Home / Ապատեղեկատվություն / Գործ տվողները

Գործ տվողները

Մատնության երկու մշակույթ

Չեմ կարծում, որ երբևիցե գործ եմ տվել ինչ-որ մեկի վրա… եթե նույնիսկ տվել եմ, ինքս ինձ համոզել եմ հավանաբար, որ ինչ-որ ուրիշ բան եմ անում։ Ավստրալիայում մատնությունը կամ շեֆին «խաբար տալը» սովորաբար կոչում են dobbing, և սա համարվում է ամոթալի դավաճանություն գործընկերների նկատմամբ։ Վստահ եմ, որ երեխա ժամանակ խաբարբզիկություն չեմ արել դասատուների մոտ․ դա աամոթ բան էր դպրոցական մշակույթում, և ես հաստատ կհիշեի, եթե այդպիսի բան արած լինեի։ Մեծերի համար ավելի հեշտ է քողարկել նման արարքները։ Ինձ ծանոթ դեկաններից մեկը պատմում էր, որ Այվի լիգայի իրենց համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պարբերաբար մտնում են իր գրասենյակ՝ կենցաղային զրույցների, որոնց իրական նպատակը անուղղակիորեն տեղեկացնելն է, որ «ինչ-որ խնդիր կա» իրենց գործընկերներից որևէ մեկի հետ։

1960-ականներին, երբ փոխանակման ծրագրով որպես բրիտանացի ուսանող առաջին անգամ հայտնվեցի Խորհրդային Միությունում, տեսա, որ խորհրդային մարդու վերաբերմունքը այս հարցին նման է նրան, ինչին ես սովոր էի Ավստրալիայում։ Գործ տվող կամ մատնիչ (donoschik) լինելը ռուսների աչքում դատապարտելի էր և է, որքան էլ կառավարությունները՝ սկսած 17-րդ դարի Մոսկովյանից մինչև Խորհրդայինը, չխրախուսեին դա, և որքան էլ դա տարածված չլիներ իրական կյանքում։ Իշխանություններին ոչ մի բան չհայտնելու հրամայականը՝ որպես սկզբունքային դիրքորոշում, կարող է պրոբլեմատիկ լինել։ 1980-ականներին, երբ ես որպես սոցիալական պատմաբան սկսեցի ուսումնասիրել գործ տալու խնդիրը, սովետական/ռուս ընկերներիցս մեկին հարցրեցի՝ ինչ կանի, եթե իմանա, որ հարևանը սերիական մարդասպան է։ Արդյո՞ք կխախտի սեփական սկզբունքներն ու դոնոս կգրի ոստիկանությանը, թե՞ լուռ կմնա՝ վտանգելով մարդկանց կյանքը։ «Կասեմ ոստիկանությանը», – պատասխանեց նա մեկ րոպե մտածելուց հետո, – «Բայց նաև կատեմ ինձ դրա համար»։

Այլ է Ամերիկայի պարագան․ ես դա հասկացա դեռ Սառը պատերազմի ժամանակ՝ որպես սկսնակ սովետագետ այստեղ տեղափոխվելուց հետո։ Որևէ քաղաքացու զանցանքի մասին իշխանություններին տեղեկացնելը դառնում է ենթակաների միջև համերաշխության դավաճանություն միայն այն դեպքում, երբ կա հստակ դիխոտոմիա «մենք»-ի և «նրանք»-ի միջև, իսկ այդ դիխոտոմիան ամերիկյան իրականության մեջ ունի զուտ մասնակի և դրվագային բնույթ։ «Մենք» ու «նրանք» վիճակ կար, օրինակ, 1970-ականներին Վիետնամի պատերազմի դեմ բողոքող ցուցարարների մոտ կամ մտավորականների մոտ՝ մաքքարթիստական 1950-ականներին, երբ Ներկայացուցիչների պալատի Հակաամերիկյան գործողությունների [քննիչ] հանձնաժողովը ճնշում էր գործադրում վկաների վրա՝ ստիպելով «մատնել» կոմունիստներին և նրանց համակիրներին։ Բայց ընդհանուր առմամբ ամերիկացիներն ընդունում են գաղափարը, որ կառավարությունն իրենց ներկայացուցիչն է, ոչ թե առանձին մի բան, և հետևաբար վատ չեն զգում իրենց, երբ իշխանություններին հայտնում են ինչ-որ բանի մասին, որ լավ կլիներ՝ նրանք իմանան։ 

«Գործ տալու» մասին խոսելը հեշտ չէ նաև այն պատճառով, որ այդ երևույթը նկարագրելու համար կան չափազանց շատ բառեր, և դրանք բարոյականության լրիվ հակադիր ընկալումներ են առաջարկում։ Եթե դու մատնում ես ինձ, ուրեմն անձնական դրդապատճառներ ունեցող գործ տվող ես։ Եթե ես եմ քեզ մատնում, ուրեմն ես օրինապահ քաղաքացի եմ։ Տարբեր լեզուներում հանդիպող տերմինները հիմնականում բացասական են կամ լավագույն դեպքում չեզոք պաշտոնական, և միայն ամերիկացիներն են, որ հորինել են մատնությունը նկարագրող բացառապես դրական տերմին՝ «whistleblowing» (բառացի՝ «փչել սուլիչը», ազդարարել)։ Այս բառը ներմուծել է Ռալֆ Նադարը 1970-ականների սկզբներին՝ «գործ տալ» կամ «տեղեկացնել» բառերի վարկաբեկված ենթատեքստերից խուսափելու համար։ Հիմնականում այն օգտագործվում էր, երբ ենթակաները հաղորդում էին կորպորացիաների կամ կառավարական գերատեսչությունների ղեկավարների կողմից շահագործման դեպքերի մասին։ Քանի որ ազդարարներն այս պարագայում կանգնում էին վրեժխնդրության ռիսկի առաջ, բոլորը (բացի թիրախներից) ընկալում էին նրանց որպես համարձակ, հանրային ինքնագիտակցություն ունեցող ճշմարտախոսներ։

