Մշակութային լրագրողը միջնորդ է հասարակության և մշակույթի, երբեմն՝ պետության և մշակույթի միջև:
Արվեստի և հասարակության միջև արվեստագետներն են, քննադատները, կուրատորները, արվեստի լրագրողները և փիլիսոփաները, թանգարանները, համալսարանները և ակադեմիաները: Այդ տարածությունը կոչվում է արվեստի դաշտ:
Արվեստի լրագրողը արվեստի քննատատ չէ։ Վերջինը գրում է արվեստագետների, արվեստաբանների, մասնագետների համար։ Արվեստի լրագրողը գրում է լայն արվեստասեր հասարակության համար։
Արվեստի դաշտում ամեն մի գործակալ ունի իր սոցիալական և սիմվոլիկ կապիտալը, եթե օգտագործենք Պիեռ Բուրդյեի բառարանը։ Նոմեկլատուրային արվեստագետը ունի մեծ սոցիալական և մշակութային կապիտալ։ Նա ունի վաստակավորի կոչում և ներկայացնում է պետությունը ռեպրենզատիվ իրադարձություններում։ Մոդեռնիստ արվեստագետը ապրում է փղոսկրի աշտարակում, ունի մեծ մշակութային կապիտալ, բայց չի զբաղեցնում բարձր պաշտոններ։ Կարող է աշխատել մի ինչ որ խմբագրությունում, եթե գրող է։ Ավանգարդիստ արվեստագետը և՛ սոցալիական, և՛ մշակութային ընդիմություն է, նրա կապիտալը սիմվոլիկ է։ Պոպուլիստ կամ ռեալիստ արվեստագետը չունի մեծ մշակութային կապիտալ, բայց կոնֆորմիզմի շնորհիվ որոշակի սոցիալական կապիտալ։
Արվեստի դաշտը հարաբերական ինքնուրույն է։ Իշխանության սեփական մեխանիզմներ ունի։ Օրինակ լավ վաճառվող կամ իշխանության կողմից փայփայված արվեստագետը կարող է ցածր գնհատվել քննադատների և այլ մասնագետների կողմից։
Լրագրողը, որ գրում է արվեստի մասին պետք է իմանա ոչ միայն արվեստի հիմունքները, տարբերակի լավ ու վատ արվեստը, կարողանա որոշել ճիշտ -իզմը, այլ նաև արվեստի դաշտում գործող ներքին մեխանիզմները։ Քսաներորդ դարում արվեստի -իզմերը արագորեն իրար փոխարինել են իրար, իմպրեսիոնիզմ, պոստիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, կուբիզմ, ֆուտուրիզմ, էքսպրեսիոնիզմ, սյուրռեալիզմ, աբստրակցիոնիզմ և այլն։ Քսանմեկերորդ դարում արվեստը դառնում արտադրական ուժ, դառնում է տնտեսական կարևոր գործոն, և կարևոր նշանակություն է ստանում պետության քաղաքականությունը մշակույթում և արվեստում։
Արվեստը ունի իր քաղաքականությունը, ինչպես կուսակցական պայքարում է, կամ տնտեսական դաշտում։ Արվեստի մեջ անընդհատ պայքար է տեղի ունենում յուրահատուկ իշխանական կամ ազդեցության համար։ Օրինակ, երբ աբստրակցիոնիստները դուրս են մղում ֆիգուրատիվ նկարիչներին, կոնցեպտուալիստները կամ փոփ արտը աբստրակցիոնիստներին և այլ։
Հայաստանում արվեստը լուսաբանող լրատվամիջոցները շատ քիչ են, խմբագրությունները ավելի և ավելի քիչ են տեղ տալիս մշակույթին և արվեստին։ Արվեստի մասին հրատարակությունները վնասաբեր են և առանց դրամաշնորհների կամ այլ օգնության չեն կարող գոյատևել։ Եթե համեմատենք խորհրդային տարիների հետ, ապա մարդկանց քանակը, որ այցելում է ցուցահանդեսներ, թանգարաններ, թատրոններ կրճատվել է հինգից տաս անգամ։ Այսօր սպառվում են քաղաքական նորությունները, աղետների մասին պատմող նյութերը և ժամանցը, փոփ երաժշտությունը, կոմեդիաները և այլն։ Այսպիսով, դեռ քիչ է լավ գրել արվեստի մասին, հարկավոր է հետաքրքիր գրել։ Այսինքն, հարկավոր է հաշվի առնել հասարակության սպառողական մշակույթը, որպեսզի այն փոխել։
