Home / Հայաստան / Հայ բարեփոխիչը Կրեմլում. հարցազրույց Պիետրո Շաքարյանի հետ

Հայ բարեփոխիչը Կրեմլում. հարցազրույց Պիետրո Շաքարյանի հետ

Պատմաբան Պիետրո Շաքարյանի մենագրությունը՝ Anastas Mikoyan: An Armenian Reformer in Khrushchev’s Kremlin (Անաստաս Միկոյան․ Հայ բարեփոխիչը Խրուշչովի Կրեմլում) լույս է տեսել 2025-ի ամռանը։ Գրքի երևանյան շնորհանդեսը հուլիսի 31-ին էր՝ Ին Վինո սրճարանում։ Epress.am-ի խնդրանքով հեղինակից հարցազրույց է վերցրել Reimagining Soviet Georgia (Վերապատկերացնելով Խորհրդային Վրաստանը) փոդքասթի համահեղինակ, պատմաբան Բրայան Ջիգանտինոն։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը հրապարակում ենք ստորև․ 

Ջիգանտինո․ — Առաջին հարցը, որ կուզեի տալ ձեզ՝ ինչո՞ւ է Միկոյանի 1954 թվականի երևանյան ելույթն այդքան կարևոր։

Շաքարյան․ — 1954 թվականի ելույթը մաս էր կազմում Խորհրդային Միությունում ծավալվող ավելի լայն պրոցեսի, որը պատմաբան Նենսի Ադլերն անվանում է լուռ դեստալինիզացիա։ Մի բան, որ սկսվել է նախքան 1956 թվականի՝ ԽՄ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը, և նախադրյալներ է ստեղծել թե՛ [Նիկիտա] Խրուշչովի հայտնի զեկույցի, թե՛ Ստալինի անձի պաշտամունքի դատապարտման համար։

Քաղբանտարկյալների ռեաբիլիտացիան էլ է ավելի շուտ սկսվել։ Պատմաբանները քննարկում են` [Լավրենտի] Բերիան բարեփոխիչ էր արդյո՞ք, թե՞ ոչ։ Բերիան, ինչպես գիտենք, 1953-ին հայտարարել է համընդհանուր համաներում, և հազարավոր մարդիկ են վերադարձել աքսորից։ Բայց դատապարտյալների որևէ տարբերակում այդ ժամանակ չի արվել․ ազատվել են թե՛ սովորական հանցագործները, թե՛ քաղաքական բանտարկյալները։ 

1954-1955 թվականներին այդ տարբերակումը դարձել է իսկապես կարևոր։ Արդեն 1953-ին՝ Բերիայի ձերբակալությունից և մահապատժից հետո, Միկոյանը վերականգման խնդրագրեր էր ստանում Ստալինյան բռնաճնշումների զոհերի հարազատներից։ 1954-ի փետրվարին նա որոշեց, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել․ ցույց տալ նրանց, ովքեր ռեաբիլիտացիա են պահանջում իրենց հարազատների համար, որ պետությունն այլևս բաց է այդ գործընթացի նկատմամբ։ Հաշվի առեք նաև, որ Միկոյանին գրողներից շատերը կովկասյան բոլշևիկների նրա հին շրջապատից էին։

Ուստի, երբ Միկոյանը եկավ Երևան և հիշատակեց [Եղիշե] Չարենցի անունը, իսկ Չարենցի մասին գիտեին Կովկասի բոլշևիկներից և կոմունիստներից շատ-շատերը, դա ընկալվեց որպես ազդանշան՝ պետությունը պատրաստ է ռեաբիլիտացիաների։ Դա որոշակի հող նախապատրաստեց այդպիսի դեստալինիզացիայի համար։ 