Ամերիկյան սովետաբանները և սառը-պատերազմյան լայն հանրությունը «մատնությունը» դիտարկում էին որպես զուտ Խորհրդային ֆենոմեն, «ատոմիզացիայի» քաղաքականության մաս, որը խթանվում էր տոտալիտար պետության կողմից ավանդական ընտանիքը և բարեկամական հավատարմությունը կոտրելու միջոցով, և այսպիսի «մատնությունը» ընկալվում էր խիստ բացասաբար։ Մշտապես հիշատակվում էր Պավլիկ Մորոզովի դեպքը. երիտասարդ պիոներ, որը կոլեկտիվիզացիայի ժամանակ մատնել էր սեփական հորը, և որից առաջարկում էին օրինակ վերցնել Խորհրդային երեխաներին։

Խորհրդային պատմությունը ուսումնասիրելիս սկսել էի հետաքրքրվել Ստալինի՝ 1920-ականների վերջի և 1930-ականների սկզբի մշակութային հեղափոխությամբ, որը նախորդում էր (և, անկասկած, ոգեշնչել էր) տասնամյակներ հետո սկսված Մաոյի մշակութային հեղափոխությանը Չինաստանում։ Սովետական մշակութային հեղափոխությունը հարձակում էր էլիտաների («բուրժուա» մտավորականների և «աջական» բյուրոկրատների)՝ արվեստի և կրթության ոլորտներում արմատացած իշխանության վրա։ Քարոզարշավը եռանդով էր ընդունվել երիտասարդ կոմունիստ միլիտանտների կողմից, որոնք պատրաստակամ էին կռվել, և մարդկանց կողմից, որոնք դժգոհ էին մշակութային դաշտից։ Կուսակցության հակառակորդներին մատնելը կարևոր զենք էր այս հակամարտությունում։ Այդպիսի մատնությունները հայտնի էին որպես «ազդանշաններ ներքևից» (сигналы снизу)՝ ամբաստանման դրական տերմին, որը արտոնվել էր խորհրդային իշխանության կողմից, բայց այդպես էլ չմտավ խոսակցական ռուսերենի մեջ։

1930-ականների վերջի Մեծ զտումը (որը նախաձեռվել էր Ստալինի կողմից, բայց սեփական թափն էր ստացել) մասսայական մատնության մի նոր փորձառություն էր առաջարկում։ Թիրախում կոմունիստական վերնախավն էր, և որպես կանոն հենց ժողովրդական մանտնությունների միջոցով էին նույնականացվում զոհերը՝ «լրտեսները» և «ժողովրդի թշնամիները», որոնք ենթակա էին կալանավորման, գնդակահարման կամ Գուլագի։ Ի տարբերություն սովետական մշակութային հեղափոխության, որը միշտ չէր հիստերիկ կերպով ընթանում, զտումները վերածվել էին իսկական բարոյական տագնապի՝ վհուկների որս, որում «թշնամիները» նաև հանկարծակի և ինտուիտիվ էին որոշվում, և չէր էլ պահանջվում իրական ապացույցներ ներկայացնել։ Մեղադրյալները անկարող էին պաշտպանել իրենք իրենց, և եթե նրանց բարեկամները փորձում էին խառնվել՝ նույնիսկ պարզապես պատշաճ դատավարություն պահանջելով, նրանք էլ էին անմիջապես դառնում «թշնամի»։

Միացյալ Նահանգների հետ համեմատությունները չէին խրախուսվում ամերիկյան սովետաբանության մեջ, հետևաբար Սալեմի վհուկների որսը 17-րդ դարի Մասաչուսեթսում չէր վկայակոչվում որպես բարոյական խուճապի ավելի վաղ դրվագ։ Քանի որ գործ տալը դիտարկվում էր որպես ամբողջատիրության կողմնակի արտադրանք, որպես փաստ էր ընկալվում նաև այն, որ նման պրակտիկա չի կարող լինել ժողովրդավարության պայմաններում։ Սա Սառը պատերազմի աքսիոմներից էր, որը լայնորեն շրջանառվում էր 1970-ականների Ամերիկայում, և ինձ ակնհայտորեն սխալ էր թվում։ Հայրս չէր թաքցնում, որ ձախ է, ինչը թանկ է նստել նրա վրա Սառը պատերազմի ժամանակների Ավստրալիայում (մենք «Հակաամերիկյան գործողությունների [քննիչ] հանձնաժողովի» սեփական համարժեքն ունեինք ի դեմս «Լրտեսության և կոմունիզմի արքայական հանձնաժողովի»), և ինձ համար տարօրինակ էր, որ ամերիկացիներն այդքան արագ են մոռացել 1950-ականների իրենց փորձը։ Մատնություններն իհարկե բնորոշ են թե՛ Արևմտյան ժողովրդավարական և թե՛ ամբողջատիրական հասարակություններին։ Հարցը բարոյական կարգավիճակն ու համարժեքությունն է։