Արվեստի լրագրության մեջ դեռևս պահպանվել է խորհրդային ժամանակներից բյուրոկրատական հավաքույթների արձանագրային/ պրոտոկոլային լեզուն։ Այս մեկը, այն մեկը ելույթ ունեցավ և այլն։ Այդպիսի տեքստը սովորաբար հայտնվում է վերջն էջերում, որպես սպառողական արժեք չունեցող ապրանք։ Չնայած համաշխարհային ճգնաժամին, արվեստը Արևմուտքում դեռ մնում է էլիտային սպառման ապրանք։ Քիչ է լավ առանձնատուն կամ ավտոմեքենա ունենալ, հարկավոր է հասկանալ արվեստը և ունենալ արվեստի արժեքավոր գործեր։ Սակայն հայաստանյան վերնախավը հետաքրքրություն չի ցուցաբերում արվեստի նկատմամբ, բացի մի քանի էլիտային միջոցառումներին մասնակցելը։ Արվեստը հասկանալը թանկ ավտոմեքենա գնել չի, այն պահանջում է լուրջ պատրաստություն։ Այդպես պրեստիժային վերնախավը իրեն առանձնացնում է կասկածելի եղանակով հարստացածներից։
Արվեստի իրադարձությունը պահանջում է ժամանակակից լեզու, որին պետք է որոշակի գեղարվեստական արժանիք հաղորդելու համար արվեստին համարժեք ոգի։ Շատ հաճախ հայ քննադատները գրում են շատ բարդ լեզվով, խոսում են գաղափարների մասին, որոնք հայտնի չեն նույնիսկ լրագրողներին կամ մտավորական լայն զանգվածին։ Լրագրողը պետք է գրի հանրամատչելի, բայց դժվարությունը հիշատակված արվեստի ոգին, նրա անտեսանելի չափումը փոխանցելն է։ Արվեստի լավ լրագրող լինելու համար հարկավոր է սիրել արվեստը, այն կդրդի նրան ավելի լավ հասկանալ այն։ Այլ տնտեսական կամ ֆինանսական ստիմուլներ չկան։ Արվեստի լրագրողի կամ քննադատի համար շատ դժվար է լինում գրել հարյուրերորդ նյութը ցուցահանդեսի մասին, գրական քննադատին՝ հերթական գրքի, կինոքննադատին՝ նոր ֆիլմերի և այլն։ Բայց կամավորներ գտնվում են։
Այսօր արվեստի լրագրության համար մեծ նշանակություն ունի ֆեյբուքը, արվեստի և գրականության բլոգերը և հաճախ արվեստասերը այնտեղից է քաղում իր տեղեկությունները։ Սակայն շատ հաճախ թեմայի վատ իմացությունը այդ նյութերը վերածում են տեղեկատվական աղբի։ Մյուս կողմից արվեստի քննադատներին դժվար է հրաժարվել մասնագիտական ժարգոնից։
Ամենակարևոր խնդիրներից մեկը դա արվեստ-պետություն հարաբերությունն է։ Արվեստը ևս ապրում է ռազմական ժամանակների կանոններով և պետությունը պահանջում է, որ այն ծառայի պաշտպանության, հայրենասիրության, ազգասիրության շահերին։ Պետությունը համարյա չունի մշակութային քաղաքականություն, բայց ձգտում է խցկվել ստեղծագործության բովանդակության մեջ, վերահսկել իմաստները։ Շատերը հարմարվում են պետպատվեր ստանալու հույսով։ Դա, իհարկե արվեստը շեղում է իր սեփական գեղագիտական և հոգևոր նպատակներից։
Արդեն փաստ է, որ քսաներրորդ դարի երկրորդ կեսի ամենակարևոր իրադարձությունը զանգվածային մշակույթի ձևավորվելն է և գերակա դառնալը։ Կարծում եմ, որ արվեստի լրագրողը պետք է լավ հասկանա ոչ միայն բարձր արվեստը, այլ նաև զանգվածային մշակույթը, և կարողանա գրել նաև այդ երևույթի մասին։ Առավել ևս, որ վերջինը ավելի մեծ լսարան ունի, և այդ լսարանի մի մասը կարող է հետաքրքրվել արվեստով, գրականությամբ, թատրոնով և այլն։
Վարդան Ջալոյան, արվեստի քննադատ