հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / Չեբուրաշկայի «հոր» դիմակը պատռեց գրողի դուստրը

Չեբուրաշկայի «հոր» դիմակը պատռեց գրողի դուստրը

Գրող Էդուարդ Ուսպենսկու դուստրը բաց նամակով պահանջել է չեղարկել նոր գրական մրցանակն իր հոր անունով անվանակոչելու որոշումը։ Տատյանա Ուսպենսկայայի խոսքով, գրողն ընտանեկան կյանքում իսկական «բռնապետ» է եղել և արժանի չէ իր անունով մրցանակ ունենալուն։ Ուսպենսկայայի նամակը պատասխան էր Էդուարդ Ուսպենսկու անվան մրցանակի լոգոտիպի համար Ռուսական պետական մանկական գրադարանի (ՌՊՄԳ) հայտարարությանը։

«Կարծում եմ, մարդը՝ ում անունով պետական մրցանակ են անվանակոչում, պետք է առաջին հերթին բարի ու բարոյական լինի: Հայրս շատ դաժան էր, իր ողջ կյանքում ընտանեկան բռնություն է գործադրել․ դա ընտանեկան հարաբերությունների նրա համակարգն էր», – գրել է Ուսպենսկայան նամակում, որը տեքստը ներկայացված է «Սոբեսոդնիկ» թերթում։

Ուսպենսկու դուստրը մանրամասնել է, նշելով, որ խոսքը շարունակական ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ բռնության մասին է՝ երեխաների, կնոջ, թոռների, նախորդ կնոջ՝ հեռուստահաղորդավարուհի Էլեոնորա Ֆիլինայի երեխաների նկատմամբ։  Ուսպենսկայայի խոսքով, կոպտությունը, վիրավորանքները, վերահսկողությունն ու բռնությունը նորմալ երևույթ էին գրողի համար, իսկ նկարահանումներում «ցուցադրական իդիլիա» էր։

Ուսպենսկայան նշել է, որ իր հայրը խնդիրներ ուներ ալկոհոլի հետ, բայց հոգեբանի չէր դիմում․ Ստոլբունի  պսևդոբժշկական աղանդի անդամ էր։ Գրողն այդ աղանդին աջակցում էր ֆինանսապես, գովազդում էր թերթերում ու հեռուստատեսությամբ։ «Նա հիանում էր Ստոլբունով ու նրա մեթոդներով, ընկերներին ու ծանոթներին էր հրավիրում։ ..․ Կարծում եմ, անունը մարդու, ով երկար տարիներ բռնություն է գործադրել ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ, չպետք է օգտագործվի այնպիսի հումանիստական ոլորտի մրցանակի անվանակոչման համար, ինչպիսին է մանկական գրականությունը», – եզրափակել է Տատյանա Ուսպենսկայան։

Տատյանային միացել է Ուսպենսկիների ընտանիքի ընկեր, գրող Վալենտին Պոստնիկովը։

«Գրադարանի աշխատակիցներին կուզենայի հիշեցնել, որ Էդուարդ Ուսպենսկին երբեք չի աջակցել մանկական գրողներին։ Չի կարելի այդպիսի մրցանակն անվանել մարդու անունով, ով չէր սիրում երեխաներին։ Նա ծեծում էր դստերը՝ Տանյային, վիրավորում էր, սառնամանիքի ժամանակ ամառային զգեստով դուրս էր վռնդում ու դուռը փակում», – հայտարարել է Պոստնիկովը։ Նա պատմել է, թե ինչպես է Ուսպենսկին իր ներկայությամբ հայհոյել ստորագրություն խնդրող երեխաներին, իսկ հետո բացատրել, որ լավ մանկական գրքեր գրելու համար պարտադիր չէ երեխաներին սիրելը։

ՌՊՄԳ֊ի տնօրեն Մարիա Վեդենյապինան հայտարարել է, որ Էդուարդ Ուսպենսկու անունը չի հեռացվի, քանի որ իրենք ուշադրություն են դարձնում ոչ թե նրա մարդկային որակներին, այլ գրականության մեջ ունեցած մեծ ավանդին․ «Վերջին հիսուն տարիներին նա հիմնական հեքիաթագիրն էր»։ Վեդենյապինան նշել է, որ եթե այդպես խորանանք բոլոր մարդկանց անձնական կյանքում, ում անունով մրցանակ կամ մեկ այլ բան է անվանակոչվել, միշտ էլ մութ կետեր կլինեն։

Նա հավելել է, որ գրադարանի անունից պատասխան նամակ է ուղարվել գրողի դստերը։ Ուսպենսկայան հայտարարել է, որ ոչ մի նամակ չի ստացել և չի պատրաստվում հետ կանգնել իր դիրքորոշումից։

Էդուարդ Ուսպենսկին մահացել է 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ ստամոքսի քաղցկեղից։ Բացի Չեբուրաշկայի ու կոկորդիլոս Գենայի մասին գրքերից ու Պրոստոկվաշինո գյուղի բնակիչների մասին պատմություններից, նա նաև «Բարի գիշեր, երեխաներ» (“Спокойной ночи, малыши!”), «Ռադիոդայակ» (“Радионяня”) և այլ հեռուստահաղորդումների համահեղինակ էր։ Մանկական գրականության ոլորտում ծավալած գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների։

Հետխորհրդային շրջանում նրա անունը հիմնականում կապվում էր իր գրքերի հերոսների հետ կապված դատական պրոցեսների հետ։ Նա, օրինակ, դեմ էր «Պրոստոկվաշինո» մուլտսերիալի շարունակության թողարկմանը և անգամ նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին, նշելով, որ «Սոյուզմուլտֆիլմը» նոր էպիզոդներ է թողարկում՝ առանց հեղինակի համաձայնության։ «Վերադարձ Պրոստոկվաշինո»-ի պրեմիերային Ուսպենսկուն չէին հրավիրել։

Գրողը պատրաստվում էր դատի տալ մուլտսերիալի ստեղծագործական խմբին՝ հեղինակային իրավունքների խախտման համար, բայց ի վերջո հաջողվեց համաձայնության գալ, որի համաձայն ստուդիան ստանում էր Պրոստոկվաշինո ապրանքանշի բացառիկ իրավունքները և պարտավորվում էր Ուսպենսկուն ռոյալթի վճարել։