Փիլիսոփա Ջուդիթ Շկլարն այսպիսի պատասխան է առաջարկում․ մատնությունը լավ է, երբ հասցեագրվում է լավ կառավարությանը, և վատ՝ երբ հասցեագրվում է վատին։ Սա երևի ինչ-որ չափով օգնում է։ Մենք կարող ենք համաձայնել՝ քանի որ Խորհրդային կառավարությունը վատն էր (Շկլարն ակնհայտորեն այդպես էր կարծում), ուրեմն վատ էր նաև Ստալինի օրոք «ժողովրդի թշնամիներին» մատնելը, Բրեժնևի օրոք՝ «դիսիդենտներին», և, mutatis mutandis, հետխորհրդային Ռուսաստանում՝ արդեն Պուտինի օրոք՝ հակապատերազմական և գեյ ակտիվիստներին։ Իսկ ի՞նչ կասեք «ստալինիստների» դեմ մատնությունների մասին Խրուշչովի կամ Գորբաչովի ժամանակներում, կամ «նացիստների» և «կոլաբորացիոնիստների» դեմ մատնությունների մասին նրանցից յուրաքանչյուրի օրոք։

Ըստ Շկլարի ներկայացրած փաստարկի, «գործ տալը» ժողովրդավարական հասարակությունում պետք է միշտ լինի բարոյապես ընդունելի։ Բայց Միացյալ Նահանգներում կարծես թե նախընտրում են կողմնորոշվել ըստ կոնկրետ քեյսի կամ ըստ գործող վարչակազմի։ Մի բան է, երբ մատնում ես «ահաբեկիչներին» 2000-ականներին՝ Ջորջ Ու. Բուշի օրոք (մի ընդունեք սա որպես հավանություն իմ կողմից), մի ուրիշ բան է, երբ մատնում ես «կոմունիստներին» 1950-ականներին՝ Թրումանի կամ Էյզենհաուերի օրոք, էլ չեմ ասում «քաղաքականապես արթուն» (woke) մտավորականների դեմ մատնությունների մասին Թրամփի օրոք՝ 2020-ականներին։ 

Լավ կլիներ, եթե մատնությունները հնարավոր լիներ տարբերակել ըստ շարժառիթի, բայց դա էլ է անհույս թվում։ Գործ տալը մեծամասամբ ներկայացվում է որպես մի բան, որ բխում է հանրային շահից, դրդապատճառները խառն են և միայն Աստված գիտի, թե իրականում ինչ կար մատնողի մտքում։ Երևի հիմքերն ավելի ամուր կլինեին, եթե տարբերակումն արվեր ըստ հավանական հետևանքների։ Ստալինյան Մեծ զտումների ժամանակ հետևանքներն էին՝ ձերբակալություն, աքսորում Գուլագ, մահապատիժ առանց դատ ու դատաստանի։ Թեև մաքքարթիստական մատնումները նման էին [ստալինյան] զտումներին, դրանց հետևանքները միանգամայն այլ էին։ Մաքքարթիզմի զոհերը (Ռոզենբերգներից բացի) հիմնականում չէին սպանվում կամ երկարաժամկետ ազատազրկվում, նրանք «ընդամենը» հեղինակազրկվում էին։ Հավանականությունը, որ կկորցնեն աշխատանքը, մեծ էր, բայց ձերբակալություն՝ հազիվ թե։ Հետևանքների առումով սա ավելի շուտ նման էր խրուշչովյան կամ բրեժնևյան ժամանակների Խորհրդային մատնումներին։ 

Շկլարը կենտրոնանում է քաղաքական մատնությունների վրա, թեև չափազանց դժվար է հստակ տարանջատել դրանք հանցավոր գործողության կամ զուտ «անհարիր» վարքագծի հիմքով մատնումներից, եթե խոսենք ժամանակավրեպ ձևակերպումներով։ Երբ 1990-ականներին բացեցին սովետական գաղտնի արխիվները, երևան հանվեց խորհրդային «դոնոսների» ուշագրավ տեսականի․ ես մոտ երեք հարյուր մատնություններ եմ ուսումնասիրել, որ 1930-ականներին գրվել են խորհրդային գյուղացիների կողմից իրենց վերադասների դեմ։  Առանձնապես իմաստ չկար դրանք քաղաքականի և ոչ-քաղաքականի դասակարգելու փորձերում։ Կոլխոզի ղեկավարի դեմ տիպիկ մատնությունը միաժամանակ պարունակում էր քաղաքական մեղադրանք («տրոցկիստ»), քրեական մեղադրանք («յուրացում»), անպատշաճ արարքների մեղադրանք, օրինակ՝ շարքային կոլխոզնիկներին ապտակելու կամ նրանց դուստրերի հետ սեքս անելու համար։ 

