Աշխատանքը և կյանքը
Հաճախ ենք գովասանքի խոսքեր լսում Իտալիայի Սահմանադրության մասին, որ իր հիմքում դրել է աշխատանքը։ Ոչ միայն տերմինի ստուգաբանությունը (աշխատանք՝ labor, լատիներեն նշանակում է ցավատանջ պատիժ, տառապանք), բայցև դրա կիրառումը որպես համակենտրոնացման ճամբարների խորհրդանիշ («Աշխատանքը ազատագրում է մարդուն»՝ գրված էր Աուշվիցի դարպասներին) պիտի որ հետ պահեին մեզ նման անխոհեմ դրական մեկնությունից։
Ծննդոցի էջերից, որտեղ աշխատանքը ներկայացվում է որպես պատիժ Ադամի մեղքի համար, մինչև «Գերմանական գաղափարախոսության» առավել հաճախ մեջբերվող հատվածը, որտեղ Մարքսը հռչակում է, որ կոմունիստական հասարակությունում աշխատելու փոխարեն հնարավոր կլինի «այսօր անել մեկ բան, վաղը՝ մեկ այլ բան, առավոտյան որսի գնալ, կեսօրից հետո ձուկ բռնել, երեկոյան զբաղվել անասնապահությամբ, ընթրիքից հետո՝ քննադատությամբ, ինչպես սիրտդ ուզի», աշխատանքի նկատմամբ առողջ անվստահությունը մեր մշակութային ավանդույթի անբաժանելի մասն է։
Բայց կա մեկ այլ՝ ավելի լուրջ ու խորը պատճառ, որ պետք է հետ պահի մեզ աշխատանքը հասարակության հիմքում դնելուց։ Այն գալիս է գիտությունից, մասնավորապես՝ ֆիզիկայից, որը սահմանում է աշխատանքը որպես ուժ, որն ազդում է մարմնի վրա՝ այն շարժելու նպատակով։
Այսկերպ սահմանված աշխատանքին է առնչվում Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը։ Համաձայն այդ սկզբունքի, որը, թերևս, կարելի է համարել վառ արտահայտում վեհ հոռետեսության՝ դուրս բերված իսկական գիտությամբ, էներգիան անդարձելիորեն ձգտում է նվազման, մինչդեռ էնտրոպիան, որն արտահայտում է էներգահամակարգի անկարգությունը՝ նույնքան անդարձելիորեն ձգտում է աճման։ Որքան շատ աշխատանք ենք մենք արտադրում, այնքան շատ անկարգություն և էնտրոպիա է անդառնալիորեն աճում Տիեզերքում։
Ուստի, հիմնել հասարակությունը աշխատանքի վրա նշանակում է վերջիվերջո նվիրել այն ոչ թե կարգին և կյանքին, այլ անկարգությանն ու մահվան։ Եվ հակառակը՝ առողջ հասարակությունը պետք է մտածի ոչ միայն այն մասին, թե ինչպես են մարդիկ աշխատում և արտադրում էնտրոպիա, այլ նաև ինչպես են նրանք պարապ մնում և ուղղակի դիտարկում՝ արտադրելով այն բացասական էնտորպիան, առանց որի կյանքն անհնարին կլիներ։
Ջիորջիո Ագամբեն
24 դեկտեմբեր 2024
իտալերեն բնագիրը՝ Quodlibet