Ես փաստաթղթեր եմ գտել Հայաստանի և Ռուսաստանի արխիվներում, որոնք վկայում են՝ Միկոյանի ելույթից մեկ շաբաթ անց արդեն կար ռեաբլիտացիայի հանձնախումբ, որը պաշտոնապես կոչվում էր Վերանայման հանձնաժողով։ Նախատեսվում էր մեծ թվով նամակներ ստանալ բռնաճնշվածների հարազատներից (մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունից), և հանձնաժողովը պետք է զբաղվեր այդ նամակներով։ Միկոյանն ակտիվորեն ներգրավված էր հանձնաժողովի աշխատանքներում և կապի մեջ էր, օրինակ, Անտոն Քոչինյանի հետ։

Վերադառնալով ձեր հարցին, թե ինչու էր Միկոյանի ելույթը այդքան կարևոր։

Նախ՝ որովհետև ավետեց դեստալինիզացիայի սկիզբը Խորհրդային Հայաստանում, բայց նաև որովհետև նպաստեց դեստալինիզացիայի ավելի լայն, համամիութենական պրոցեսին։ Միկոյանը դուռ բացեց նախկին քաղբանտարկյալների համար, օրինակ՝ Օլգա Շատունովսկայայի և Ալեքսեյ Սնեգովի, որոնք ներդրում են ունեցել նաև դեստալինիզացիայի գործընթացում՝ խրախուսելով Խրուշչովին խոսել Ստալինի պաշտամունքից հրաժարվելու մասին 20-րդ կուսակցական համագումարում։ Սա հաստատել է նաև Խրուշչովի որդին՝ Սերգեյը, ում հետ ես հարցազրույց եմ արել Քրենսթոնում, Ռոդ Այլենդ։ Սնեգովը հորդորել է Խրուշչովին դատապարտել Ստալինին 20-րդ համաժողովի ժամանակ՝ պնդելով, որ եթե Ստալինը գահընկեց չարվի, Խրուշչովը կհամարվի նրա մեղսակիցը։

Դեստալինիզացիայի այս վաղ փուլում մեծ դեր է խաղացել նաև Լև Շահումյանը՝ Ստեփան Շահումյանի որդին։ Նրա բնակարանում նախկին քաղբանտարկյալները հանդիպում էին Միկոյանի հետ և պատմում Գուլագի սարսափների, քաղաքական հետապնդումների բոլոր մանրամասների մասին։ 

Հետաքրքիր է նաև, որ չնայած Միկոյանն ու Խրուշչովը տեղյակ էին բռնաճնշումներից, նրանք իրականում չգիտեին, թե ինչ էր կատարվում քաղբանտարկյակների հետ։ Միկոյանի ու Խրուշչովի համար սա նաև բացահայտումների շրջան էր 1956-ի կուսակցական համագումարին ընդառաջ։

Կրկնեմ՝ Միկոյանի երևանյան ելույթը 20-րդ ԽՄԿԿ համագումարից երկու տարի առաջ էր։ Եվ դա, ի թիվս այլ բաների, ցույց է տալիս, թե ինչ կարևոր դեր է խաղացել Հայաստանը դեստալինիզացիայի համար հող նախապատրաստելու հարցում։ Այս առումով իմ աշխատանքը տեղավորվում է նաև ռուսագիտության և խորհրդային պատմության նոր թրենդի մեջ, այն է՝ ապակենտրոնացնել պատմությունը, ցույց տալ՝ ինչպես էին Խորհրդային Միության այլ երկրները ներգրավված համամիութենական գործընթացներում։

photo_2025-09-02_13-41-59
քաղվածքներ գրքից / լուսանկարները՝ Անաստասիա Կարկոցկայայի

Ջիգանտինո․ — Բանախոսության ժամանակ ասացիք, որ Միկոյանի հետ կապված շատ տարընթերցումներ կան, և կա կարծիք, իբրև թե նա կապ չի ունեցել Հայաստանի հետ կամ հրաժարվել է իր հայկական ինքնությունից։

