հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Պետրոս Դուրյանի «Թրքուհին» և օրիենտալիզմը

Պետրոս Դուրյանի «Թրքուհին» և օրիենտալիզմը

Պետրոս Դուրեան գերեզման է քալած, իր հանճարին սեւ հովանոցին տակ: …Ըսել կ՚ուզի որ նման էր բոլոր հանճարներուն, որոնք իրենց սկիզբը կ՚ընեն այդ մռայլության ընթերքէն ու քիչ անգամ կը հասնին լոյսին:
Յ. Օշական

Սկյուտարի ճեմարանը ավարտելուց հետո Պետրոս Դուրյանը որպես նվեր ստանում է Լամարթինի հատորյակը:

Լամարթինի ամենահայտնի բանաստեղծություններից է «Լճակը»:  Անշուշտ, Պ. Դուրյանի «Լճակը» աղերսներ ունի Լամարթինի համանուն բանաստեղծության հետ, ինտերտեքստուալության ակնառու օրինակ է, բայց այն փոխադրություն չէ: Ավելի շուտ երկխոսություն է Լամարթինի և ֆրանսիական ռոմանտիկ պոեզիայի հետ:

Ալֆոնս դե Լամարթինը առավել հայտնի է իր էլեգիաներով/ եղերգություն, մահվան թեման առանցքային է նրա պոեզիայում, ինչպես և Պետրոս Դուրյան բանաստեղծություններում: Անհնար է բացառել ֆրանսիական ռոմանտիկի ազդեցությունը, բայց Պետրոս Դուրյանը նրա անունը տալիս է մեկ այլ առիթով՝ «Թրքուհին» բանաստեղծության մեջ: Այն մեր ուշադրությունը շեղում է էլեգիայից դեպի օրիենտալիստական թեմաները:

Ֆրանսիական ռոմանտիկ գրականության և գեղանկարչության համար, ինչպես նշում է Էդվարդ Սաիդը, օրիենտալիստական թեմաները էական նշանակություն ունեին: 

Էդվարդ Սաիդի համար օրիենտալիզմի առանցքային օրինակ է Ալֆոնս դե Լամարթինի այցելությունը Արևելք և նրա գիրքը այդ ուղևորության մասին: Ալֆոնս դե Լամարթինը, ի տարբերություն, ասենք, համանման ճանապարհորդություն ձեռնարկած Ժերար դե Ներվալի կամ Ֆլոբերի, նաև քաղաքական գործիչ էր:

 Հայկական Վիքիպեդիան գրում է. «Որպես քաղաքական գործիչ սկզբնական շրջանում եղել է պահպանողական։ 1833 թվականին, հուլիսյան միապետության օրոք, ընտրվել է դեպուտատների պալատի անդամ։ Հարել է ռոյալիստական ընդդիմությանը, 1840 թվականին անցել լիբերալ բուրժուազիայի կողմը։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ արտաքին գործերի նախարար էր և, փաստորեն, ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Պաշտպանել է բուրժուական հանրապետության մեջ դասակարգերի համերաշխության գաղափարը»:

Էդվարդ Սաիդը՝ Լամարթինի մասին

«1833 թվականին ճանապարհորդություն կատարելով դեպի Արևելք, Լամարտինը խոսեց իր երազանքի մասին ՝ որպես «un voyage en Orient [était] comme un grand acte de ma vie intérieure» [Ճանապարհորդություն դեպի Արևելք ՝ որպես իմ ներքին կյանքի մեծ արարք]: Նա ամբողջովին նախապաշարմունքների, համակրանքների, հակումների հավաքածու է, նա ատում է հռոմեացիներին և Կարթագենը, բայց սիրում է հրեաներին, եգիպտացիներին և հինդուիստներին, նա նույնիսկ պատրաստվում էր դառնալ նրանց Դանթեն:

Զինված «Adieu»[Հրաժեշտ] պաշտոնական բանաստեղծությամբ, որը թվարկում է Արևելքում (Orient) իր նախատեսած բոլոր ծրագրերը, նա ճանապարհ է ընկնում դեպի Արևելք (East): Սկզբում ամեն ինչ, ինչ նա հանդիպում է, կա՛մ հաստատում է նրա բանաստեղծական կանխատեսումը, կա՛մ խթանում է անալոգիայի հանդեպ նրա հակումը: …«Թարգմանությունից» (translation), ինչպես նա ավելի վաղ անվանում էր այն, այս ճանապարհորդությունն այժմ վերածվում է աղոթքի և ավելի շատ ստուգում է նրա հիշողությունը, հոգին և սիրտը, քան թե աչքերը, միտքը կամ ոգին:

… Նրա համար կարևոր է միայն, որ Արևելք կատարած իր ճանապարհորդությունների ընթացքում նա հայտնվի որպես la terre des cultes, des prodiges [պաշտամունքների և ավանդության երկիր], և որ ինքը ճակատագրով Արևմուտքում Արևելքի նշանակված երգիչն է: Առանց ինքնահեգնանքի ստվերի նա հայտարարում է.