Գյուղացիները այսպիսի նամակներ էին գրումԽորհրդային Միության ողջ ընթացքում՝ կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով քաղաքական բաղադրիչը (պատերազմից հետո «տրոցկիստի» փոխարեն գրում էին «կոլաբորացիոնիստ»)։ Իրականում՝ շատ մատնությունների դեպքում (և ոչ միայն Սովետական Միությունում) գործող քաղաքական ռեժիմի բնույթը մեծ նշանակություն չուներ։ Արդյո՞ք սեռական ոտնձգությունների մասին պետք էր հաղորդում ներկայացնել Խրուշչովի, բայց ո՛չ Ստալինի օրոք։ Իմ ռուս ընկերը մաքուր կլինե՞ր բարոյապես, եթե լռեր իր հարևանի ենթադրյալ հանցագործությունների մասին մինչև Գորբաչովի կամ Ելցինի գալը։

Բայց մատնության օրինակներ գտնելու համար կարիք չկար հասնել սովետական արխիվներ։ Միացյալ Նահանգներում, որտեղ ես ապրում եմ 1970-ականների սկզբից, մեյնստրիմ մամուլը լի էր նման դեպքերի վկայություններով։ Բարոյական նոր խուճապը կապված էր ոչ թե կոմունիզմի, այլ մանկապարտեզներում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ։ Մատնությունները գալիս էին ծնողներից, որոնք հաղորդում էին իրենց երեխաների անհավանական պատմությունների մասին՝ թռչող վհուկներ, սատանիստական ծեսեր, գաղտնի սենյակ, ուր գնում ես զուգարանի միջով և ենթարվում ոտնձգության։ Ընկերներիցս մեկը՝ սովորաբար ողջամիտ մարդ, բայց փոքր երեխաներ ունեցող, այս մեղադրանքները կիսով չափ լուրջ էր ընդունել։ Լուրջ էին ընդունել նաև Կալիֆորնիայի և այլ դատավորները՝ դատապարտելով դայակներին երկարատև ազատազրկման։ Երբ հիստերիան ի վերջո մարեց, մեղադրանքները հանվեցին և ուսուցիչներին ազատ արձակեցին։ 1997-ի հունվարին նախկին դատապարտյալներին հրավիրեցին «Ապաշխարհության օրվա», որն անցկացվեց Սալեմում՝  ամենահամապատասխան վայրում։

«Crime stoppers»-ը (հանցավորությունը կանխողները)՝ 1970-ականների մեկ այլ արտադրանք, անանուն մատնության նոր ձև էր առաջարկում քաղաքացիներին, որոնք չափազանց քմահաճ կամ զգուշավոր էին ոստիկանությանը ուղիղ դիմելու համար։ «Crime stoppers»-ն այսօր արդեն միջազգային կազմակերպություն է, որի գործառույթն է՝ անհատներից ստացված տեղեկությունները փոխանցել համապատասխան ազգային կամ միջազգային գերատեսչություններին։ Նույնիսկ ավստրալացիները՝ իրենց ուժեղ «հակամատնիչ» ավանդույթով, ընդունեցին այս օգտակար «ծառայությունը, որը մարդկանց հնարավորություն է տալիս կիսվել չբացահայտված հանցագործությունների և կասկածելի գործողությունների մասին ինֆորմացիայով առանց ինքնությունը բացահայտելու», ինչպես նշված է կազմակերպության ավստրալական կայքում։

ԱՄՆ-ում պարբերաբար քաղաքական ազդարարները հայտնվում էին մամուլի առաջին էջերում։ 1971 թվին Դանիել Էլսբերգն էր, որը Պենտագոնի փաստաթղթերը փոխանցել էր New York Times-ին և Washington Post-ին։ Քանի որ նրա նպատակը Վիետնամի պատերազմի հարցում կառավարության պաշտոնական դիրքորոշումը վարկաբեկելն էր, շատ լիբերալներ այդ արարքը համարեցին բարոյապես արդարացված և հիացմունքի արժանի։ 2013-ին, երբ Էդվարդ Սնոուդենը նման մի բան արեց Ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերի հետ, արձագանքն ավելի խառն էր (նրա փախուստը Ռուսաստան վատ տպավորություն էր թողել)։ Մինչ այդ, 1996-ին, երբ «Ունաբոմբերին»՝ Թեդ Քզինսկուն բռնեցին նրա հարազատ եղբոր՝ Դեյվիդի մատնության արդյունքում, ամերիկացիներից շատերն անհանգստացած էին․ «լավ» էր, որ ահաբեկչին բռնել են, բայց «վատ» էր, որ նրա դեմ գործ է տվել սեփական ընտանիքի անդամը՝ մի բան, որ չափազանց նման էր Պավլիկ Մորոզովի պատմությանը։ Ավելի ուշ՝ 1998-ին, սկանդալ եղավ Մոնիկա Լևինսկու և Բիլ Քլինթոնի սեռական կապի շուրջ, որը բացահայտվել էր Լևինսկու գործընկեր Լինդա Թրիփի մատնության արդյունքում։ Կարծիքներն այս անգամ էլ ավելի հակասական էին։ Նախագահի սեռական կյանքը (և նրա կեղծ հերքումները) բացահայտելը գուցե բխում էր պետական շահից, մյուս կողմից՝ Թրիփը, որը կարծես ձգտում էր փառքի, դավաճանել էր ընկերոջ վստահությունը և ամբողջությամբ ավիրել նրա հեղինակությունը՝ այն դեպքում, երբ Լևինսկու արածը ընդամենը փոքրիկ թուլություն էր։