Շաքարյան․ — Ասեմ ուղիղ՝ նույնիսկ ես ունեի այդ ենթադրությունը, երբ սկսում էի այս հետազոտությունը։ Ենթադրում էի, որ նա հեռու էր Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերից և զբաղվում էր Մոսկվայի գործերով։ Այն, ինչ գտա ռուսական և հայկական արխիվներում, կամ հայ պաշտոնյաների, օրինակ՝ Անտոն Քոչինյանի,հուշագրություններում շատ հետաքրքիր էր։

Մոտ տասը տարի առաջ Միկոյանի արձանը տեղադրելու նախաձեռնության առիթով Հայաստանում մեծ բանավեճ սկսվեց նրա ժառանգության շուրջ։ Զարմանալին այն էր, որ այդ քննարկումներում նույնիսկ չէին հիշատակվում հրապարակված մեմուարները, օրինակ՝ Անտոն Քոչինյանի կամ Եղիշե Ասծատրյանի հուշագրությունները, որոնցում առանձին գլուխներ կան՝ նվիրված Միկոյանին որպես Խորհրդային Հայաստանի մեծ պաշտպանի։ 

Կար երկու կողմ․ մեկը խոսում էր Միկոյանի դերի մասին ստալինյան բռնաճնշումներում, մյուսը՝ միջազգային դիվանագիտության մեջ։ Բայց ոչ ոք չէր խոսում դեստալինիզացիայի մասին, որում նա մեծ ներդրում է ունեցել և որը ծայրահեղ կարևոր էր ոչ միայն համախորհրդային պատմության, այլև հենց Հայաստանի համար։ Դա մի բան էր, որը սկիզբ դրեց Ձնհալին Հայաստանի Հանրապետությունում և հանգեցրեց 1965 թվականի երևանյան ցույցերին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով, և 1988-ից սկսված Արցախյան/Ղարաբաղյան շարժմանը։

Այդ շարժումը ժողովրդավարության, հայերի ինքնորոշման իրավունքի մասին էր, ոչ թե ազգային բանակի կամ տարածքային հավակնությունների։ Այսօր էլ շատերն արևմուտքում խոսում են Ղարաբաղյան շարժման մասին որպես ազգայնական շարժում։ Ազգային կամ ազգայնական կոմպոնենտ կար, այո, բայց միայն դա չէր։ Կարելի է նույնիսկ ասել, որ ֆունդամենտալ առումով այն հիմնվում էր սոցիալիստական ժողովրդավարության հենց խորհրդային արժեքների վրա՝ ինչպիսին պիտի լիներ Խորհրդային Միությունը, բայց չէր 1984-1985-ի դրությամբ։ Ի վերջո, եթե Խորհրդային Միությունում կա իրական սոցիալիզմ և իրական ժողովրդավարություն, ուրեմն այս մարդիկ պետք է ունենան իրավունք ինքնուրույն որոշելու իրենց ապագան։ Նրանք չպետք է իրենց կամքին հակառակ մասը լինեն մի հանրապետության, որը խտրական է նրանց նկատմամբ, որը վատ է վերաբերվում նրանց և այլն։ Այս ողջ պրոցեսը, որը տարավ մեզ ի վերջո դեպի Ղարաբաղյան շարժում, իսկ մինչ այդ՝ դեպի 1965-ի ցույցեր, սկսվել է հենց 1954-ի Միկոյանի ելույթից։ Եվ այո, ես ինքս էլ զարմացած էի Հայաստանին առնչվող հարցերում նրա ներգրավվածության մակարդակից։

