Հիմա ընթանում են բանավեճեր կրկին Ուրարտուի, Աղվանքի, 7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ։
Հայկական մամուլը, հանրային պատմաբանները պայքարում են առաջին հերթին այն պատկերացման դեմ, որ Ղարաբաղը Աղվանական է, ավելի ճշգրիտ՝ հայերը եկվոր են, ադրբեջանցիները լինելով աղվանների ուղիղ հետնորդներ բնիկ են։ Համանման, որոշ հայաստանցի պատմաբաններ պնդում են, որ հայերը, լինելով Որարտուի ուղիղ հետնորդները, բնիկ են։ Բայց մինչ այդ Ղափանցյանի տեսությունն է, որ հայերը Հայասայի հետնորդն են։ Սա Ստալինի տեսությունն էր։ Մինչ այդ հայ և դրսի պատմաբաններ այն միահամուռ կարծիքին էին, որ հայերը եկել են Բալկաններից։ Այն դեռևս գերիշխող գիտական տեսակետ է։
Ադրբեջանցիները լինելով աղվանների ուղիղ հետնորդներ՝ բնիկ են։ Սա ստալինիզմի կարկառուն գործիչ Միր Ջաֆար Բաղիրովի տեսությունն է։ Լինելով ինժիներ, կրթված մարդ, նա նողկանք էր զգում իր թուրքական ծագումից։ Բաղիրովը արգելեց օղուզական Դեդե Կորկուտ էպոսը, որը պատմում է, թե ինչպես են կարա կոյունլու ցեղերը հաաստատվել Հայաստանում։ Բովանդակությունը պարզ է․ եկել են ու ոչնչացրել տեղի քրիստոնեա բնակչությունը։ Լավ գովազդ չէ սոցիալիստական Ադրբեջանի համար։
Բայց, արդեն ասել եմ, բնիկության գաղափարը Ստալինի ազգային տեսության արտահայտությունն էր։ Այդ տեսությամբ կառավարվում էր Խորհրդային Միությունը մինչև իր փլուզումը։ Ըստ այդ տեսության, կա բնիկ ազգ, օրինակ՝ ազերիները Ադրբեջանում, կամ՝ վրացիները Վրաստանում և այլն։ Իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ բնիկ ազգին։ Վարվում էր արմատականացման՝ «կորենիզացիայի» քաղաքականություն, իշխանությունը պետք է անցնի «բնիկներին», նրանց կադրերին։
Այսպես ստեղծվում էին «փոքրիկ իմպերիաներ»։ Աբխազները բնիկ չեն Վրաստանում, հայերը՝ ադրբեջանում, ռուսները՝ Ուկրաինայում և այլն։
Այսպիսով ստալինյան պատմագրությունը ոչ թե բնիկ ազգի պատմություն է, այլ ազգի բնիկության պատմություն։
Ստալինի կյանքի վերջին տարիներին պատմական գիտությանը առնչվող մի շարք քարոզարշավներ անցան։ Սկսենք «բուրժուական օբյեկտիվիզմի» դեմ պայքարից։ 7-րդ դասարանի պատմության դասագրքը վատն է, որովհետև հեղինակը այն փորձել է գրել «բուրժուական օբյեկտիվիզմի» սկզբունքներով։ Ըստ մեր պատմաբանների չկա «օբյեկտիվիզմ», այն կամ հայասիրական է, կամ՝ ծառայում է թուրքական շահերին։ Այստեղից այն վայնասունը, որ բարձրացրել են ստալինյան պատմափիլիսոփայության հետևորդ ճիվաղները։
Հայաստանի պատմական գիտությունների համար շատ կարևոր էր սովետական հայրենասիրության համար բանավեճը։ Խորհրդային իշխանության առաջին փուլում համարվում էր, որ ռուսական ցարիզմը «ժողովուրդների բանտ» է և «Եվրոպայի ժանդարմ»։ Երկրորդ փուլում՝ 1934-1948 թթ․, որ այն եղել է «չարյաց փոքրագույնը», հետո՝ որ Ռուսաստանը փրկարար դեր է ունեցել։ Սա հայաստանյան ստալինիստ պատմաբանների գաղափարական երկրորդ սյունն է։
Երրորդ կարևոր քարոզարշավը «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարն է»։ Արևմտյան գիտությունը չի ընդունում ռուսների և ռուսաստանում բնակվող ժողովուրդների ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Գնացքը, օդապարիկը, էլեկտրական լամպան, ռադիոն ․․․ էլի շատ բաներ ռուսներն են հնարել։ Դրախտը Հայաստանում է, Նոյը իջել է Արարատի գագաթին, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեություն, Նարեկացուց ավելի մեծ հանճար չկա ․․․ և այլն։ Մեր ժամանակակից հայաստանյան պատմագրությունը «պայքարելով կոսմոպոլիտիզմի դեմ» լծված է այս անմտությունների գովազդին։ Սա նեոստալինական ճիվաղների երրորդ գաղափարական հիմքն է։
Վարդան Ջալոյան