Բայց Ամերիկայի համար իսկական բեկման կետ էր 9/11-ից հետո սկսված հակաահաբեկչական խուճապը․ գործ տալը դարձավ ոչ միայն ընդունելի, այլ նույնիսկ բարոյական պարտք, եթե խոսքը ենթադրյալ ահաբեկիչների մասին է։ Հիշում եմ, թե ինչ շոկ ապրեցի, երբ հարձակումից հետ գնում էի Նյու Ջերսիի մայրուղով ու տեսա առկայծող վահանակը․ «Հաղորդի՛ր ցանկացած կասկածելի մարդու մասին»։ Փենսիլվանիա նահանգը նույնիսկ անվճար հեռախոսահամար էր գովազդում՝ հանրությանը կոչ անելով «ազդարարել հնարավոր ահաբեկիչների կամ ահաբեկչական գործունեության մասին»։ Ճիշտ է, երբ 2002-ին Կոնգրեսը փորձեց վերածել սա պետական ծրագրի՝ ներմուծելով Օպերացիա TIPS-ը (Ահաբեկչության մասին տեղեկատվության և կանխարգելման համակարգ), Ներկայացուցիչների պալատում մեծամասնության առաջնորդ, պահպանողական հանրապետական Դիք Արմին առարկեց՝ չի կարող հավանություն տալ օրենքին, որը խրախուսում է ամերիկացիներին «լրտեսություն անել միմյանց դեմ»։ Նախաձեռնությունը տապալվեց, բայց դա չկանգնեցրեց մերձարևելյան անուններով մարդկանց դեմ անանուն կամ ստորագրված մատնությունների հեղեղը։ Հավանաբար պատահականություն չէ նաև այն, որ Time ամսագիրը 2002 թվականը հռչակեց «Ազդարարի տարի»՝ Տարվա մարդ ճանաչելով երեք կին ազդարարների։

Գաղափարը, որ (ահաբեկիչների կամ ուրիշների վրա) գործ տալը պարտականություն է, գնալով ամրապնդվում էր։ «Եթե ինչ-որ բան տեսնես՝ ասա» (If you see something, say something) կարգախոսը, որը ծնվեց Նյու Յորքի տրանսպորտային վարչությունում 9/11-ից հետո, 2010 թվականին արտոնվեց Ներքին անվտանգության նախարարության կողմից որպես համազգային հակաահաբեկչական արշավի մաս։ Մեծ Բրիտանիայում կիրառվող համարժեքը՝ «Տե՛ս, ասա՛, անցիր առաջ» (See it, say it, sorted), շեշտադրում էր թեթևությունը, որը պետք է զգան ուղևորները՝ ազատվելով անցանկալի ինֆորմացիայից և պատասխանատվությունից։ 

#MeToo շարժումը, որը սկսվեց 2017-ին՝ սեռական ոտնձգությունների համար հետհայաց մեղադրանք ներկայացնելով իշխանություն ունեցող տղամարդկանց, անկասկած արդարացի նախաձեռնություն էր, թեև ուներ բարոյական խուճապին բնորոշ հատկանիշներ, մասնավորապես՝ հաստատակամությունը, որ զոհերի վկայությունները երբևէ չպետք է կասկածի տակ դրվեն, և որ մեղադրյալները պետք է ճանաչվեն մեղավոր անհապաղ՝ առանց ինքնապաշտպանության իրավունքի։ «Բարձրաձայնելը» #MeToo-ի կոնտեքստում դիտարկվում էր որպես ճշմարտախոսություն՝ մի բան, որ բավականին տարբերվում է գործ տալուց, մատնությունից և նույնիսկ ազդարարումից, թեև ֆունկցիոնալ առումով համարժեք է։ #MeToo-ն մասն էր ավելի լայն մթնոլորտի, որը խրախուսում էր սեռի և գենդերի ոլորտում «անպատշաճ» վարքագծի մասին հաղորդումները՝ ներառյալ այն դեպքերը, երբ մարդուն դիմում են նրա նախընտրածից տարբերվող դերանունով։ Հյուսիսային Դակոտայի Պետական համալսարանի հետազոտողները պարզել են՝ ուսանողների 72 տոկոսը կարծում է, որ «վիրավորական» դիտողություններ անող դասախոսների մասին արժի հաղորդել համալսարանի վարչակազմին։

Ռուսաստանում իրավիճակը բոլորովին այլ էր։ 1991-ին կոմունիզմը տապալվեց, Միությունը փլուզվեց, Ելցինի օրոք եկավ «վայրի կապիտալիզմը», Պուտինի առաջին նախագահության օրոք որոշակի կարգուկանոն հաստատվեց, կարևորվեց ազգային արժանապատվությունը, իսկ հետո, արդեն երկրորդ նախագահության ժամանակ, Պուտինը շրջվեց միջազգային արգեսիայի ուղղությամբ՝ ներխուժելով Ուկրաինա։ Ռուսաստանի քաղաքացիների առօրյան մի փոքր փոխվել է, բայց գործ տալու պրակտիկաները մնացել են նույնը։ Այսօր ամենից հաճախ գործ են տալիս հակապատերազմական դիրքորոշում ունեցող և ԼԳԲՏ ակտիվիզմով զբաղվողների («պրոպագանդա») վրա։ Առաջին պարագայում դա հայրենասիրական երանգ ունի, երկրորդում՝ արվում է «ավանդական ընտանեկան արժեքների» դրոշի ներքո։ Երկու պարագայում էլ վկայակոչվում է Արևմուտքի կործանարար ազդեցությունը։ 

