Home / Համայնքներ / Ինտեգրում, կապիտալ և լեզու

Ինտեգրում, կապիտալ և լեզու

Ինտեգրվելու համար պետք է օտար լեզու իմանալ։ Ոմանք կողմ են ռուսերենին, ոմանք կողմ են անգլերենին։ Դրա համար պետք են օտար լեզվով դպրոցներ, որոնք թույլ կտան՝ մատչելի կդարձնեն այդ լեզվով գիտելիքը։

Ոմանք դեմ են այդ դպրոցներին. նրանց պայմանական անվանենք «ազգայիններ»: Ավելի շատ են նրանք ովքեր կողմ են: Եվ նրանց դժվար չէ հասկանալ. նրանք արդեն իրենց զավակներին տեսնում են այդ դպրոցներում: Այս խումբը անվանենք «ցեղակրոններ», թե ինչո՞ւ, կբացատրեմ մի փոքր հետո: Մի մեծ խումբ էլ կա, որ կամ չգիտի այս բանավեճի մասին, կամ անտարբեր է այս խնդրի նկատմամբ: Անվանենք նրանց «տարերային մարքսիստներ», հիշելով մեծ փիլիսոփայի բանաձևը. «պրոլետարիատը հայրենիք չունի»:

Ինչո՞ւ են ցանկանում բացել օտարալեզու դպրոցներ. պատասխանը սպառիչ է՝ «որպեսզի մենք ինտեգրվենք»: Միանգամից երկու հարց է առաջանում. ովքե՞ր են «մենք», և ի՞նչ «ինտեգրում» է դա:

Կրկին հարց տանք մեզ. ինչո՞ւ է հասարակ խավը անտարբեր: Լեզուն, որ նրանց հարկավոր է, կենցաղային լեզուն է, որը դպրոցում չեն սովորեցնում: Առավելագույն հեռանկարը նրանց համար՝ Ռուսաստան կամ տնտեսապես զարգացած այլ երկիր գնալն է և ուզբեկների, մոլդավացիների, տաջիկների հետ ենթապրոլետարիատի շարքերը լրացնելն է: Տանք սահմանում. ենթապրոլետարիատ անվանում են այն որակավորում չունեցող աշխատավորներին, որոնք որակավորում ունեցող բանվորների մոտ օժանդակ աշխատանք են տանում։ Օրինակ՝ ասֆալտ են փռում, կամ գոմ են սարքում: Սա՝ նրանց «ազգային խնդիրների» նկատմամբ անտարբերության մի պատճառն է, բայց ոչ հիմնականը:

Հայաստանը խիստ գլոբալացված երկիր է, բայց մեր գլոբալացումը լատինամերիկյան չէ՝ ամերիկացում չէ: Մեր տնտեսությունը, ֆինանսական հոսքերի զգալի մասը վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Ի՞նչ դիրք ունի հայկական խոշոր կապիալը Հայաստանում և Ռուսաստանում հայկական զանգվածների ենթապրոլետարականացման և Հայաստանի կախման ուժեղացման նկատմամբ: Հայկական խոշոր կապիտալը կապտուլիացիոնիստական է. միայն համաձայնելով մոսկովյան կենտրոնի այս պայմանների հետ՝ ժողովրդական զանգվածներ ճորտացում, իսկ ենթապրոլետարիատի վիճակը քիչ է տարբերվում ճորտի կարգավիճակից, և երկրի կողոպուտ, քանզի նա հրաժարվել է արտաքին ուժերի նկատմամբ տնտեսա-ֆինանսական կամ էկոլոգիական հսկողությունից, նա գոյության իրավունք է ձեռք բերել:

Գուցե հայաստանյան խոշոր կապիտա՞լն է «վատ», իսկ ռուսահայը «լավն» է: Ո’չ. քանզի նրա պահվածքը ևս որոշվում է վերոհիշյալ պայմանավորվածությամբ:

Երկու քաղվածք: Պրոֆեսոր Կ. Գաջիևը գրում է, որ նիժնեգորոդյան հայկական սփյուռքը «չունի համապատասխան ինֆրաստրուկտուրաներ համապատասխան հաստատությունների տեսքով, որը ենթադրում է համեմատական պակաս համախմբվածություն և, փոխարենը, համապատասխանաբար արագ և խոր ինտեգրում ընդունող հասարակությունում»: «Պակաս համախմբված» ասելով հարգարժան պրոֆեսորը նկատի ունի, որ հայկական համայնքը պակաս կազմակերպված է վրացական կամ ադրբեջանական համայնքների համեմատ, իսկ վերնախավը ձգտում է ձուլվել ռուսական վերնախավի հետ՝ «արագ և խոր ինտեգրվել»: Նրա հետ համաձայն է հետազոտող Մ. Ուսաչյովան Մեծ Բրիտանիայից [Усачева М. Institutions in Diaspora: The case of Armenian community in Russia. [Электронный ресурс]: http://www.transcomm.ox.ac.uk/working%20papers/WPTC-01-09%20Marina.doc.pdf]. «…պատմական պատճառներով Ռուսաստանի հայկական սփյուռքը կազմակերպչական և քաղաքական առումով նկատելի կերպով տարաբաժանված, անմիաբան է»:

Ռուսաստանի հայերի մշակութային, սոցիալական կամ ֆինանսական համախմբումը մինիմալ է. նրանք կապիտուլյացիաի են ենթարկվել ռուսական վերնախավի առաջ: Այս երկու քաղվածքները նաև բացատրում են, թե ինչ են հասկանում «ցեղակրոն» վերնախավը «ինտեգրում» ասելով: Ռուսաստանի հայ լեգալ կամ անլեգալ աշխատավորը այս «ինտեգրման» մեջ տեղ չունի. սա նրա «ազգային անտարբերության» հիմնական պատճառն է:

Մյուս կողմից մանր կամ միջին բուրժուազիան կարող է մրցակցել խոշոր կապիտալի հետ, եթե օգտագործի լեզվական գործոնը: Իսկ լավ կրթված խոշոր կապիտալի ներկայացուցիչները կարող են ոչնչացնել ողջ տեղական արտադրությունը, ֆինանսները, բայց հատկապես առևտուրը, այն փոխարինելով «ինտեգրվածով»: Այս ուղու վրա Հայաստանը կարող է «աճ» ունենալ, բայց զարգացում՝ երբեք:

Լեզուն, որպես մրցունակության գործիք օգտագործում է նաև միջին և մանր բուրժուազիայի մի կարևոր հատված` մտավորականությունը: Մեր նախկին և ներկա իշխանությունները հաճախ է նրանց հանդիմանում, որ նրանք մրցունակ չեն: Ո՞ւմ հանդեպ անմրցունակ. գլոբալացված կապիտալիզմի կողմից ֆինանսավորվող մշակույթի համեմատությամբ: Իրականում անմրցունակ են, որովհետև «ինտեգրված» հայկական խոշոր կապիտալը չի ֆինանսավորում այն, եթե չհաշվենք շոու բիզնեսը: Օրինակ. ԱՄՆ-ի հայկական կապիտալը ֆինանսավորում է հայագիտական կենտրոնները, որոնք լավ էլ մրցունակ են: Ռուսաստանի կամ Հայաստանի խոշոր հայկական կապիտալը համարյա չի ֆինանսավորում գիտությունը և մենք չունենք մրցունակ գիտություն: Ավելին. կոմպրադորության ուղին բռնած հայկական խոշոր կապիտալը չի էլ ցանկանում, որ գիտությունը կամ մշակույթի այլ ճյուղերը զարգանան, քանզի դա ստեղծում է մրցունակ միջին և մանր կապիտալ: Ռուսաստանի վրացական կամ ադրբեջանական կապիտալը մեծ ներդրումներ է անում կազմակերպչական և մշակութային հատվածում, քանզի իր երկրի ապագան այլ կերպ է տեսնում:

Երկու մոտեցումների տարբերությունը կարելի բացատրել նրանով, որ ադրբեջանական կամ վրացական խոշոր կապիտալը միջին և մանր կապիտալը դիտարկում է որպես իր դաշնակիցը, իսկ հայկականը թշնամաբար է տրամադրված հայկական մանր բուրժուազիայի նկատմամբ: Առաջին մոտեցումը անվանենք բուրժուական, իսկ երկրորդը՝ մինչբուրժուական, այսինքն Հայաստանում ունենք ֆեոդալական վերնախավի պայքար դեռևս թույլ բուրժուական տարրերի դեմ:

Նախ նկատենք, որ, օրինակ, Պոլսում ամիրայական կապիտալը և կղերական վերնախավը դիտարկում էր Օսմանյան կայսրության հայկական միջին և մանր կապիտալը որպես իր թշնամի, և հայտնի են պոլսահայության այդ երկու հատվածների միջև բազմաթիվ արյունոտ կոնֆլիկտներ: Այսինքն ունենք պատմական նախադեպ, իրադրության համարյա նույնական կրկնություն, միայն թե՝ Օսմանյան կայսրության փոխարեն այսօր ունենք Ռուսաստան: Ովքեր ուզում են կանխատեսել ներկա հայ խոշոր կապիտալի զարգացման հետագա ուղիները կարող են դիմել ամիրայական կապիտալի զարգացմանը նվիրված աշխատություններին /Լեո, Սիրունի և այլն/:

Բայց ինչո՞ւ հայկական խոշոր կապիտալը այսօր «ցեղային», իմա՝ ռասայական է, այլ ոչ թե ազգային, իմա՝ բուրժուական: Ինչու՞ ռասան ավելի համապատասխան է մեր ներկա կապիտալիստ-ավատատերերի նպատակներին, ավելի լավ է արտահայտում նրանց աշխարհայացքը, քան ազգային պետության գաղափարը, քան պատմականորեն ավելի առաջադեմ ազգային-բուրժուականը:

Ֆեոդալիզմը, ինչպես գիտենք, բաղկացած էր ոչ թե դասակարգերից, որոնք իրավաբանորեն հավասար են, այլ իրավաբանորեն անհավասար, աստիճանակարգի սկզբունքով կազմված խավերից. վերևում ազնվականները, բաժանված դասերի, հետո կղերը, էլի բաժանված դասերի, և մնացածները՝ երրորդ խավը: Բաժանման հիմքում ընկած էր ծագումը՝ ռասան: Ոմանց ըստ ծագման իրավունքի տրված է իշխել, մյուսներին՝ ենթարկվել:  Անգլիական հեղափոխության հիմնական պատճառը ռասայական էր՝ վերնախավը նորմանական և կաթոլիկ արիստոկրատիան էր, իսկ միջին և ստորին խավը՝ անգլո-սաքսոնական և բողոքական: Ֆրանսիական Մեծ հեղափոխության գաղափարախոսությունը ևս ռասիստական էր. ազնվականությունը համարվում էր ֆրանկո-գերմանական, կղերականությունը՝ լատինական ծագման, իսկ երրորդ խավը՝ բուն գալլական ծագման: Ընդհակառակը՝ ազգը քաղաքական իրավունք ձեռք բերած ժողովուրդն է, այսինքն՝ հավասարների միությունը:

2008 թ. հասարակ մարդիկ վերնախավին անվանում էին «ղարաբաղցիներ», այսինքն, այն համարում էին առանձին ռասա՝ այլ ծագում ունեցող մարդիկ: Ավելորդ է ասել, որ «իշխողների ռասային» տրված այդ անունը որքան անհաջող էր, բայց նույնքան հաջող էր որպես փոխաբերություն. ֆեոդալական կարգերի ժամանակ իշխող խավը իրեն պահում է զավթիչների նման: Հիշենք, որ Բագրատունիները իրենց վերագրում էին հրեական ծագում, Արծրունիները՝ ասորական, Օրբելիները՝ մոնղոլական և այլն: Ավելի հաջող էր ժողովրդական մականվան փոխարեն Լ. Տեր-Պետրոսյանի «մոնղոլ-թաթարական» հեգնական անվանումը: Ամեն դեպքում 2008 թ․ ընդվզումը հակառասիստական, հակաֆեոդալական բնույթ ուներ:

Առաջին քայլերը, որ ձեռնարկեց նախկին իշխող վերնախավը՝ «իշխող ռասան» իրեն «ենթարկվածների» ռասայից տարբերակելու համար դա գողական խոսվածքն էր, զենք կրելու իրավունքը, ապա՝ «Ջիպերը», այժմ՝ օտարալեզու կրթությունը: Այս ընթացքը՝ երկու ռասաների միջև անջրպետի կառուցումը անխուսափելիորեն շարունակվելու է «արադուովես» կարգախոսով: Մեծահարուստների ամբարտավանությունը շատ արագ վերածվեց ռասայական առավելության գիտակցության, հետո նա պահանջեց արտոնություններ, որոնք վայել են «ընտրյալ» ռասային և այլն:

Այն, որ մեզ պետք են դպրոցներ, որոնց շրջանավարտները կարող են առանց մեծ դժվարության ընդունվել արևմտյան առաջատար բուհերը, ակնհայտ է: Բայց ակնհայտ է, որ այն հանդիսանում է նաև ևս մի քայլ վերնախավի կողմից, իր դիրքը ամրապնդել որպես «իշխող բարձր ռասա»:

Բերված օրինակները ցույց են տալիս, որ նրանք «բարձր ռասա» են մեզ համար, դրսում նրանք ծառաներ են իշխող ազգության վերնախավի համար։ Միակ ուղին ֆեոդալական-ռասիստական համակարգի արմատական բարեփոխումն է, որը կարելի է բուրժուական հեղափոխություն անվանել:

Վարդան Ջալոյան