի ասել, դժվար ներկայացնեմ այստեղից հեռու գտնվող մարդուն։ Արտաքին հայացքը վիճակագրություն, ժամանակագրություն և քարտեզագրում է ենթադրում. սկսվեց պատերազմը, ավարտվեց, սկսեցին ցույցեր, ռազմական հեղաշրջման փորձ, ընտրություններ․․․ Էս առումով դժվարություն կա պատմելու։
Սպասում ենք մի կետի, որ վերջը կլինի․․․
Պատերազմից հետո չեմ զգում, որ պատերազմն ավարտվել է։
Չկա էն մղձավանջը, երբ մարդիկ անընդհատ են զոհվում։ Բայց չգիտեմ՝ հիմա այնտեղ մարդ մեռնում է, թե ոչ։ Չունեմ այդ նորությունը։
Հետպատերազմյան բան չունեմ ամփոփելու։ Դրա տեղը չկա ուղեղումս։ Ինչի՞ տեղ ունեմ։ Դա Վանյանի հետ է կապված՝ խոսելու, զրուցելու կարիքը, արտահայտվելու, լսելու․․․ Ես հիշում եմ՝ անցած տարվա աշնանը՝ հոկտեմբերի սկզբներին, խոսում էինք տեքստի շուրջ։ Պատասխանել, թե չպատասխանել ադրբեջանցիների նամակին․․․
Հիշում եմ Վանյանի ասածը․ թող խոսան, խոսան, ով ուզում ա՝ խոսա։ Գոնե էդ մի բանը՝ կարիքներից մեկը։ Թող լինի ու արտահայտվի։
Հիմա ես դրա կարիքը իրոք զգում եմ։
Փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ շարունակվելու է։ Ու եթե անխուսափելի է, իրար նայել է պետք։ Իրար աչքերի․․․
Խոսելուց հաստատ մի բան է լինում, որը դրանից առաջ չկար։ Գոնե մի 10 րոպե, մի կես ժամ խոսել մարդկանց հետ, ում հետ հանգիստ ես։
Արագ եղավ, չէի մտածել Գեորգիի մասին։ Շատ բաներ հենց իրա գլխին ջարդվեցին։ Ոչ միայն վերջին տարիներին։ Վանյանի մասին խոսակցությունը հեռվից է գալիս և շատ Հայաստանի մասին խոսակցություն է։ Վերջին մեկ տարվա մասին չէ միայն։
Ամեն օր ինչ-որ բան է տեղի ունենում, իրադարձությունների տարափից շիլա է ուղողումս։ Միաժամանակ ոչինչ տեղի չի ունենում։
Ոնց որ մի կետում լինենք, բայց էնքան շատ են հարթությունները։
Բանակցային սեղանների շուրջ մի պռոցեսներ են։ Այն, ինչն ինձ է անհանգստացնում՝ ուրիշ պռոցեսներ։ Եվ ազդում են միմյանց վրա։ Շիլա է պատկերացումներիս մեջ։
Պատրաստ չեմ պատերազմի մասին խոսելու։
90-ականներին էլ է պատերազմ եղել։ Եվ մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի խոսակցություն չլինի։
Էթնիկ զտումները նախորդեցին պատերազմին։
Խոսելու համար պետք էր ընդունել պարտվողի/հաղթողի դերը։ Չհաղթողները լռեցվեցին։
Ողջ հումանիտար ոլորտը, մեդիան, կրթությունը վարժված էին բացատրելու, արդարացնելու, թաքցնելու․․․ Կարելի է մամուլ ունենալ, որ չի խոսի դրա մասին, սոցիոլոգիայի ֆակուլտետներ, որ կբացատրեն, կտրամաբանեն, արևելագիտություն և պատմական արդարություն կդասավանդեն․․․ Տեղեկատվություն արտադրողները նույն մարդիկ են։
Մեծ սուտ էր պտտվում՝ իբր ժողովուրդները պատրաստ չեն խաղաղության և պետք է նրանց պատրաստել։ Գեորգին ցույց էր տալիս, որ այդպես չէ։
Երբ փոքր խմբերի անվտանգության խնդրի մասին ենք խոսում, պետք է հասկանալ, որ իրենք ընդհանրապես պաշտպանված չեն։ Եթե ստացվում է վռնդել հարյուր հազարավոր մարդկանց և դրան արդարացում, բացատրություն գտնել։
Բոլորը համաձայն են, որ վատ բան է տեղի ունեցել։ Բայց ինչի՞ է դա վատ, ի՞նչն է վախեցնողը, մոլորեցնողը, ի՞նչն է հողին կպցնում․․․ Պատերազմից հետո սկսեցին խոսել բանակի, Ղարաբաղի մասին։ 2016-ի ապրիլյանից հետո նույնիսկ չսկսվեց այդ խոսակցությունը։ Արգելված էր խոսել։ Եվ պարզվեց, որ տարբեր են պատկերացումները։
Այդտեղ է տարբերությունը սկսվում իրենց ասած ժեխի և էլիտայի միջև։ Երբ մարդիկ պատասխաններ են տալիս, որոնք հարցնողները պատրաստ չեն լսել։
