Միայնակ եմ ինձ զգում
Երանի մարդիկ լինեին շուրջս
նրանց մասին գրված կույտերով բանաստեղծությունների փոխարեն
Կարեն Ղարսլյան
Մարդը մեկուսի էակ է, այստեղ անխուսափելի է մենության զգացումը։ Ժամանակակից քաղաքներում այն ավելի սուր է արտահայտված սոցիալական կյանքի և տարածության տրոհված կազմակերպության պատճառով։ Նկարիչները քիչ ներկ չեն թափել պատկերելու սրճարանում մենակ, մի բաժակ սուրճի կամ մի գավաթ գինու հետ նստած կնոջը կամ տղամարդուն։
Կամ երկուսով, բայց էլի մենակ։ Ինչպես Վ․ Տերյանի մոտ․
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Վ․ Տերյանը առաջին քաղաքաբնակ գրողը չէ, բայց առաջին մոդեռնիստ պոետն է արևելահայ գրականությամ մեջ․
— Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ…
Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ,
Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ.
Հավետ լռում է մի տխուր խորհուրդ,
Վառվում է հավետ մի անանց կարոտ
Կամ՝
Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։
Սկսել հարկավոր է սկզբից։
Մենության/միայնակության ժամանակակից ընկալումը սկզբնավորել է Ժ․ Ժ․ Ռուսոն իր «Միայնակ զբոսոնողի անրջանքները» գրքում, որը կարելի է համարել Նոր ժամանակների սուբյեկտի սպառիչ բնութագիր։ Ժան-Ժակ Ռուսոն գրում է, որ հրաժարվում է մարդկային բոլոր հարաբերություններից և հասարակությունից՝ հանուն սեփական Ես-ի վերջնական ինքնահաստատման: Ռոմանտիզմը շարունակում է այդ ընկալումը և արդեն արբենում է «մենության քաղցր դառնությամբ»։ Ընդհանուր մի սյուժե կա ռոմանտիկ միայնության մեջ՝ այն հոգեբանական պաշտպանություն է, որի հիմքում ընկած է հալածվելու վախը։ Միայնակ է, որովհետև վտարանդի է։
Բայց իսկապես մոդեռնիստական՝ ժամանակակից է այն դառնում Ֆ․ Նիցշեի մոտ։ Նիցշեի համար աշխարհում ձմեռ է, նա՝ «ձմեռային ճանապարհորդ», միայն հիմարն է, ով հույս ունի թաքնվել աշխարհի ձմեռներից («Միայնակը»)։ Աստվածները լքել են երկիրը, մարդը նրանց դեն է նետել անպետքության պատճառով։ Արժեքներն արժեզրկվել են, իմաստը կորել է, երկիրը դարձել է ձմեռային, անմարդաբնակ։ Նիցշեի համար դա գիտակցված հրաժեշտ էր։ Նա դարձավ անօթևան՝ heimatlos, հոգևոր հիմքերը կորցրած, իսկ այդ հիմքերը կորել են ընդմիշտ և անդառնալիորեն։
Նիցշեի հերոսը միայնակությունը ընտրում է կամավոր․ «Խորապես տառապած յուրաքանչյուր մարդու հոգևոր ամբարտավանությունն ու նողկանքը, թե որքան խորը կարող են տառապել մարդիկ, ․․․որ նա գիտի շատ հեռավոր և սարսափելի աշխարհներ, որոնցում նա ժամանակին «ապրել է» և որոնց մասին «դու ոչինչ չգիտես»: ․․․Տառապողի այս հոգևոր լուռ ամբարտավանությունը, գիտելիքի ընտրյալի այս հպարտությունը, «ձեռնադրվածը», գրեթե զոհաբերվածը կարիք ունի ամեն տեսակի քողարկման, որպեսզի իրեն պաշտպանի անպիտան և կարեկից ձեռքերի հպումից և ընդհանրապես այն ամենից, ինչ նրան հավասար չէ տառապանքով: Խորը տառապանքը ազնվացնում է, այն մեկուսացնում է» («Բարուց և չարից անդին»)։
Նիցշեն բացում է նոր դարաշրջան միայնության վերապրման համար։ Այն դառնում է ավելի «դառը», պակաս «քաղցր», բայց լուսավոր՝ ազատ և ավելի «ցուրտ»․ «Ես մարդկանց մոտիկությունից չեմ փախչում, հենց հեռուն, մարդու և մարդու միջև մշտնջենական հեռուն է, որ ինձ մենություն է քշում»։ «Ես միայն հիմա եմ մենակ, ես տենչում էի մարդկանց, ես փնտրում էի մարդկանց – ես միշտ միայն ինքս ինձ գտա – և այլևս չե՜մ տենչում ինձ։ Դու քաջություն չունես, որ ինքդ քեզ այրես և կործանվես, և այդ պատճառով դու երբեք նորը չես իմանա։ Իսկ ինձ համար այն, ինչը այսօր թևեր է, գույն, զգեստ և ուժ, վաղը սոսկ մոխիր կդառնա։ Վսեմ մարդը, տեսնելով վսեմը, դառնում է ազատ, վստահ, լայնախոհ, հանգիստ, ուրախ, բայց կատարյալ գեղեցիկը իր տեսքով ցնցում է նրան և դիտապաստ է անում, նրա առջև նա ժխտում է ինքն իրեն։ Ով վսեմի մեջ իր տանը չէ՝ նա վսեմը զգում է իբրև սարսափելի և կեղծ մի բան»։
Մենությունը այլևս հալածվածի պաշտպանություն չէ, այլ նիհիլիստի քաջություն։
Մենության մասին ամենահայտնի մոդեռնիստական բանաստեղծությունը երևի Ռայներ Մ․ Ռիլկեինն է․
Einsamkeit ist wie ein Regen.
