Home / Մշակույթ / Սիրո անարդարությունը աշխարհի անարդարության դեմ

Սիրո անարդարությունը աշխարհի անարդարության դեմ

Հայ գրականությունը և հանթոլոգիան

Անի Ասատրյանին

ՏեղեկանքՀանթալոգիան (hauntology) նոր ուղղություն է հումանիտար և սոցիալական գիտություններում։ Այն կարելի է թարգմանել իբրև ուրվականների մասին գիտություն։ Եվ ի՞նչ է գրական տեքստը կենդանի զրուցի, ձայնի ներկայության համեմատ՝ ուրու, խոսք առանց մարմնի՝ ձայնի, առանց մարդու ներկայության (գրականագետներին և գրական քննադատներին մարդու տեղ դնող չկա)։

Ուրվականները եղել են բանասերների, ազգագրագետների և հոգեբանների ուշադրության կենտրոնում, բայց արմատական փոփոխություն տեղի ունեցավ, երբ ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդան հրատարակեց «Մարքսի ուրվականները» գիրքը։ Մարքսի «կոմունիզմի ուրվականը» նշանակում է, որ ապագան մի տեղում չէ, ինչպես մի տեղում չեն անցյալի արձագանքները․ նրանք ցրված են և ամենուր։ Մենք ասում ենք «անցյալ պատերազմի արձագանքներ» կամ «փոփոխության քամի», նկատի ունելով, որ դրանք կոնկրետ տեղ չունեն:

Մարքսը կամ Էնգելսը անշուշտ հիմնվում են ուրվականի շեքսպիրյան մեկնաբանության վրա։ Շեքսպիրի մոտ, իհարկե, ուրվականը վախեցնում է, բայց ավելի շատ՝ շփոթեցնում։ Մարքսի մոտ էլ ուրվականը ոչ այնքան վախեցնում է, որքան շփոթեցնում։ Եվրոպան շփոթված է, երկմտության մեջ է՝ հայտնվել է կոմունիզմի ուրվականը։

Որպեսզի հասկանանք ավելի կոնկրետ, դիմենք մեր օրերին։ Դոկտոր, ոչ բժիշկ Գագիկ Վարդանյանը գրում է հոդված․ Ուրվական է շրջում Հայաստանում՝ հակաքաղաքանության ուրվականը։ Այդ ուրվականի անունը ըստ Գ․Վարդանյանի պոպուլիզմն է։ Ըստ նրա, նոր բաներ պետք չեն, կան հենասյուններ՝ իդեոլոգիա, իշխանություն, պետություն, պետք է հենվել դրանց վրա։ Շեքսպիրի Համլետը կվիճեր մեր հեղինակի հետ, նա վիճարկում էր բոլոր թվարկված սկզբունքները։ Կամ՝ Գագիկ, կամ՝ Համլետ։

Բայց մեզ ի՞նչ Շեքսպիր, Մարքս կամ Գագիկ։ Մենք չենք որոշում՝ կգան ուրվականները, թե ոչ։

Սկսենք Հ․ Թումանյանից․

Ուրու
Դո՞ւ ես, իմ սիրո՜ւն,
Այն չըքնաղ ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից։

Դո՞ւ ես գըրկաբաց
Հայտնըվում հանկարծ,
Ուզում ես գըրկել,
Ու հանկարծ, մեկ էլ
Խավարի միջում
Սահում ես, կորչում․․․

Դո՞ւ ես ծիծաղով
Կամ ծանոթ ձայնով
Մեր սիրած երգի՝
Իմ լուռ սենյակի
Մոտից հեռանում
Գիշերվա մըթնում․․․

Ասա՛, իմ սիրո՛ւն,
Դո՞ւ ես այն ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից․․․

Թումանյանը այստեղ մոտ է Շեքսպիրին․ մի ուրվական է շրջում Հայաստանում՝ սիրահարվածության ուրվականը։

Բոլորովին չեմ հակադրում Տերյանին Թումանյանին։ Ինձնից լավ Նվարդ Թումանյանը կասի, թե ինչու։

Բայց Տերյանի ուրուն այլ է, քան Թումանյանի ուրուն։ Սիրահարվածությունը տարերք է, սերը՝ անձնական։ Սիրո ուրվականը այլ է, քան սիրահարվածության ուրվականը․

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Իսկ սա բացում է ուրվականի տերյանական ընկալման սկզբունքը․

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք, – ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. –
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Եվ ով չգիտի, կներեք, արական էգոիզմի համար, որ կնոջը չես սիրում, այլ նրա ուրվականը։

Հավելեմ․ այդպես է սերը ապրում Հայաստանում, իբրև հալածված ոգի, իբրև ուրու։ Ես չգիտեմ՝ Ֆորշը գիտի․

Ես ուրվական եմ սիրելիս
Ավաղ կհիշեցնի ինձ երգը քո թովիչ
Ապրած ու մոռացված անցածը հետքերից
Նորից կյանքն էր ընթանում իր հանգիստ հունով
Նորից տխրեցնում էր ինձ երգը քո թովիչ
Ես ուրվական եմ սիրելիս քո սիրո համար
Ես ուրվական եմ սիրելիս
Ես ուրվական եմ սիրելիս քո սիրո համար
Ես ուրվական եմ
Բայց դեռ չի ավարտվել դեռ ծեսը քո թաղման
Արդեն քրմերն ուզում են որ հարստանան
Բայց դեռ չի մոռացել քո երգը սատանան
Դրսում քեզ է սպասում ծերուկ մի կառապան

