Արդեն երկու տարի է գրկել ենք մահը: Այն մեր կողքին չէ, դա միշտ է եղել: Հագնելով դիմակներ մենք պարզապես չենք պաշտպանվում համավարակից: Մենք գոնե մի պահ մտածում ենք մահվան մասին:
Դիմակը գրկում է մեր դեմքը, մենք գրկում ենք մահը: Բարև հին ընկերուհի, կարծես երբեք էլ չենք բաժանվել: Գալիս ենք քո գիրկը, իմ սիրելի և անմոռաց:
Ժամանակն է պարելու. մահվան հետ, սրտաճմլիկ, իսկ մահվան ժամանակ կարևոր չէ ինչ ես ճմլում, էրոտիկ, իսկ ինչ կարիք կա պատշաճ կանոններ պահելու: Խմելու իսկական օրն է:
Տեղեկանք. Մահվան պարը (Danse Macabre) ուշ միջնադարյան այլաբանությունների արվեստի ժանր է մահվան համընդհանրության մասին, անկախ նրանից, թե ինչ դիրք ունի մարդը, կամ ինչ տարիք ու սեռ ունի: Danse Macabre-ն միավորում է բոլորին:
14-րդ դարի մահացու սարսափները Եվրոպայում, ինչպիսիք են կրկնվող սովը, հարյուրամյա պատերազմը Ֆրանսիայում և հատկապես ժանտախտը՝ սև մահը, այն համոզմունքը ստեղծեցին, որ հանկարծակի և ցավալի մահվանից անհնար է խուսափել: Այն ուժեղացրեց ապաշխարության կրոնական մղումը, բայց նաև արթնացրեց զվարճությունների հիստերիկ ցանկությունը, վերջին խնջույքը և վերջին պարը՝ որպես սառը մխիթարություն. Danse Macabre՝ մահվան պարը համատեղում է այդ երկու ցանկությունները:
Հայաստանում ևս 13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների, սովի և համաճարակների դարաշրջանում, ավանդական խաչքարի ստորին մասում հայտնվում է խնջույքի տեսարանը, ինչը վկայում է համանման տրամադրությունների մասին:
Բայց մենք ի՞նչ գիտենք մահվան մասին: Գրեթե ոչինչ: Որ այն կա ու անիմանալի պատճառներով պատահում է մեր հետ: Չենք հաշտվում մահվան հետ, որովհետև կորցնում ենք մեր հարազատներին:
Բայց դա մեր մահը չի, մեր հարզատների մահն է: Այլ է հիմա՝ համավարակի և պատերազմների դարաշրջանում: Այն մեր մտերիմների մահը չէ, այն մերն է, ինչպես բժշկական դիմակը, կպել է, պոկ չի գալիս:
Ո՞վ է նա, այդ գեղեցկուհին, ում հետ պարում ենք կամ խնջույք անում:
Կան մահվան մեծ վարպետներ՝ մագիստրոսներ: Նրանցից մեծագույնը Իոսիֆ Ստալինն է:
Երբ դպրոցական էի, մեզ տանում էին սահմանային զորամաս: Իհարկե, ծրագրի անբաժան մասն էր Կատյուշան:
Բայց այն ավելին էր, քան սահմանապահ զինվորի մասին երգ:
Նախ երաժշտությունը: Այն լիրիկակական չէ, այլ պարային: Նույնիսկ պարային էլ չի, ռազմական բալետի ռիթմն ունի:
Եվ դա հասկանալի է: Միխաիլ Իսակովսկին այն գրել է Կատյուշա հրթիռային համակարգի մասին, այլ ոչ թե սիրունիկ ռուս աղջկա. /https://tass.ru/obschestvo/10495759/
Գեներալիսիմուս Ստալինի պահանջով այն դարձավ ռուս աղջնակի մասին երգ: Այսպիսով Կատյուշան ձեռք բերեց երկու իմաստ. էրոտիկ՝ այն կրքոտ սիրո մասին է, թաքնված՝ այն մահաբեր զենքերի փառաբանություն է:
Այսօր Կատյուշան շատ երկրներում կին զինվորականների քայլերգն է: Օրինակ՝ Իսրայելում, Վիետնամում կամ Չինաստանում. /https://www.youtube.com/watch?v=MJGe2Dujm7s/
Լավ նայեք այս չինական կլիպը: Զգացեք որքան էրոտիկ է մահը, որքան քնքուշ: Միայն Մուհամեդ մարգարեն, մեծ մտածող, կարող էր հասկանալ էրոտիզմի և պատերազմի կապը և խոստանալ, որ հավատի զինվորներն այն կյանքում սպասում են անթիվ կույս կատյուշաներ:
Բայց ինչի՞ մասին է Կատյուշան: Այն ոչ երգ է, ոչ բանաստեղծական տեքստ: Այն փառաբանություն է պատերազմին: Նրա դաժան գեղեցկությանը: Որքան գեղեցիկ են մահաբեր զենքերը, որքան Մուհամեդի խոստացած կույս կատյուշաները:
Իսակովսկսի-Ստալին հեղինակած Կատյուշան ռուսական միլիտարիզմի մահվան պարն է՝ Danse Macabre:
Երկու մահ ենք գրկել. համավարակը և ռուսական միլիտարիզմը։ Մեկն է հարազատ՝ Կատյուշան:
Կա այդպիսի լիբանանյան խումբ՝ Շիրազ: Այն մարոնիթների՝ արաբ քրիստոնյաների երաժշտական նախագիծ է: Մերձավորարևելյան պատերազմական դժոխքը արտահայտելու համար այն ընտրել է հենց Կատյուշա երգը. / https://www.youtube.com/watch?v=Vd2nqANqrgQ/
Հերոսուհին սուպեր էրոտիկ արաբ երգչուհի է, պարախումբը հիշեցնում է միջնադարյան Danse Macabre-ի հերոսներին: Հերոսուհին սպիտակ դրոշ չի նետում, այլ կարմիր մետաքսե գլխաշոր: Պատերազմը չի ավարտվել, Կատյուշան՝ մահաբեր հրեշտակը, դա թույլ չի տա:
Դե ի՞նչ: Գրկենք մահը և պարենք Կատյուշա:
Վարդան Ջալոյան