Ուկրաինա ներխուժումը քննադատվում էր ռուսական լիբերալ մտավորականության կողմից։ Մարդկանց մեծ մասը հանրային դաշտում շրջահայաց լռություն էր պահպանում, թեև սկզբի ամիսներին համալսարանական դասախոսները հաճախ քննարկումներ էին նախաձեռնում այս հարցի շուրջ լսարաններում՝ բացահայտելով իրենց հակապատերազմական դիրքավորումը։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այդ մարդիկ էլ դարձան ավելի զգուշավոր։ Արևմուտքում կապեր ունեցող շատ մտավորականներ նախընտրեցին գոնե ժամանակավոր հեռանալ երկրից՝ պահպանելով աշխատանքը, աշխատելով Zoom-ով հեռավար (հիմա, երբ Ռուսաստանի սահմանները բաց են՝ ի տարբերության Խորհրդային ժամանակների, հնարավոր է որոշակի անորոշություն պահպանել՝ մարդը արտագաղթել է, թե ոչ)։ 

Մի խումբ ռուս գիտնականներ, անհանգստացած հակապատերազմական դիրքորոշում ունեցող ակադեմիկոսների դեմ մատնությունների մասշտաբներից, հետազորություն էին արել՝ հիմնվելով հարցազրույցների և վավերագրված արձանագրությունների վրա։ Նրանք նկարագրում էին մթնոլորտը, որում մատնությունները՝ արված ուսանողների, կոլեգաների և անծանոթ «վրիժառուների» կողմից, գնալով ավելի սովորական են դառնում և մեծ վնաս հասցնում հակապատերազմական դիրքորոշում ունեցող անձանց հեղինակությանը։ Հաղորդումները, որպես կանոն, հասցեագրվում են ոչ թե ՖՍԲ-ին (ԿԳԲ-ի իրավահաջորդը), այլ համալսարանի վարչակազմին։ Սկզբանական շրջանում համալսարանները փորձում էին պաշտպանել իրենց աշխատակիցներին, բայց աստիճանաբար սկսեցին դիմել կարգապահական միջոցների՝ ստիպելով ազատման դիմում գրել կամ հեռացնելով աշխատանքից։

Իհարկե, Ռուսաստանում բռնաճնշումները բոլորովին չեն սահմանափակվում նման մատնություններով։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն ի սկզբանե նպատակ ուներ նվազեցնել միջազգային ՀԿ-ների ազդեցությունը, այժմ կիրառվում է նաև Ռուսաստանի անհատ քաղաքացիների դեմ, որոնք համարվում են «օտարերկրյա ազդեցության» կրող և ստիպված են ցուցակագրվել։ Օտարերկրյա գործակալներին, ի թիվս շատ այլ բաների, արգելվում է պետական ​​պաշտոն զբաղեցնել և դասավանդել։ Եթե դուք ճանաչվել եք «օտարերկրյա ազդեցության» կրող՝ չգրանցվելու պարագայում ենթարկվելու եք քրեական հետապնդման։ Պուտինի վարչակարգը լուրջ է վերաբերվում ներքին այլախոհությանը. անվտանգային ծառայությունը և ոստիկանությունը աչքը պահում են պատերազմին ընդդիմացողների վրա, իսկ վերջին տասնամյակում ընդունված օրենքների շարքի միջոցով՝ նաև պատժի են ենթարկում նրանց։ ՕՎԴ-Ինֆոյի տեղեկություններով, Ռուսաստանում 356 մարդ այս պահին ազատազրկված է հակապատերազմական «հանցագործությունների» համար, և միայն հազվադեպ դեպքերում է, որ գործի հիմքում քաղաքացիական մատնությունն է։

Մոսկվայի հրատարակչություններից մեկի հետ կապեր ունեցող իմ աղբյուրը պատմում էր, որ մատնությունները կոմերցիոն հրատարակչությունների դեպքում վերահսկողության հիմնական միջոցն են։ Ի տարբերություն Խորհրդային ժամանակների՝ չկա ֆորմալ գրաքննություն, և սա ինչ-որ իմաստներով բարդացնում է կյանքը․ անկասկած, կան թեմաներ, որոնց մասին չի կարելի գրել, կան բաներ, որ չի կարելի ասել, բայց դու պետք է մատիցդ հոտ քաշես՝ դրանք գուշակելու համար։ Վտանգը գալիս է ինքնահռչակ վրիժառուներից, որոնք «ուշի ուշով կարդում իրենց հետաքրքրող թեմաներով գրքերը», և որևէ վիրավորական բան գտնելու դեպքում՝ «դոնոսներ են գրում բոլոր հնարավոր գերատեսչություններին և անվտանգային մարմիններին, որոնք միշտ ուրախ են հաղորդումներ ստանալ հեշտորեն բացահայտվող օրինախախտումների մասին և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ մեծամասամբ վարչական, ոչ թե քրեական»։