Ես ուրվական եմ սիրելիս քո սիրո համար
Ես ուրվական եմ սիրելիս
Ես ուրվական եմ սիրելիս քո սիրո համար
Ես ուրվական եմ
Եվ քեզ հեռու կտանի կառապանը այն
Հեռու ու մոռացյալ աշխարհն ունայնության
Եվ քեզ էլ չի լսի պառաված սատանան
Ու դու ցավից հարբած կասես փրկիր Աստված
Ես…
Մի տխրիր ես եմ քո ընկերը
Ես ուրվական եմ սիրելիս քո սիրո համար
Ես ուրվական եմ

Մենք այնպես ենք խոսում ուրվականների մասին, կարծես մեր բնակարանի կահավորանքը լինեն, ինչպես աթոռը կամ սեղանը։ Կյանքը կահավորված է, այդ գույքը անպատճառ իր մեջ ուրվականն է ներառում։ Ռ․ Հախվերդյանը դա պարզ է բացատրում․

Ինձ մի փնտրիր, մի թակիր իմ պատուհանը,
Այստեղ եմ ես, ես, կամ էլ իմ ուրվականը։
Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը,
Այ քեզ հրաշք, սա իմ տու՞նն է թե՝ զնդանը։ Դու ինձ ասա, գոնե դու տուր պատասխանը,
Ու՞մ տունն է սա, ու՞մն է այս բնակարանը։
Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը,
Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը։
Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը,
Ու՞մ գործն է դա, մի՞թե դա է էականը։
Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,
Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը։
Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը,
Նրան անձայն կընդունի իմ ուրվականը։
Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։
Կահագանգի նա իր ղեկավարությանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։
Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
Գինում խեղդված կճչա խցանահանը,
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։
եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը,
Գուցե և ձեգ ընդունի իմ ուրվականը։
Չզարմանաք, մի՞թե դա է էականը,
Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը։
Ինձ մի փնտրիր, ոստիկան,
Ես քեզ համար չեմ ես չկամ։
Դու ինձ ինչքան էլ որոնես,
Ուրվականիս կհանդիպես։

Ինձ թվում է, Ռ․Հախվերդյանը ասում է՝ ուրվականները իրականության մի մասն են, չկա իրականություն առանց ուրվականների։

Մի պահ կանգ առնենք։ Ուրու, ըստ ստուգաբանության, նշանակում է երևալ։ Բայց ո՞նց․ մենք աչքեր ունենք, ու տեսնում ենք, միշտ տեսնում ենք։ Ուրվականը հայտնվելու շանս չունի՞։ Ունի։ Տեսողությունը կանգ է առնում, որ տեղ տա տեսիլքին։ Աննա Ախմատվայի Ուրու բանաստեղծության մեջ ոչ ուրուն է հիշատակվում, ոչ՝ տեսիլքներ։ Բայց այն կա՝ տեսողությունը պատրաստ է տեսնելու, այն կանգնել և սպասում է ուրուի։ Կներեք, չեմ թարգմանում․

Призрак— Анна Ахматова

Зажженных рано фонарей
Шары висячие скрежещут,
Все праздничнее, все светлей
Снежинки, пролетая, блещут.
И, ускоряя ровный бег,
Как бы в предчувствии погони,
Сквозь мягко падающий снег
Под синей сеткой мчатся кони.
И раззолоченный гайдук
Стоит недвижно за санями,
И странно царь глядит вокруг
Пустыми светлыми глазами.

Կան բաներ, որ ոչ մի բանի նման չեն։ Սերը ուրվականի՞ է նման, վրեժի՞ է նման, ինչպես Համլետում։ Սերը նման է մահվան, մահը նման է սիրուն։

Ո՞նց են նման։ Մահը, ինչպես սերը, անարդարության վերջին սահմանն է։ Հիսուս Քրիստոսը ասում է՝ սիրեք միմյանց։ Այն կոնտեքստ ունի․ ամեն ինչ անարդար է, սերն էլ է անարդար՝ ներիր թշնամիներին։ Սիրո անարդարությունը աշխարհի անարդարության դեմ։

Սերը անարդար և չար է։ Արդեն փորձում ենք հասկանալ Եղիշե Չարենցին․

Դու հրե մի ուրու ես…
Դու հրե մի ուրու ես, աղջի՛կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես։
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՛կ ես —
Ու մոտիկ ու հեռու ես այնպես։

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՜ւց ես երգել եմ —
Քո կարոտը ու փառքը անուշ։

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես —
Կարկաչում ու կանչում ես հեռու…

Հայկական ժողովրդական պատկերացումներում ուրվականը թուրքի մեռելն է, որ հաշտ չի եղել քրիստոնյաների հետ։ Երևի նոր միֆոլոգեմ է՝ կապված մեր պատմության հետ։ Բայց օրինակը ցույց է տալիս ուրվականի մյուս կողմը․ այն մյուս կողմը չէ՝ մեր էությունն է։

Ինչո՞ւ է ուրվականը մեր հետ։ Որովհետև մենք կմեռնենք, ու կմեռնենք անարդար։ Դա ոչինչ, բայց մեռնելուց հետո չկարողանանա՞նք բողոքել, որ մեր մահը անարդար է եղել։ Ուրվականը անարդար մահվան սիմվոլն է։ Որտեղ անարդարություն, այնտեղ Մարքսի ուրվականներն են, որ պահանջում են հիշել իրենց կրած զրկանքները։

Սա Չարենցի Մահվան տեսիլն է․ ուրվականները մոտենում են կախաղանին։ Ուրվականների երթում առաջինը Չարենցի ուրվականն է․

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
ՈՒ լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց — մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․

Վարդան Ջալոյան