Home / Մշակույթ / Իմ գեոպոլիտիկ նկարչությունը

Իմ գեոպոլիտիկ նկարչությունը

Կարծում եմ, որ ազերիները պետք չեն Թուրքիային: Այն անօգտակար կցորդ է. Թուրքիան արդեն համաձայնվել է ռուսական հարավային ճանապարհին, որ երկրորդական է դարձնում ադրբեջանական նավթա-գազամուղը: Իսկ ի՞նչ է պետք Թուրքիային: Որ Հայաստանը դառնա իր գեոպոլիտիկ դաշնակիցը:

Հայաստանը ունի անուրանալի գեոպոլիտիկ սիմվոլի դեր: Ով կվայելի հայերի համակրանքը, նա կունենա սիմվոլիկ իշխանություն Մերձավոր Արևելքում: Ով կունենա հայերի համակրանքը՝ կունենա լեգիտիմ իշխանություն հաստատելու արդարություն այս տարածաշրջանում: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան կարիք ունի ուժեղ անկախ Հայաստանի, որ կաջակցի իր գեոպոլիտիկ ծրագրերին:

Թուրքիան ստիպում է, որ Հայաստանն իր բարեկամը և աջակիցը լինի: Բռնի թե կամավոր: Որովհետև Հայաստանը կախարդական բանալիներ ունի գեոպոլիտիկակայից: Բայց մենք էլ իմանանք, որն է Հայաստանի կախարդանքը:

Ալիևն ասում է , որ չի պատրաստվում ներխուժել Հայաստան: Երևի: Այս լույսի տակ, իսկ այդ լույսը այն է, որ ռուսական պաշտոնատար անձեր կամ լրատվամիջոցներ հայտնում են, որ Հայաստանին անմիջական վտանգ չկա Ադրբեջանից:

Հավատում եմ Ալիևին և ռուսաստանյան լրատվամիջոցներին:

Բայց կա բախման երրորդ կողմ՝ ջիհադիստները: Նրանց մի մասը ոչնչացված է, մյուս կողմից անընդհատ գալիս են… Անշուշտ, Ռուսաստանը ևս անհանգստացած է: Անհանգստացած է նաև Իրանը: Ինչո՞ւ ջիհադիստների ներկայությունը ավելի կարևոր է, քան հայ-ազերական բախումը, որ թեթևամտորեն դիտվում է իբրև երկու թերզարգացած ժողովուրդների էթնիկական ատելության հետևանք:

Ադրբեջանը ոչինչ, ի վերջո կարելի է հրադադարի կամ զինադադարի բանաձև գտնել… Բայց ո՞րն է ջիհադիստների հետ հրադադարի կամ զինադադարի բանաձևը։

Այս պատերազմը երևի հնարավոր կլիներ դադարեցնել ժամանակավոր կամ այլ բան միջազգային ջանքերի շնորհիվ. բայց ջիհադը… դա պատերազմ է մինչև աշխարհի վերջը…

Չերչիլն ասում էր. գեներալները ձգտում են հաղթել նախորդ պատերազմում: Սա նախորդ՝ էթնիկական բախման վրա հիմնված հայ-ազերական պատերազմը չէ: Ինչպես պնդում է Ի.Ալիևը, դա սպառված օրակարգ է, որ չարչրկվում էր Մինսկի խմբի բանակցություններում: Ալիևի համար Արցախը այլևս չի դիտվում հետխորհրդային թնջուկներից մեկը: Այն նոր գլոբալ թնջուկներից մեկն է:

Այս հրաշքի աղբյուրը Թուքիայի նախագահն է: Եկավ Էրողանը և օրակարգը փոխեց. այն խորհրդային ժամանակներից մնացած կոնֆլիկտ չէ: Էրդողանը այն դարձրեց իսլամի և արևմուտքի քաղաքակրթկան բախումների կարևոր հարթակ:

Էրդողանը սեփական ջիհադիստներն ունի. շատ ազդեցիկ են ոչ միայն Սիրիայում՝ բոլոր սուննի երկրներում: Էրդողանը ջիհադի սեփական տարբերակը ունի: Ջիհադի մյուս տարբերակները՝ ալ ղաիդա, իսլամական պետություն․․․ չաշխատեցին:

Հիմա կիրառվում է ջիհադի թուրքական տարբերակը:

Առաջին անգամ այն կիրառվել է հայերի դեմ հարյուր տարի առաջ: Այն կարելի է անվանել սելեկտիվ ջիհադ. այդ ջիհադը բոլոր քրիստոնեա երկրների և ժողովուրդների դեմ չէ. ընտրվում են իսլամի համար հատկապես վնասակարները, և բարեկամություն հաստատվում պակաս վնասակարների հետ:

Արցախ/Ղարաբաղ խնդիրը այլևս հետխորհրդային բախումներից մեկը չէ, այլ ջիհադի՝ քրիստոնեության և իսլամի բախման տարածք: Այդ է Էրդողանի քաղաքականությունը, որը Ալիևի քաղաքականությունը չէ: Իշխանությունը պահպանելու համար նա ստիպված է ենթարկվել Էրդողանի սելեկտիվ ջիհադի քաղաքականությանը:

Հարկավոր է վերադարձնել Արցախի խնդիրը՝ իբրև հետխորհրդային թնջուկ։ Ինչպե՞ս. չգիտեմ: Բայց դա միակ ֆորմատն է:

Վարդան Ջալոյան
մշակութաբան