«Արաբական երկիրը հրաշքների երկիր է. այստեղ ամեն ինչ ծաղկում է և այստեղ ցանկացած պարզամիտ մարդ կամ մոլեռանդ հավատացյալը իր հերթին կարող է մարգարե դառնալ»: Նա դարձավ մարգարե պարզապես այն պատճառով, որ եղել էր Արևելքում:

Իր պատումի ավարտին Լամարթինը հասնում է ուխտագնացության նպատակին՝ Տիրոջ Գերեզմանը՝ բոլոր ժամանակների և տարածության սկիզբն ու վերջը: Նա արդեն բավականաչափ կլանել է իրականությունը, որպեսզի ցանկանա կրկին վերադառնալ մաքուր խորհրդածությանը, միայնությանը, փիլիսոփայությանը և պոեզիային:

… Իրական ժամանակում և տարածության մեջ ճանապարհորդից և ուխտավորից Լամարթինը վերածվում է վերանձնային եսի, որը իր ուժով և գիտակցությամբ հավասար է ողջ Եվրոպային: Իր առջև նա տեսնում է Արևելքը անխուսափելի վերահաս կազմալուծման նախօրեին՝ ընկած եվրոպական ուժերի իշխանության տակ և սրբագործված Եվրոպայի սուզերենությամբ:

… Բայց Լամարթինը այստեղ կանգ չի առնում և շատ ավելի հեռուն է գնում: Արևելքը, հենց նույն Արևելքը, որը նա տեսել էր, որտեղ ոչ վաղուց այցելել էր, բնութագրվում է հետևյալ կերպ. «… ժողովուրդներ առանց տարածքի, հայրենիքի, իրավունքների, օրենքների կամ անվտանգության … կրքոտ ցանկանում են ապաստան գտնել» եվրոպական օկուպացիայի մեջ»: [Эдвард Вади Саид. Ориентализм. Западные концепции Востока. «Руccкий Мiръ»; СПб.; 2006; էջ 131 և հետո]

Թրքուհին և հայուհին Օսմանյան կայսերությունում

Պետրոս Դուրյանի «Թրքուհին» բանաստեղծության հերոսուհին Օսմանյան կայսերության մայրաքաղաքում ապրող, ըստ երևույթին՝ բարձր դասի պատկանող իսլամ կին է: Ի՞նչ գիտենք նրա մասին: Ոչ թե ո՞վ էր նա, այլ՝ ինչպիսին էր:

1970-80-ականներին կանանց ուսումնասիրությունների ի հայտ գալը մեծապես ընդլայնեց օսմանյան կանանց սոցիալ-տնտեսական, մշակութային և իրավական պատմության ուսումնասիրության աղբյուրների և մեթոդների շրջանակը: Օսմանյան փաստաթղթերի ուսումնասիրությունների հիման վրա պատմաբանները սկսել են լույս սփռել օսմանյան կանանց ակտիվ դերի վրա իրենց համայնքների տնտեսական, կրոնական և սոցիալական կյանքում:

1980-ականների կեսերից սկսած ՝ օսմանյան կանանց վերաբերյալ հետազոտությունների մեծ մասը հիմնված է ֆեմինիստական, գենդերային, մշակութային և հետգաղութային ուսումնասիրություններից բխող մեթոդների և տեսությունների վրա: 18-րդ և 19-րդ դարերի արեւելագետների տեքստերի և պատկերների քննադատական ​​վերլուծությունը բազում ապացույցներ է տվել այն բանի, որ օսմանյան կանանց որպես անզոր, պարապ և անընդհատ սեռական շահագործման ենթարկվող կերպարը կարևոր դեր է ունեցել եվրոպական գաղութատիրական և իմպերիալիստական ​​այլության դիսկուրսներում: [Ըստ՝ Selma Zecevic. Ottoman Women /https://www.oxfordbibliographies.com/view/document/obo-9780195390155/obo-9780195390155-0260.xml ]

