Տղիբուլում (Վրաստան, Իմերեթիայի շրջան) գտնվող Մինդելի հանքահորում հունվարի լույս 31-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել․ հայտնաբերվել են 9 վիրավորներ: Նրանցից մեկը մահացել է, մյուսների առողջական վիճակը գնահատվում է ծանր՝ երեքը գտնվում են վերակենդանացման բաժնում։
Վիրավորները տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն, որի տնօրենի ենթադրությամբ վնասվածքների պատճառը հանքահորում մեթանի պայթյունն է։ Վերակենդանացման բաժնում գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ ախտահարվել է նրա մարմնի 60%-ը, ինչը բարդանում է շնչառական ուղիների վնասմամբ և կայուն շոկով։ Հանքի ղեկավար «Գրուզուգոլի» («Грузуголь») կազմակերպությունը փորձում է ճշտել դեպքի մանրամասները։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզություն է սկսել տեղական ՔրՕրի 240 հոդվածի օրինախախտման կասկածով․ այն վերաբերում է «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտմանը» և պատժվում 2-5 տարի ազատազրկմամբ։
Տղիբուլում ներկայումս գործում են երկու հանքահորեր՝ Մինդելի և Ձիձիգուրի. մնացած հանքերի շահագործումը դադարել է 2018 թվականի հուլիսից, երբ մի շարք պատահարների արդյունքում զոհվել էին 16 հանքափորներ։ Հանքափորի աշխատանքը համարվում է ամենածանր և վտանգավոր մասնագիտություններից մեկը, սակայն Տղիբուլի բնակիչների համար այն շարունակում է մնալ ընտանիք պահելու միակ միջոցը (ավելի մանրամասն՝ այստեղ):
Դեռևս 2019-ին Տղիբուլում բողոքի ակցիաներ էին, որոնց ժամանակ շուրջ 30 հանքափոր երկու օր անցկացրեցին գետնի տակ․ արդյունքում «Գրուզուգոլը» հեռացել էր և փոխանցել սեփականատիրության իրավունքները Steell International trades company-ին։ Այժմ, սակայն, «Գրուզուգոլը» վերստին ստանձնել է հանքերի ղեկավարությունը։