«Վերևներից» հավանության չեն արժանանում Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ Խորհրդային Միության գործողությունների քննադատությունը, Ստալինին և Հիտլերին նույնացնելու փորձերը և այլն․ մեծ հավանականությամբ այս թեմաները գրավելու են գործ տվող վրիժառուների ուշադրությունը։ Բայց ամենամեծ թիրախը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի քննադատությունից բացի, գեյ և տրանս ակտիվիզմն է։ Երկուսն էլ քրեականացված են, և հետևանքները կարող են հեղինակազրկումից էլ լուրջ լինել։ Ըստ վերջին հաղորդումների, «գեյ ակտիվիզմի» համար քրեական հետապնդումներում կարևոր դեր են խաղացել հսկիչ կազմակերպություններից (օրինակ՝ Ապահով համացանցի լիգայից կամ Ռուսաստանի վետերաններից) ստացվող «ահազանգերն ու բողոքները»։ Մարդկանց համար, որոնք երկար ժամանակ զբաղվել են Խորհրդային Միության կամ Ռուսաստանի ուսումնասիրությամբ, սա արևմտյան կործանարար ազդեցության թեմայի հետաքրքիր վարիացիաներից է։ Ուշ ստալինյան շրջանում համարվում էր, որ կապիտալիստական դեգրադացիայի և «կոսմոպոլիտիզմի» (որը հավանաբար հրեաներն են տարածում) պատճառով բարձր մշակույթում այնպիսի շեղումներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են աբստրակտ նկարչությունը կամ ատոնալ երաժշտությունը։ Թեև տեղեկություններ կան Ռուսաստանում հակասեմականության աճի մասին, Պուտինը կարծես խուսափում է նման ազդանշաններից։ Բայց սեռային և գենդերային հարցերին առնչվող նրա ուղերձները չափազանց հստակ են․ «Տղամարդը տղամարդ է, կինը՝ կին»։ Ուղղափառ եկեղեցին, Պետդուման և հանրության մեծամասնությունը՝ դատելով սոցհարցումներից, ի սրտե համաձայն են։

Մատնությունների ռուսական պրակտիկան ոնց որ թե հավատարիմ է մնացել ավանդական կանոնին, ըստ որի գործ տվողները հիմնականում պահպանողականներն են, նրանց թիրախը՝ լիբերալները։ Առաջ նույնը կարելի էր ասել նաև Ամերիկայի մասին, բայց այս դարի առաջին երկու տասնամյակներում, երբ մատնությունների հիմքում ամենից հաճախ սեռական կամ գենդերային հանցագործություններն էին, ամեն ինչ փոխվեց։ Հյուսիսային Դակոտայում անցկացված հարցումները վկայում են՝ դասախոսներին անպատշաճ խոսքի համար ամբաստանելուն ավելի կողմ են ուսանողները, որոնք ներկայանում են որպես «լիբերալ», քան նրանք, ովքեր իրենց «պահպանողական» են համարում։ 2020-ին սոցիոլոգ Շոն Սթիվենսը և նրա կոլեգաներն ուսումնասիրել են Ամերիկայում «կրթաթոշակների կասեցումները» և պարզել, որ Արևմտյան ակադեմիայում մատնությունները, որոնք հաճախ արվում են սոցցանցերում՝ գենդերային և սեռական հանցագործությունների հիմքով, հիմնականում գալիս են ձախերից։

Հիմա՝ արդեն Թրամփի օրոք, հակալիբերալները նախաձեռնողականությունը կրկին իրենց ձեռքն են վերցրել․ նրանք են մատնության հիմնական շարժիչ ուժը։ Լիբերալները հիմա հիշել են, որ սկզբունքային առարկություններ ունեին ընդդեմ այս երևույթի։ Նոր վարչակազմի օրոք մատնությունների հարցով լիբերալ կոնսենսուսը արտացոլված է վերնագրերում. «Թրամփն ուզում է, որ դուք գործ տաք ձեր կոլեգաների դեմ», «Թրամփը հենվում է մատնիչների ցանցի վրա»։ Միգրացիայի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE, ՄՄԾ) առցանց հարթակ ունի՝ անօրինական ներգաղթյալների և ենթադրյալ հանցավոր գործողությունների մասին հաղորդումներ ներկայացնելու համար։ Կրթության նախարարությունը ֆինանսավորում է անանուն զանգերի թեժ գիծը, որի միջոցով «ուսանողները, նրանց ծնողները, ուսուցիչները և ավելի լայն հանրությունը» կարող են մատնել դասախոսներին և կրթական հաստատություններին, որոնք «բազմազանություն, հավասարություն և ներառականություն են քարոզում»։ Թրամփի երդմնակալությունից քիչ անց Կադրերի կառավարման գրասենյակից հրահանգել են նամակներ ուղարկել Ներքին անվտանգության նախարարության, Վետերանների գործերով նախարարության, ՆԱՍԱ-ի և այլ գործակալությունների աշխատակիցներին՝ պահանջելով տասը օրվա ընթացքում նույնականացնել գործընկերներին, որոնք շարունակում են զբաղվել բազմազանության, հավասարության և ներառականության հարցերով. այսինքն՝ գործ տուր, թե չէ գործ կտան քո վրա։ Ապրիլին Առողջապահության նախարարությունը կոչ էր արել բուժաշխատողներին և լայն հասարակությանը ահազանգել բժիշկների մասին, որոնք գենդերազգայուն մոտեցում են ցուցաբերում երեխաների նկատմամբ։ Թեև սկզբում որոշակի անհարմարություններ կային բուժառուների անձնական տվյալների գաղտնիության հետ կապված, այժմ դրանք շրջանցում են՝ դասակարգելով գործ տվողներին որպես ազդարարներ։