Հետազոտողները կարողացել են ցույց տալ օսմանյան կանանց գործողության և իշխանության ազատությունը, ինչպես նաև ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության վերաբերյալ գենդերային օրենքները խաթարելու նրանց կարողությունը: Այս առումով հատկապես կարևոր է «Boyar, Ebru, and Kate Fleet, eds. Ottoman Women in Public Space. Leiden, The Netherlands; Boston: Brill, 2016. հետազոտությունը:

«Օսմանյան կանայք հանրային տարածքում» գրված է հինգ երկրների փորձագետների կողմից: Հենվելով աղբյուրների վրա՝ հեղինակները վիճարկում են այն կարծիքը, որ օսմանյան կանանց կյանքը սահմանափակված էր հարեմի և համամի (թուրքական ավանդական բաղնիք) մեկուսացված տարածքներով:

Ինչպիսի՞ն է օսմանյան կնոջ կերպարը ըստ այդ հետազոտության: Եթե պարզեցնենք՝ օսմանյան կանայք շոպինգի սիրահարներ էին: Բայց նրանք ոչ միայն պասիվ սպառողներ էին, այլև ակտիվ ձեռներեցներ, ունեցվածքի տեր էին և կարող էին գրոհել հաստատությունները՝ բողոքի ցույցեր անցկացնելու համար: Նրանք ոչ միայն սիրախաղի և զվարճանքի վարպետներ էին, ոչ միայն վրդովեցնում էին ամուսնուն վերջին նորաձեւության պահանջներով, այլև՝ տիրում էին իրական քաղաքական և տնտեսական ուժի: Եվ նրանք այս ամենը շատ ավելի բացահայտ էին անում, քան հաճախ ենթադրվում է:

Պատվո հասկացությունը խորապես արմատավորված է օսմանյան հասարակության մեջ: Ebru Boyar-ը գրում է. «Կնոջ պատիվը պաշտպանելու ցանկությունը կապված էր ոչ այնքան կանանց, որքան ընդհանուր հասարակության բարեկեցության հետ, որովհետև անբարոյական կին նշանակում էր անբարոյական հասարակություն»: Կանանց կարելի էր տեսնել հանրային վայրերում, բայց թե ինչպես էին նրանք իրենց պահում և ինչպես էին ընկալվում՝ կարևոր նշանակություն ուներ:

 Կանանց կյանքը վերահսկվում էր ոչ միայն պետության կողմից, պնդում է Ebru Boyar-ը,  այլ նաև «երևակայական բարոյական հասարակության» կողմից, որը «իշխանություն ուներ կնոջը անվանել արժանապատիվ կամ անպատիվ՝ ըստ հարմարության»: Օսմանյան «երևակայական բարոյական հասարակության» մեխանիզմը կարելի է տեսնել հայկական «Սպիտակ անուրջներ» կամ «Կտոր մը երկինք» կինոնկարների օրինակով: Վերջին օրինակը հատկանշական է: Մարգինալացնելով անպատիվ կանանց, նրանք կարծես ազատվում էին կապանքներից և նոր հնարավորություններ ստանում: Ինչպես տեսնում ենք «Կտոր մը երկինք» կինոնկարներում, Օսմանյան կայսերությունում հասարակաց տները ամենուր էին, նույնիսկ՝ գավառական քաղաքներում:

«Օսմանյան կանայք հանրային տարածքում» հետազոտության արդյունքները հաստատվում են ռուսական մի հետաքրքիր վկայությամբ: Հեղինակը վիճարկում է եվրոպական հեղինակների այն դրույթը, որ օսմանյան  կանանց կյանքը սահմանափակված է հարեմի և համամի (թուրքական ավանդական բաղնիք) մեկուսացված տարածքներով: [О турчанках // Вестник Европы, Часть 161. № 13. 1828. /http://www.vostlit.info/Texts/Dokumenty/Turk/XIX/1820-1840/Vestnik_Evropy_II/o_turchankach_1828.htm

Ըստ հեղինակի, չնայած իսլամը թույլատրում է ունեմնալ մինչև չորս կին, այդ իրավունքից թուրքերը օգտվել են շատ հազվադեպ: Նույնիսկ փաշաները սովորաբար ունենում էին մի կին, բայց բազմաթիվ կին սպասավորներ: Եթե փաշան կամ բեյը մի քիչ այլ կերպ նայեր սպասավորին, կինը նրան կհալածեր:

Թուրք տղամարդը պետք է փող աշխատի, կինը գտնում էր այդ փողերը ծախսելու նոր ձևեր: Հատկապես Պոլսի թուրք կանայք 19-րդ դարում սիրում էին նոր՝ մոդայիկ հագուստներ, երաժշտություն և պարեր: Իսկ ինչպե՜ս էին շարժվում. նրանց ամեն մի քայլը հոգու շարժում էր [Նույն տեղում]: Թրքուհին լեցուն էր կյանքով և էրոտիզմով:

19-րդ դարում մայրաքաղաքային՝ ստամբուլյան թրքուհու հակապատկերն էր հայ կինը: Փաստորեն նրա կարգավիճակը հավասարեցված էր տնային անասունի՝ ոչխարի կարգավիճակին: Ի՜նչ երգուուպար՝ խոսել անգամ չէր կարելի: Ըստ էության, հայ կինը ավելի կեղեղեքված էր, քան նույնիսկ իսլամ թուրք կամ քուրդ կինը:

Իհարկե, կոսմոպոլիտ կենտրոններում՝ Ստամբուլ/ Պոլիս, Թիֆլիս, Բաքու և այլն, բուրժուական խավի հայ կինը ավելի մեծ իրավունքներ ուներ, ավելի կրթված և զարգացած էր, քան օսմանյան թրքուհին, բայց գրական օրինակները վկայում են՝ պակաս զարգացած էրոտիկ առումով:

Դառն էր հայ կինը, թունավորված էքզիստենցիալ դատարկությամբ: Րաֆֆին «Հայ կինը» ակնարկում գրում է. «Հայ կինը կյանքի դատարկությունից անցնում է գերեզմանի դատարկություն»: Նողկալի էր հայ արհեստավորի կնոջ վիճակը՝ Նար Դոս:

Դառն էր հայուհին, իսկ քաղցր՝ ռուս կինը կամ վրացուհին: Ե. Լալայանը գրում է, որ Ախալցխայի վրացական գյուղում կանայք կանգնում են տանիքների վրա և հռհռալով և գոռգոռալով իրար հետ խոսում: Իսկ հարևան հայկական գյուղում, եթե աղջիկը ժպտաց, ուրեմն՝ բոզ է:

Ամենաքաղցրը թրքուհին էր՝ ազատ և նրբագեղ: Չարենցի «Խմբապետ Շավարշ» պոեմում գուցե հերոսը Շավարշն է, բայց պատումին էներգետիկա հաղորդողը՝ անանուն թրքուհին: Ամեն կին չի կարող հարուցել առաջին հայացքից սեր, թրքուհին ընդունակ է: 

Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը հագեցած է երազներով և էրոտիկայով: Եվ երազները և էրոտիկան իրենց կիզակետը գտնում են թրքուհու կերպարի մեջ:

Առանցքային են Յ. Օշականի անդրադարձները օսմանյան թրքուհու կերպարին: Հենց թուրքական էրոտիկայի մեջ է նա փնտրում հայկական ողբերգության արմատները:

Թրքուհին սիրո մեղրն է: 

Պետրոս Դուրյան «Թրքուհին» բանաստեղծությունը

Ինտրան Պետրոս Դուրյանին նվիրված ակնարկում գրում է՝ իր գեղեցկագոյն գործերն են «Թրքուհին» եւ «Զղջում»-ը:

Եթե զգուշավոր մեկնաբանեմ, ապա, հավանաբար, ավելի կարևոր գործեր կան, բայց գեղագիտորեն կատարյալ են «Թրքուհին» եւ «Զղջում»-ը:

Ահա Պետրոս Դուրյանի «Թրքուհին».

Երեկո է, բոցավառ է հորիզոն.

Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց,

Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,

Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված.

Եթե նայի՛,

Կ՛ըսես – հի՛մա կը մարի։

Մեղրամոմե անդրիանդի մ՛է հանգույն.

Ի՜նչ դալկահար… կարծես հաջաղը վառե

Պատան մէ նուրբ ներա վարդիցը դժգույն.

Աստված ըզնե զույգ մաչերովն կը վառե.

Եթե ժպտի՛,

Կ՛ըսես – ո՜հ, հի՛մա կ՛անցնի։

Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի,

Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ,

Նե շողերու, բույրերու է թագուհի,

Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ.

Եթե շարժի՛,

Կըսես – հի՛մա կը թռչի։

Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման.

Կուզե սիրե՜լ… համբույրի մհետ նըվաղիլ,

Մա՚իլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,

Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ.

Եթե շիկնի՛,

Կըսես – հի՛մա կը բռընկի։

Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,

Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք

Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին

Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.

Եթե խոսի՛,

Կ՛ըսես – հի՛մա կը հատնի։

Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր

Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,

Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ.

Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես…

Թե իսկ մեռնի՛,

Կ՛ըսես – հի՛մա կը ծընի։ [1871]

Գայթակղություն է առաջանում այն համեմատել «Հայուհին» բանաստեղծության հետ, բայց այս վերջինը պոետական կատակ է:

Բանաստեղծությունը, ինչպես նշում է Ինտրան, էսթետիկ կատարյալ է: Բայց այն բացահայտորեն փակ չէ, ինտերտեքստուալ է, որի ակնհայտ ապացույցը Լամարթինի հիշատակումն է. 

Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,

Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք

Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին

Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.

Իր բանաստեղծական կուռքին դիմելով Պետրոս Դուրյանը հստակ ասում է. սա այլ բան է, Լամարթին:

Ի՞սկ ինչ է ասում Լամարթինը: Լամարթինի սիրային պոեզիայում, առանց մանրամասների, կարևոր դեր են կատարում ծաղիկները և բնության կյանքը: 

Լամարթինը չի համեմատում սերը ծաղիկների կյանքի հետ: Ծաղիկները կամ լճակը, բնությունը ընդհանրապես, նրան հիշեցնում են իր կորցրած սերը և մելանխոլիայի առիթ դառնում:

Սիային մելանխոլիան օտար չէ նաև Դուրյանին, բայց այն կրկնակի կորուստ է. Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ: Այս տողը հավանաբար ասում է այն սիրո մասին, որ կարող էր լինել, բայց չի կայացել:

Եթե ընդհանրացնենք, քսան տարեկան հայ բանաստեղծը զգում է օրիենտալիզմով վարակված արևմտյան ռոմանտիկ պոեզիայի պերճանքը և թշվառությունը:

Լամարթինը և մյուս ռոմանտիկները հակադրում են «մեր սերը» էկզոտիկ արևելյան սիրոն: Դուրյանի մոտ թրքուհին էկզոտիկ չէ: Թրքուհին ունի իր յուրօրինակ արևելյան ազատությունը և բաց է սիրո համար:

Բանաստեղծությունը ոչ մի տողով իսկ չի ակնարկում, որ խոսքը թրքուհու մասին է, միայն՝ վերնագրում: Թրքուհին, իհարկե, սիմվոլիկ իմաստ ունի. այն խորհրդանշում է նաև Դուրյանի մերժվածությունը: Բայց այն նշում է նաև պոզիայի դեռ անհայտ հորիզոնները:

Պետրոս Դուրյանը մերժում է Լամարթինի օրենտալիստական ֆանտազիաները: Ինչպես գրում է Է. Սաիդը. «Զինված «Adieu»[Հրաժեշտ] պաշտոնական բանաստեղծությամբ, որը թվարկում է Արևելքում (Orient) իր նախատեսած բոլոր ծրագրերը, նա ճանապարհ է ընկնում դեպի Արևելք (East)»: Պետրոս Դուրյանը արևելքի (East) բնակիչ է, ոչ թե՝ Արևելքի հյուր (Orient): Նրա մոտեցումը ոչ թե գեոպոլիտիկ է, այլ բիոպոլիտիկ, եթե հակադրությունների լեզվով արտահայտվենք:

Բանաստեղծությունը հակաօրիենտալիստական է ոչ այն իմաստով, որ վիճարկում է Լամարթինի քաղաքական ծրագիրը: Գուցե, Պետրոս Դույանը համաձայն է եղել այդ ծրագրերի հետ:

Ավելի կարևոր հարց է առաջադրվում, որ Արևմտյան պոեզիան անընդունակ է ընկալելու սիրո արևելյան (East) կոնտեքստը:

Գաղութատիրությունը ոչ միայն և ոչ թե տարածքներ զավթելն է, այլ զգացմունքներ զավթելը և ենթարկելը: Պետրոս Դուրյանի սիրային պոեզիան գտնվում էր Լամարթինի և ֆրանսիական ռոմանտիկ պոեզիայի ազդեցության տակ: Բայց մերժելով Լամարթինին, այն հռչակում է յուրօրինակ զգացմունքային ինքնիշխանություն:

Պետրոս Դուրյանի «Թրքուհին» ոչ միայն մերժում է օրիենալիստական գրականության կողմից արևելյան մարդու զգացմունքները զավթելու և ենթարկելու իրավունքը, այլ նաև առաջարկում իր սեփական հայացքը:

Պետրոս Դուրյանի «Թրքուհին» կատարյալ է ձևի մեջ, կատարյալ է բովանդակության մեջ, կատարյալ է քաղաքական իմաստի մեջ:

Վարդան Ջալոյան