Home / Մեդիա / Դեպի խավարը

Դեպի խավարը

Ի վերջո, այն, ինչով մեր ժամանակն արդարացիորեն հպարտանում է, այսինքն՝ իր պատմական փորձով, ես այստեղ հայտարարում եմ չարիք, թերություն, թերություն, քանի որ վստահորեն ասում եմ, որ մենք բոլորս տառապում ենք հյուծող պատմական տենդով և պետք է գոնե խոստովանենք՝ մենք տառապում ենք։

Ֆրիդրիխ Նիցշե

Մեր ժամանակները չեն կարող չանհանգստացնել՝ կրոնական և հիբրիդային պատերազմներ, համավարակ, պետական հսկողության և գրաքննության աճ։ Եվրոպական անվտանգությանը մեծ հարված էր ռուս-ուկրանիական պատերազմը։ Հայաստան-Ադրբեջան բախումը ցույց տվեց, որ կարող են խախտվել ցանկացած միջազգային նորմեր։ Աշխարհը դառնում է վտանգավոր, և ապագան դառնում է անորոշ։

Մենք կարծում ենք, որ գիտենք, թե ինչ է կատարվում մեր ժամանակներում։ Բայց ներկան միայն լրահոսը չէ, ներկան նաև անցյալը և ապագան են։ Պատկերացրեք, որ ձեր շուրջ խավար է, և տեսնում եք միայն մոտիկ իրերը։ Բայց խավար ասում ենք ոչ միայն տարածության մասին․ հաճախ չենք տեսնում մոտիկ անցյալը, իսկ ապագան չի երևում։ Ժամանակը իր խավարը ունի։ Ո՞ւր նայել ․․․

Ի՞նչ գիտենք խավարի մասին։ Մենք գիտենք, որ կա Ողջ Աշխարհը, իսկ ողջ աշխարհը երկու մաս ունի՝ լույսը և խավարը։ Հրեական միֆը ասում է՝ Եհովան, երբ ստեղծեց աշխարհը, առաջինը բաժանեց լույսը խավարից․ «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ: Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ: Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին»:

Այս հատվածը շատ միստիկների է գրավել, այն նման չէ պարզ արարչության՝ Աստված ստեղծեց «երկինքն ու երկիրը»։ Շփոթեցնողը խավարի առաջնությունն է լույսի հանդեպ։ Եվ որ խավարը կոչվեց գիշեր։ Խավարը իր մեջ լույս ունի, և նախնական խավարը թաքնվեց գիշերվա մեջ։ Բոլորս էլ զգում ենք, որ գիշերը ավելի խորհրդավոր է, քան ցերեկը, ու լինում է նույնիսկ ավելի լուսավոր։

Հավանաբար, տեղին է հիշել Նովալիսի «Հիմներ գիշերվան» բանաստեղծական շարքը (թարգ․՝ Հակոբ Մովսեսի)․

«Ես հայացքս շրջում եմ ներքև՝ դեպի սրբազան, անասելի, խորհրդավոր Գիշերը: Հեռվում աշխարհն է հանգչում խորունկ գերեզմանում սուզված,- ամայի, անբնակ եզերք: Կրծքի լարերին խոր մի տրտմություն է դողում: Ցողի կաթիլներով ես ուզում եմ իջնել և խառնվել մոխրին»:

Կամ այսպես․

«Ի՞նչ է կրծքի ներքո բխում այսպես վրեժխնդիր և կուլ տալիս քնքուշ օդը տրտմության: Նաև դու ես հանգչում մեզ մոտ, խավար գիշեր: Դու ի՞նչ ես պահում թիկնոցիդ տակ, որ անտես զորությամբ հուզում է հոգիս: Թանկ բալասանն է կաթկթում քո ձեռքից, կակաչի փնջից: Դու հոգու ծանր թևերն ես պարզում»:

Նովալիսի վրա առանձնապես նշանակալի է մեծ միստիկ Յակոբ Բյոմեի (1575-1624) ազդեցությունը. նրա երկերը բանաստեղծը ուսումնասիրում է 1800 թ.-ին։ Համառոտ՝ Յակոբ Բյոմեի համար հիմնարար է Ungrund հասկացությունը։ Ըստ Բյոմեի՝ Ունգրունդը բոլոր գոյության սահմաններից դուրս բացարձակն է, սկզբունք, որը նախորդում է հենց գոյությանը, որը նա արտադրում է բացառապես անհատույց և պատահական ձևով. նա անգիտակցական և մութ ոչինչն է, որը ծնում է այն ամենը, ինչ նա ազատորեն ցանկանում է տեսնել հայտնված:

Ungrund տերմինն ինքնին նշանակում է աստվածության անիմանալի խավարը և բացարձակ դատարկությունը, որից բխում է արարչագործության լույսը: Չգոյության յուրահատկությունն այն է, որ նրան պակասում է այն ամենը, ինչին ձգտում է լինել, և գոյության ցանկության արմատն այնուհետև բողբոջում է նրա հատակում։ Այդ արմատը բոցավառվում է կայծի նման, որից գոյանում է էակը՝ ոչնչից, իսկ լույսը՝ խավարից։

Ալեքսանդր Բլոկի մոտ կան այսպիսի տողեր․

Օ, այդ առկայծող գիշերում խաղաղ
Նույնչափ գեղեցիկ կլինես նորից
Եվ հավատարիմ դրախտին խավար
Պայծառ աստղի պես կփայլես վերից:

(թրգ․ Հովիկ Չարխչյանի)

Այսպես ասացին բանաստեղծները։

Մեր ժամանակների համար փիլիսոփա Մարտին Հայդեգերը ասել է․ «Աշխարհի գիշերը տարածում է իր խավարը»։ Խավար է, երբ չենք կարող իմանալ, երբ կսկսվի նոր համավարակ կամ նոր ռազմական բախում։ Կարծես խավարի միջից՝ «աշխարհի խավարից», դուրս են գալիս նորանոր հրեշներ։

Խավարը ․․․ այն ծնվում է մեզ համակած վախից, խավարը ծնում է վախ, վախը ծնում է խավար։ Գիտակցությունը սեղմվում է, վտանգը մեզ կարծես նետում է մեր իսկական գոյությունից դեն, մենք մոռանում ենք իրապես ովքեր ենք, մեր էությունը մթնում է, մեզ լույսից նետել են խավարի մեջ։

Վախը էլի մի հատկություն ունի․ այն չեղարկում է ապագան, կարևորը այն ինչ հիմա է։ Իշխող ցանկությունը վտանգից խուսափելն է, փախչելու ազդակը իշխում է մթագնված գիտակցության վրա։ Վախը, ըստ Արիստոտելի, ճնշվածություն է և շփոթվածություն։ Վախը մեզ թույլ չի տալիս գործել, կամ գործում ենք շփոթված, անում ենք ինչ պատահի, պահի ազդեցության տակ։ Վախը թույլ չի տալիս տեսնել ո՛չ մոտիկ անցյալը, ո՛չ մոտիկ ապագան։ Խավարը՝ երբ մեր աչքերում մթնում է, այլ ոչ թե՝ երբ գիշեր է։

Երբ վախը վերաճում է խուճապի, անցյալի և ապագայի մասին պատկերացումներն առավել են աղավաղվում, նույնիսկ ամենամոտիկ անցյալը մոռացվում է, ապագան գերվում է հեքիաթային, անհնարին, ֆանտաստիկ պատկերացումներով։ Վախը վախենում է իրականից, այն համարյա չի գիտակցվում։

Ժամանակակից փիլիսոփա Ջորջո Ագամբենը գրում է (Ջորջո Ագամբեն. «Ի՞նչ է ժամանակակիցը»)․ «Ժամանակակից բանաստեղծը պետք է ուշադիր նայի իր ժամանակին: Բայց ի՞նչ է տեսնում իր ժամանակի խենթ ժպիտը տեսնողը։

Եվ այստեղ ես կցանկանայի ձեզ առաջարկել արդիականության մեկ այլ սահմանում. ժամանակակիցը նա է, ով ուշադիր նայում է իր ժամանակին, որպեսզի այնտեղ տեսնի ոչ թե լույս, այլ՝ խավար»:

Գուցե՞ հենց այդ պատճառով Վահան Տերյանը իր ժամանակի վկան է․

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

Կամ Եղիշե Չարենցը՝ ստալինյան ժամանակների վկան․

Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են։
Անտես փսփսում են — ու սիրտս լսում է։
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը—
Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը…

Ջորջո Ագամբենի համար պոետի կամ փիլիսոփայի վկայությունը իր ժամանակների համար դա վկայությունն է դարի խավարի մասին․ «Ժամանակակից կարելի է անվանել միայն նրան, ով չի թողնում, որ դարի լույսն իրեն կուրացնի, նրան, ով կարողանում է դարի մեջ տեսնել ճակատագրի մութ կողմը, նրա ներքին խավարը»։

Բայց ինչո՞ւ հենց խավարը, որ անթափանց է, միթե՞ դրականը ավելի կարևոր չէ կյանքի համար։ Միթե՞ ավելի հավասարակշռված չէ քաղաքագետի, հասարակագետի, հոգեբանի կամ լրագրողի հայացքը, որ հասարակական կեցության մեջ ներկայացնում է և՛ բացասական, և՛ դրական երևույթները։ Տարբերությունը ժամանակային հորիզոնի, ընդգրկման մեջ է՝ մասնակիի և ամբողջի։

Ու նաև ժամանակակից նա է, ով վերաբերվում է իր դարի խավարին, որպես խնդիր՝ ուղղված հենց իրեն։ Ջ․ Ագամբենը գրում է․ «Ո՛չ, քանզի ժամանակակիցը նա է, ով իր ժամանակի խավարն ընկալում է որպես մի բան, որն անմիջականորեն կապված է իրեն, մի բան, որը երբեք չի դադարում իր առաջ խնդիր դնել, մի բան, որն ավելի, քան ցանկացած լույս, ուղղված է ուղղակիորեն և բացառապես իրեն: Ժամանակակիցը նա է, ով անմիջականորեն ընկալում է իր ժամանակից բխող խավարի պայծառությունը»:

Ո՞վ է մեր ժամանակակիցը․ մեզանից յուրաքանչյուրը։ Բանաստեղծ կամ փիլիսոփա, դրանք փոխաբերություն են, հարցը ուղղված է բոլորին՝ տեսնել մեր ժամանակից բխող խավարի պայծառությունը։

Վարդան Ջալոյան