Միկոյանին վերաբերող նյութերի մեծ մասը (և այդ փաստաթղթերից շատերը հայերեն են) պահվում են ռուսական արխիվներում․ սա գուցե պատճառներից մեկն է, որ նրա կենսագրությունը թերուսումնասիրված է Հայաստանում և որ այդքան շատ են թյուրըմբռնումները։ Բայց կա նաև հետաքրքրվածության պակաս։ Ո՞ր թեմաներն են Խորհրդային Միության փլուզումից հետո դարձել պոպուլյար հայ հետազոտողների շրջանում։ Անշուշտ՝ Առաջին Հանրապետությունը, Հայոց Ցեղասպանությունը, Ղարաբաղյան հարցը։ Պատճառները հասկանալի են։ Բայց անձամբ ես կարծում եմ, որ, օրինակ, Առաջին Հանրապետությունը չափից շատ է ուսումնասիրվել, մինչդեռ խորհրդային անցյալը՝ չափից քիչ, չնայած այն հսկայական նշանակություն ունի այսօրվա Հայաստանի համար։ Երևանը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա, առանց խորհրդային անցյալի և նույնիսկ առանց հենց Միկոյանի։

photo_2025-09-02_16-16-02

photo_2025-09-02_16-19-24
շնորհանդես Ին Վինոյում/ ձախ լուսանկարները՝ Անաստասիա Կարկոցկայայի, աջերը՝ Պիետրո Շաքարյանի FB էջից

Ջիգանտինո․ — Հնարավոր չէ ուսումնասիրել Խորհրդային Միությունն առանց ազգային հարցին, ազգային քաղաքականություններին նայելու։ Արևմուտքում և Արևմուտքից դուրս շատ պատմաբաններ են գրել այս մասին։ Ինչպե՞ս է Միկոյանի մասին ձեր հետազոտությունը և առհասարակ Միկոյանի պատմությունը կապվում կամ լույս սփռում ազգությունների հարցի, Խորհրդային Միությունում տարբեր ազգությունների միջև հարաբերությունների և այդ ազգությունների զարգացման ասպեկտների վրա։

Շաքարյան․ — Սա հետաքրքիր հարց է, քանի որ բացահայտում է, թե ինչպես են արևմուտքում մեկնաբանում խորհրդային ազգային քաղաքականությունը․ արևմտյան պատմագրության մեջ, համենայն դեպս նախքան իմ գրքի հրատարակությունը, գերակայող նարատիվն այն էր, որ Խրուշչովի ժամանակ Խորհրդային Միությունը ազգությունների նկատմամբ որդեգրել էր ասիմիլացման քաղաքականություն և որ Խրուշչովը այդ մասին հայտարարել է 22-րդ կուսակցական համաժողովում 1961 թվականին։

Կարճ ասած՝ ազգային քաղաքականության մասին նրա ելութը տարընթերցվել է և սխալ մեկնաբանվել Արևմուտքում։ Այն ներկայացվել է որպես ձուլման քաղաքականություն, իբրև թե Խրուշչովի օրոք առաջ էր մղվում ազգերի ձուլման հայեցակարգը։ Սա միանգամայն սխալ մեկնաբանություն է, նրա ասածների թյուր ընկալում։ Քանի որ իրականում նա շեշտում էր մերձեցման (сближение) անհրաժեշտությունը՝ ձուլման (слияние) փոխարեն։

Սա հատկապես կարևոր է, երբ խոսում ենք Միկոյանի դերի մասին։ Երբ նայում ենք ԽՄԿԿ-ի երրորդ կուսակցական ծրագրին… ես ապշել էի՝ թե որքան է ազգային ռազմավարության լեզուն հիշեցնում Միկոյանի ելույթը Երևանում 1954-ին։

Քիչ առաջ ես խոսում էի ռեաբիլիտացիայի կոնտեքստում Միկոյանի ելույթի կարևորության մասին, բայց այն զգալի ազդեցություն է ունեցել նաև խրուշչովյան շրջանի ազգային քաղաքականության ձևավորման վրա։ Միկոյանն ասում էր՝ մենք պետք է ավելի զգայուն լինենք ազգերի հարցում, պետք է դիմադրենք ազգային շովինիզմին, բայց պետք է դիմադրենք նաև ազգային նիհիլիզմին, պետք է ընդդիմանանք ազգային մշակույթների հանդեպ անտարբերությանը։ Ազգային նիհիլիզմ թույլ չտալու գաղափարը հետագայում արտահայտվեց երրորդ կուսակցական ծրագրի ազգային հարթակում։