Առավել միամիտները ուղիղ ձևակերպում են, որ Հայաստանը ապրելու համար չէ։ Դրա համար ուրիշ՝ ավելի հարմար տեղեր կան։ Հայաստանը գաղափար է։
Այսօր Հայաստանում մեդիա տեսանելիություն ունեցող մարդկանց տեքստերը ի վերջո հանգում են «պարտություն» բառին։ Ինձ համար մի տեղ կա, երբ կարևոր չի՝ անունը դնում ես հաղթանակ, թե պարտություն։
Կան մարդիկ, ովքեր չեն զբաղվում հասարակական ակտիվիզմով կամ մասնագիտության բերումով հարցազրույցներ չեն տալիս։ Իրենց ձայնը դրսից չէ։ Պատերազմը շատ կոնկրետ մարդկանց է կպել։ Ինձ կպել է, բայց տասնյակ հազարավոր մարդկանց ավելի շատ է կպել․․․
Առաջին պատերազմից հետո այդ մարդիկ արագ մոռացվում էին, իրանք չէին կենտրոնը խնդրի, այդպես էլ հիմա է արվում․․․
Մեզնից ակնկալում են իմանալ, թե ինչ ենք մտածում նախարարների հեռախոսազանգի մասին։ Պատերազմից հետո թվում էր, որ ամեն ինչ փոխվելու է։ Երևի դա է պատմագրությունը․․․ երբ ամեն ինչ գլխիցդ ջնջվում է։ Եվ հնարավոր չէ «հող հետ բերողների» բերանը փակել։
Զգացողություն չկա, որ պատերազմը մերժելի է։ Իբր պատարստ չենք պատերազմից հրաժարվելու։ Դելիմիտացիայի արդյունքում մի բլուր անցնելու է այն կողմ, մեկը՝ այս։ Կամ հակառակը։ Այդ հարցի շուրջ մի էներգիա է մոբիլիզացվում, որը ենթադրում է, որ մենք պատրաստ ենք կռվել։ Ու կրկին պետք է կռվել հարևանի էրեխու հաշվին։ Չկա սիտուացիան, երբ մեկը բարձրանում և ասում է՝ այ քեզ բան․․․
Հիշում եմ, որ լրագրողներն ամաչացնում էին մարդկաց, որոնք հարցումների ժամանակ հանդգնում էին կենցաղային խնդիրներից խոսել։ Ինչքան մարդը գրագետ է, այնքան լավ գիտի՝ ինչ խոսել, որտեղ, երբ և ինչու։
Դժվար է վերադառնալ սկիզբ։ Դա էի ուզում ասել։ Այլևս չի լինելու այնպես, ինչպես 88, 87, 86 թվերին էր։ Չեն խոսում՝ ինչ է լինելու նոր խաղաղությունից հետո, քանի որ պարզ է՝ չի լինելու այն համակեցությունը, որը կար 85 թվականին։ Մոտ ապագայի որոշումը չի ենթադրելու այդ տարածքի լայն ավտոնոմիա։ Բոլորը դա հասկանում են։ Եթե դա չի կարելի ասել, ուրեմն չի կարելի խոսել, թե ինչ է լինելու այդ տարածքի հետ կապված մարդկանց հետ։ Ի՞նչ է արվում այդ մարդկանց համար։
Նույն տրամաբանությունն է շարունակվում․ Ղարաբաղը չի քննարկվում որպես ինչ-որ մարդկանց խնդիր։ Եթե այն քննարկվի որպես մեծ քանակությամբ մարդկանց խնդիր, այդտեղ կհայտնվեն և հայերը, և ադրբեջանցիները։
Նշանակում է, որ չի լինելու խոսակցություն ռազմականացման մասին։ Զինվորական շորերով մարդիկ են լինելու անընդհատ։ Զորավարժությունները զորավարժությունների ետևից։
Էս իրավիճակում չի կարելի զգալ, որ պատերազմը վերջ ունի։ Խոսակցությունը չի կարող լինել իմ մասին, պետք է անընդհատ լինի հողի, տարածքի, իշխանության մասին։ Ո՞վ է այդ տարածքում մարդկանց կզցնելու իշխանություն ունենալու, ո՞ւմ ն է հողը, ո՞ւմ դարդով ենք տապակված․․․
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մի քանի տասնյակ հազար մարդկանց հետ, օրակարգից դուրս էր։ Եվ այն, ինչ տեղի է ունենալու տարիներ հետո, կրկին օրակարգից դուրս է լինելու։ 90-ականների հետ տարբերությունն այն է, որ տեխնիկական հնարավորություններն այլ են, որոշ բաներ հնարավոր չէ լինելու ջնջել։ Առաջ մտածում էի, որ պետք է կազմակերպվել, ինքնակազմակերպվել․․․ Ճիշտ է, որ խոսակցությունը երբեք չի լինելու քո հետ և քո մասին։