Sie steigt vom Meer den Abenden entgegen;
von Ebenen, die fern sind und entlegen,
geht sie zum Himmel, der sie immer hat.
Und erst vom Himmel fllt sie auf die Stadt.
Regnet hernieder in den Zwitterstunden,
wenn sich nach Morgen wenden alle Gassen
und wenn die Leiber, welche nichts gefunden,
enttaeuscht und traurig von einander lassen;
und wenn die Menschen, die einander hassen,
in einem Bett zusammen schlafen muessen:
dann geht die Einsamkeit mit den Fluessen…
Իսկ մենությունն ասես անձրեւ է։
Այն, ծովերից երեկոյան կելնի վերեւ եւ
դեպի դաշտեր՝ անհաս ու հեռակա․
գնում է այն երկինք, ուր միշտ էլ կա
Եւ երկնքից այն քաղաքին կգա։
Եւ անձրեւում է վաղ միջնաժամին
երբ փողոցներն առտու փոխվում են
եւ երբ որ սերը, ձեռնունայն ու դառնագին
հիասթափված է ու տխրում է
եւ երբ մարդիկ, որոնք իրար ատում են
միեւնույն մահճում պիտի քնեն պարտադրված․
այնժամ հորդում է մենությունը գետ դարձած․․․
Առաջին տողը նույնացնում է մենակությունը անձրևի հետ։ Ջուրը բարձրանում է ծովերից, սփռվում դաշտերի վրա և գնում երկինք, այնուհետ՝ թափվում քաղաքների վրա։ Միայնակությունը նման է ջրի շրջապտույտին բնության մեջ։ Անշուշտ, անձրևը պոետին հիշեցնում է միայնակության մասին։ Բայց կա գոյաբանական կողմ․
geht sie zum Himmel, der sie immer hat.
Այսինքն երկինքը միշտ միայնակ է, անձրևը, հաղորդվելով երկնքի հետ, հաղորդվում է անծայր միայնակությանը, ու, թափվելով քաղաքների վրա, նրանց հեղեղում է միայնությամբ։ Մենակությունը, ինչպես շարժվող էակ, բարձրանում է, գնում և թափվում։ Միայնությունը ապրում է ծովերում, դաշտերում, երկնքում և քաղաքում։ Այն նաև իր ժամն ունի՝ գիշերը և մութը։
Միայնությունը իբրև աշուն, իբրև ձմեռ, իբրև անձրև․․․ և միայնության սարսափը օգոստոսին։ Դա է ասում Գոտֆրիդ Բենը․
Einsamer nie als im August:
Erfüllungsstunde – im Gelände
die roten und die goldenen Brände,
doch wo ist deiner Gärten Lust?
Die Seen hell, die Himmel weich,
die Äcker rein und glänzen leise,
doch wo sind Sieg und Siegsbeweise
aus dem von dir vertretenen Reich?
Wo alles sich durch Glück beweist
und tauscht den Blick und tauscht die Ringe
im Weingeruch, im Rausch der Dinge −:
dienst du dem Gegenglück, dem Geist.
Հայերեն թարգմանությունը․
Ո՛չ երբեք մենակ
Ո՛չ երբեք մենակ` քան օգոստոսին.