Թրամփի վարչակազմի քարոզարշավը համալսարաններում «հակասեմականության» դեմ հենվում է կրկնակի մատնության վրա. ուսանողներին և դասախոսական կազմին խրախուսում են տեղեկություններ տրամադրել ենթադրյալ իրավախախտների մասին, իսկ համալսարաններից պահանջում են ոչ միայն գործողություններ ձեռնարկել, այլև զեկուցել Վաշինգտոնին։ Դասախոսները իրոք վախեցած են այս մատնություններից՝ պատմում է Ռաշիդ Խալիդին, որը վերջերս է հեռացել Կոլումբիայի համալսարանից։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանը նախատինքի է արժանացել Արդարադատության նախարարության կողմից, որը սովորականի պես սպառնացել է ծանր հետևանքներով, նախ՝ ստացված բողոքներին ընթացք չտալու, երկրորդ՝ դրանց մասին չզեկուցելու համար։

Make America Great Again (Հետ բերենք Մեծ Ամերկան) շարժման մարդիկ թեժ գծերով տրված հաղորդումների մասին չեն ասի «գործ տալ» կամ «ազդարարել»՝ դրանք լիբերալների բառերն են։ Moms for Liberty (Մամաները հանուն ազատության) ակտիվիստական խումբը գտել է MAGA-ին հարիր ձևակերպում. բազմազանության, հավասարության և ներառականության ջատագով ուսուցիչներին մատնելու կոչը նրանք նկարագրում են որպես «իշխանությունը վերադարձնել ծնողներին»։ Մատնության կոչերը հասարակ ամերիկացիներին մոբիլիզացնելու ձև են՝ ընդդեմ «խորքային պետության» և իրենց արհամարհող լիբերալ վերնախավի։ Հին ժամանակներում, երբ Ստալինը Մշակութային հեղափոխություն էր անում, սա կոչվում էր «զանգվածների մոբիլիզացիա» «բուրժուա-լիբերալ» էլիտաների դեմ․ օրինախախտներին նույնականացնելու, իշխանություններին հանձնելու, դատելու կամ աշխատանքից զրկելու գործում մատնությունները լրիվ նույն դերն էին խաղում։ MAGA-ն Թրամփի Մշակութային հեղափոխությունն է։

Մենք պետք է «2025 թվականը հայտարարենք գործ չտալու տարի»՝ հունվարին գրել էր ամերիկացի լեյբորիստ լրագրող Համիլթոն Նոլանը։ Համաձայն եմ։ Ես ավստրալացի լիբերալ եմ, ով դեռ կրտսեր դպրոցում ներքինացրել էր համոզմունքը, որ գործ տալն ամոթ է։ Բայց ես հասկանում եմ, ինչու MAGA-ի համակիրներն ունեն այլ մոտեցում։ Նրանց տեսանկյունից՝ «գործ տալը» լիբերալների նսեմացնող բառերից է, մինդեռ խոսքը ներքևից եկող ժողովրդավարության գործնական դրսևորման մասին է, որը պետք է ստիպի բյուրոկրատներին լինել ազնիվ և տեղը դնի «արթուն» ինտելիգենցիայի երեսպաշտներին։ Եվ եթե սա վնասում է կոռումպացված բյուրոկրատներին կամ կեղծավոր մտավորականներին, ուրեմն ավելի լավ՝ սա է հատուցման պահը։ Կամ, ինչպես կասեր Ստալինը, սա դասակարգային պատերազմ է։ Իսկ եթե սա դասակարգային պատերազմ է, գուցե ճիշտ կլինի, որ ես էլ մնամ իմ դասակարգին՝ լիբերալ էլիտային հավատարիմ և շարունակեմ գրեթե բոլոր հանգամանքներում ընդդիմանալ գործ տալուն։ 

Մի վայրկյան․ իսկ հակաթրամփական ուժերը հակագրոհ չպիտի անե՞ն։ Երևի հենց սրանով էին դեմոկրատները հիմնավորում Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովում ընդունված որոշումը՝ ստեղծել սեփական թեժ գիծը, որով հաղորդումներ կներկայացվեն «Թրամփի վարչակազմի օրոք հնարավոր անօրինությունների» մասին։ Փետրվարին արված հայտարարության մեջ նշվում էր՝ «ազդարարները կարևոր դեր են խաղում, օգնելով Կոնգրեսին իրականացնել վերահսկողության իր սահմանադրական պարտականությունները», և կոչ էր արվում հաղորդել վարչակազմի կողմից «իշխանության չարաշահման և դաշնային աշխատողների նկատմամբ սպառնալիքների» մասին։ Fox News-ը սա նկարագրել էր որպես [դեմոկրատ սենատոր] Չակ Շումերի «թեժ գիծը՝ գործարկված խորքային պետության կողմից հատուկ այն մատնիչների համար, որոնք ուզում են ծախել Թրամփին»։ Մի խոսքով՝ դեմոկրտաները կրակին կրակով են պատասխանում, գործ տալուն՝ գործ տալով։ Եվ կից ձևաթուղթը կարող է լրացվել անանուն։

Շեյլա Ֆիցպատրիկ

անգլերեն բնագիրրը՝ London Review of Books