Ես սկսեցի աշխատել արխիվներում, կարդալ Միկոյանի մեկնաբանությունները երրորդ կուսակցական ծրագրի վերաբերյալ և հայտնաբերեցի, որ այդ ծրագրի սկզբնական լեզուն շատ ավելի ասիմիլացիոնիստական էր։ Խրուշչովն ուներ այլ՝ ավելի ուտոպիստական մոտեցում, և ուզում էր հասնել կոմունիզմին միանգամից․ նա կարծում էր, որ ազգային տարբերություններն այլևս կարևոր չեն։ Միկոյանն ասում էր՝ ոչ։ Հենց նա է ջնջել ձուլում (слияние) բառը պարունակող բոլոր դրույթները և փոխարենը ներմուծել մերձեցման (сбилижение) գաղափարը։

photo_2025-09-02_13-24-13
քաղվածքներ գրքից / լուսանկարները՝ Անաստասիա Կարկոցկայայի

Մերձեցման նրա քաղաքականության հիմքում ժողովուրդների կամովի միավորումն էր, որում հարգվում են նաև ազգային տարբերությունները։ Միկոյանը (և սա իսկապես հետաքրքիր է) դեմ էր խորհրդային ազգային քաղաքականությունը «տարածքային» սահմանելու գաղափարին։ Ազգային քաղաքականությունը, նրա մոտեցման համաձայն, պետք է հիմնվեր անհատական իրավունքների վրա։ Սա ապշեցուցիչ է արևմուտքցի հետազոտողի աչքերում։ Արևմուտքից նայողի համար սա, օրինակ, Կրասնոդարում կամ Մոսկվայում ապրող հայերի, կամ Լենինգրադում ապրող վրացիների, կամ Օդեսայում ապրող հրեաների, կամ Ռիգայում ապրող ռուսների անհատական իրավունքների մասին է․ անկախ նրանից, թե Խորհրդային Միության որ կետում ես դու ապրում, քեզ վերապահվում են որոշակի իրավունքներ որպես ազգություն՝ մայրենի լեզվով ազատ խոսելու իրավունք, մշակույթը պահպանելու իրավունք և այլն։ Ի վերջո սա հանգեցրեց մեծ սահմանադրական փոփոխությունների, որոնք նախաձեռնվել են հենց Խրուշչովի օրոք՝ 60-ականներին։

Արևմուտքում տարածված այդ պատկերացումը, թե Խրուշչովը ձգտում էր ասիմիլացնել փոքր ազգերին, սկիզբ է առել Ռոբերտ Քոնքուեսթից՝ նույն 60-ականներին։ Արևմտյան այլ հետազոտողներ հաստատում էին Քոնքուեսթի տեսությունը՝ օրինակ բերելով 1958-ի կրթական ռեֆորմը կամ Լատվիայում ազգային կոմունիստների պարտությունը։ Իրականում թե՛ լատվիական կոմունիստների, թե՛ Ադրբեջանի ԿԿ կենտկոմի քարտուղար [Իմամ] Մուստաֆաևի պարագայում, խոսքն ավելի շուտ որոշակի առուծախի մասին է․ [Ռոնալդ Գրիգոր] Սյունին և [Վալերի] Կիվելսոնը նկարագրում էին դա որպես կենտրոնի և հանրապետությունների միջև պարանը ձգելու պրոցես, որի միջոցով ճշտվում կամ հստակեցվում էին թույլատրելիի սահմանները։ Բայց մենք տեսնում ենք, որ 1960-ականների բարեփոխումները, կուսակցական նոր ծրագիրը և սահմանադրական փոփոխությունների փորձը ասիմիլացիան մերժելո՛ւ մասին էին և ո՛չ հակառակը։