ժա՛մ է արբունքի -, երակի մեջ տաք
հունդերն են վառվում դեղնածուփ ոսկի,
ու՞ր է քո այգու հրճվանքն ու հեշտանք:
Պարզկա երկինք է ու վճիտ լճեր,
դաշտերը մաքուր ու լուսապայծառ,
ու՞ր են հաղթության ապացույցները
քեզ ներկայացնող թագավորության:
Երբ ապացույցը կիրքն է մարմնական`
գինեբույրի մեջ զգլխիչ ու գիրգ,
պագշոտ հայացքներ ինքնահաստատման,
դու պարտությունը ընտրեցիր` ոգի՛ն:
Չգիտեմ, թե ինչու թարգմանիչը փոխել է բանաստեղծության անվանման իմաստը։ Գերմաներեն չգիտեմ, բայց ռուսերեն թարգմանությանների հետ համադրելով պետք է լինի «Ո՛չ երբեք»-ի փոխարեն «համակ»՝ համակ մենություն։ Զուգադրեք Ֆ․ Նիցշեի «ձմեռը» Գ․ Բենի օգոստոսի հետ․ բնության փթթումը ամռանը ընդգծում է մեր պարտությունը և մենությունը, որի անունը ոգի է։ Այդ ոգին «ոչինչի» և օտարացման մյուս անունն է։
Բրիտանացի հոգեվերլուծող Դոնալդ Վինիկոտը առաջարկում է մենակության մի երրորդ տարբերակ․ «Ապրումների ինչպիսի ձևեր էլ կարող են հանգեցնել մենակության կարողության առաջացմանը, այնուամենայնիվ կա փորձի մեկ հիմնական տեսակ, առանց որի մենակության կարողությունը չի առաջանում։ Այդ փորձառությունը վաղ մանկության տարիներին ինքդ քեզ հետ մենակ մնալն է մոր ներկայությամբ: Հետևաբար, ինքն իր հետ մենակ մնալու ունակության հիմքում պարադոքս կա. խոսքը ինքդ քեզ հետ մենակ մնալու փորձի մասին է, երբ կողքիդ ներկա է մեկ ուրիշը»։ Այստեղ առացքային կոնցեպտը «մենակության կարողությունն» է, հոդվածի անունն է «The capacity to be alone»։
Այսպիսով, Վինիկոտը պատկերում է մենակությունը ոչ միայն որպես մարդկային փորձ, այլ նաև որպես Ես-ի հետ կապված փորձ, որը դրականորեն ներառում է այլ մարդկանց։ Ուշագրավ է նրա հիմնավորումը․ «Կարծում եմ, որ «դուր գալ» (like) և «սեր» (love) բառերի իմաստները համեմատելիս կարելի է տեսնել, որ «like»-ը Ես-ի հետ կապի խնդիր է, մինչդեռ «love»-ը ավելի շուտ Նա-ի (ID) հետ կապի խնդիր է դրա մաքուր կամ սուբլիմացված ձևով…»։ Ես֊ի հետ կապի ամենահայտնի դրսևորումը ընկերությունն է, սիրուց հետո կապվածության երկրորդ ուժեղ զգացումը։ Ընկերության մեջ յուրաքանչյուրը պահպանում է իր Ես֊ը, բայց ընկերոջ ներկայությունը կարծես գոյաբանական պատվար լինի։
Նա գրում է․ «Իմ թեզի հիմնական միտքը այն է, որ մենք պետք է կարողանանք խոսել միայնության պարզ ձևի մասին, և նույնիսկ եթե համաձայնենք, որ իրական մենակության կարողությունը նախնական բան չէ, այդ կարողությունը, այնուամենայնիվ, հիմնված է այլ անձի ներկայությամբ մենակության վաղ փորձի վրա…»: Մարդը կարող է փակված լինել բանտախցում, բայց անկարող լինել տանել միայնակությունը։
Խոսքը միայնակ լինելու կարողության մասին է, երբ այն չի ճնշում, պատճառում անհանգստություն, այլ հակառակը՝ տալիս է հանգստություն, կարծես Ես-ը էքստազի մեջ է։ Երեխան կամ չափահասը իրենց թույլ են տալիս տրոհվել, ընկնել ապակողմնորոշված վիճակի մեջ։ Այս վիճակը կարող է տևել որոշ ժամանակ, երբ մարդը դադարում է արձագանքել արտաքին ազդակներին, իր ուշադրությունը ուղղորդված չէ, իր շարժումները չունեն նպատակային ակտիվություն։ Հիմք է ստեղծվում Id-ը վերապրելու համար և առաջանում է զգացում կամ ազդակ:
Մենակությունը կարող է նաև պատճառել վայելք և հիացմունք։
Վարդան Ջալոյան