Home / Մեդիա / «Ի՞նչ է սերը» հարցի պատասխանից է կախված մեր ապագան․ Արման Գրիգորյան

«Ի՞նչ է սերը» հարցի պատասխանից է կախված մեր ապագան․ Արման Գրիգորյան

Հեղինակ՝ Արման Գրիգորյան

Հոդված՝ Ռոմեո և Ջուլիետ. «Ի՞նչ է սերը» հարցի պատասխանից է կախված մեր ապագան

Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ն ուզում եմ դիտարկել մեզ համար այսօր կարևոր խնդիրների տեսանկյունից՝ զուգահեռներ տանելով Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հետ, որը մեզանում արդարացիորեն ընկալվում է իբրև շեքսպիրյան հանճարեղ պիեսի յուրօրինակ վերաշարադրում:

Առավել հաճախ այս երկու պատմություններն ընկալվում են իբրև ռոմանտիկական սիրո բարձրակետեր, Թումանյանինը դեմ չէի լինի «ռոմանտիզմ» բառով բնորոշել, սակայն Շեքսպիրի դեպքում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը հնարավոր չէ միայն գեղագիտական սահմանների մեջ դիտարկել, ինչպես և «հարեմի վարդ» Աիշայի պատմությունը Ղուրանի մեջ՝ անտասելով կրոնա-բարոյական համատեքստը: Շեքպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը քրիստոնեկան աշխարհում կրոնա-բարոյական հակասական պատկերացումների մեջ հստակություն մտցնող կարևորագույն մի տեքստ է, որը հսկայական ազդեցություն է թողել ինչպես աբրահամյան կրոնների, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների, այնպես էլ ամենատարբեր մշակութային հիմքեր ունեցող մարդկանց վրա:

Կենտրոնական պահը մարմնական անշահախնդիր Սիրո պատկերացնումն է, որը ոչ մի ուրիշ նպատակ չի հետապնդում, բացի սիրո գործողությունից: Հաշվի առնելով, որ բարոյականությունը հետապնդում է միայն մի նպատակ, որը հանրային օգտակարությունն է (ցեղի, քաղաքի,կայսրության, ազգի, գերդաստանի, պետության և այլն) և, հետևաբար, պիտի կարողանա գիտատեխնիկական աճի շնորհիվ գտնել լավագույն տարբերակ՝ ապահովելու համար անհատի ու հասարակության ներդաշնակ ու բարգավաճ գոյությունը: Հասկանալի է, որ հնացած, ավանդական և դոգմատիկ նորմերն անհրաժեշտաբար կարող են փոխվել: Սա հասկանալի էր արդեն Նոր Կտակարանի ստեղծման պահին, նույնիսկ իսլամի հետևորդները, որոնք ակնհայտորեն փորձում են Հին օրենքները պաշտպանել քրիստոնեաներից և աթեիստներից, չեն մերժում, որ բարոյականության նորմերը բնագիտական հայտնագործությունների հետ մեկտեղ պետք է փոփոխվեն, որպեսզի ավելի էֆեկտիվ ու օգտակար լինեն ապրող համայնքների համար: Եվ ուրեմն, կարևոր մի խնդրի անրադառնանք, որը հուզում է շատ և շատ մարդկանց: Վերջերս սոցիալական ցանցերում հանդիպեցի մի այսպիսի հարցադրման «ինքնասպանություն գործած Ռոմեոն և Ջուլիետը հիմա որտե՞ղ են, դրախտո՞ւմ, թե՞ դժոխքում»: Ինքնասպանության հանդեպ պատկերացման փոփոխությունը Շեքսպիրի մոտ հստակ է: Երկու գլխավոր հերոսների ինքնասպանության հաղթանակող մանիֆեստացիայով Շեքսպիրն ազդարարում է, որ ամեն ոք ինքն իր սեփականությունն է և որ այս գիտակցությունը միակն է, որը կարող է հաշտեցնել, դեռևս Դանթեի «Աստվածային կատագերգության» մեջ հիշատակված անհաշտ ցեղերին՝ Մոնտեգյուների և Կապուլետների գերդաստաններին: Ի դեպ, մինչ Շեքսպիրը եղած «Ռոմեո և Ջուլիետ»-ների մեջ այս պահն աշխատում էին այնքան էլ չընդգծել: Սկսած Օվիդիոսի «Պիրամ և Ֆիսբա»-ից մինչև մեր Հովհաննես Թումանյանի «Անուշը» կամ բոլորին հայտնի «Տիտանիկ» ֆիլմը, մարմնի նկատմամաբ ինքնասեփականության հարցը տեքստի հեղինակների համար խնդրահարույց է մնում, սակայն նույնը չի կարելի ասել ընթերցողի մասին, որը առաջնորդվում է կարծես Պողոս առաքյալի իրարամերժ ու հակասական մտածումների տրամաբանությամբ, որը կարելի է ձևակերպել ընդհամենը մի նախադասությամբ՝ «եթե սիրում ես, ուրեմն փրկված ես»: Այլ կերպ ասած կամ, ավելի ճիշտ, այսօրվա իրողություններից ելնելով՝ կարող ենք ասել. «եթե հավատում ես միակ աստծուն, որը սերն է, ապա կարող ես չենթարկվել շարիաթին»։ «Օրենք» բառը «շարիաթ» բառով հնչեցնելը կարևոր է, որովհետև մենք շրջապատված ենք իսլամական երկրներով: Շեքսպիրի և Թումանյանի համար աստված դա սեր է, հետևաբար սերը աստված է: Եթե Օվիդիուսի ողբերգական պատմությունը, Նոնուս Պանոպոլսեցիի մեկնաբանությամբ, դեպի իրար ձգտող երկու գետերի առաջացման մարդակերպ մի պատմություն է և մարդկային հարաբերությունների նմանակմամբ բացատրվում են բնական երևույթները, ապա Շեքսպիրի համար այս մինչգիտական պատկերացումներն իրենց մեջ շրջակա աշխարհը բացատրելու ինֆանտիլ փորձերից բացի մեկ ուրիշ կարևորություն էլ ունեն, որը բոլոր ժամանակներում մարդու և աստծո նմանության հարցն է, և որից էլ հետևում է միջանձնական փոխհարաբերությունների կարևորությունը, անհատ-հասարակություն հարաբերությունների կարևորությունը, որը կրոնական ուսմունքները փորձում են կարգավորելч անձնական շահը ծայրահեղորեն ընդգծելով, խոստանալով ենթադրյալ օգտապաշտ ու շահամոլ իրենց հետևորդներին դրախտում հավիտենական երջանկություն, եթե նրանք այս աշխարհում հանրային օգուտի համար բազմաթիվ սահմանափակումների պահանջին անվերապահորեն ենթարկվեն՝ պահպանելով հասարակական հանգստությունը: Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ում հայր Լավրենտիոսը հստակորեն ցուցադրում է քրիստոնեական կրոնականի իր այս դերը:

Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ում էլ կա կրոնական թեմա, որը, սակայն, գլխավոր դեր չի կարողանում խաղալ, նա պատրաստ է Սիրո անունից փրկել իրավիճակը, սակայն ավանդույթը, որը ամենայն հավանականությամբ իսլամական օտար միջավայրի ակնարկն է, որովհետև «հնոց ադաթ» բառերով է բնորոշվում, իսկ մեզ համար պարզ է, որ մուսուլմանները քրիստոնեությունը մերժում են հենց այդ վաղ հողագործական-անասնապահական «հնոց ադաթ»-ի մակարդակում: Հովհաննես Թումանյանը ենթադրում է, որ իր տեքստի ընթերցողը ծանոթ է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ին և քրիստոնեության այս նոր պատկերացմանը, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում արդեն բացահայտորեն ցուցադրել էր իր առավելությունները հանրային շահի տեսակետից և առավելապես կենտրոնանում է հետամնաց ու բարբարոս բարքերի քննադատության վրա: Եթե Շեքսպիրի մոտ քաղաքային իշխանությունները և տեղական էլիտան քրիստոնեական սիրո կոնցեպցիան լավ չհասկանալու պատճառով կորուստներ են ունենում, ապա Թումանյանի մոտ ընդհանրապես չկան կրոնից տարբերվող իշխանություններ։ Սարոն էլ, Մոսին էլ «հովիվներ» են, ուղիղ և փոխաբերական իմաստով, երկուսն էլ հակված են էքստազի ու անընդունակ երկխոսության: Թումանյանի մոտեցումը, որ անտեսել է աշխարհիկ որևէ իշխանության ներկայությունը, հակված եմ բացատրել նրանով, որ իր ժամանակ դա կնշանակեր մեղադրել ցարական կայսրությանը հետամնաց ուղղափառության մեջ, որը քաղաքական առումով հայ ազգայնականության տեսակետից հակապրոդուկտիվ կլիներ: Հայ ժողովուրդն ինքն իր հարցերը պետք է լուծի, ոչ թե ակնկալի, որ գիտությունը և առաջադիմությունը դրսից կմտնեն մեր մեջ, այս իմաստով Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը կին հերոսի կերպարի վրա առավել մեծ կենտրոնացումով կարծես ավելի ռադիկալ է, թեպետ Շեքսպիրի մոտ էլ Ջուլիետը բավական կենտրոնական դիրք է գրավում երկու կին պերսոնաժների նկատմամբ՝ բիոլոգիական մոր և դայակի, որոնք երկուսն էլ կոնֆորմիստներ են, ու Ջուլիետը ստիպված է լինում միայնակ գործելու՝ համերաշխության ակնկալիք չունենալով:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում նման պատմությունները, երբեք չմոռանալով, որ կրոնական բոլոր գրքերի մեջ հենց նմանատիպ պատմություններ են, որոնք տեղի են ունեցել հաճախ պատմականորեն իսկապես գոյություն ունեցած մարդկանց հետ: Եվ ուրեմն, ի՞նչ էր ուզում ասել Շեքսպիրը և նրանից հետո մինչև այսօր սիրահարությունը և սերը նույնականացնող մնացած բոլոր հեղինակները, այդ թվումч մեզ համար այնպիսի կարևոր հեղինակ, ինչպես Հովհաննես Թումանյանը: Ակնհայտ է, որ մարմնական սերն ընդամենը մեկը մյուսին ֆիզիկապես տիրելու պահանջը չէ: Սիրո գործողության մեջ մեկի գոյությունը դառնում է կարևոր մյուսի համար. դա ուրիշի միջոցով ինքդ քեզ ճանաչելու հնարավորություն է, նույն ինքը՝ հոգևոր կոչված փորձառությունը: Եթե կենցաղային իմաստով հասկացված սիրահարությունը չի ենթադրում փոխադարձություն, ինչպես նկարագրվում է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի սկզբում Ռոմեոյի և Ռոզալինի հարաբերությունների դեպքում, ապա իրական սիրո ժամանակ այն միշտ փոխադարձ է ու եթե փոխադարձ չէ, ապա սեր չէ: Այն աստծո հետ միանալու նման փորձառություն է, դրա համար պատահական չէ, որ Թումանյանը իր պոեմն ավարտում է երկնքում իրար մոտեցող աստղերի պատկերով: Կողքից անտարբեր դիտողի համար սա նման է խելագարության հոգեվիճակի, որովհետև մեծ սիրո զգացմունքը ապրած մարդու համար կյանքն ավելի ունիվերսալ նպատակ է ձեռք բերում, իսկ նորմալության պաթոլոգիայով անհատները դա հասկանալ չեն կարող: Սիրահարվել-սիրելով մարդը ճանաչում է ինքն իրեն՝ որպես կենդանի ապրող կյանք: Հնարավոր չէ ստիպել ինքդ քեզ կամ մեկ ուրիշին սիրել: Իբրև թե ավանդական ու փորձված միջոցներն ընդամենը դժբախտացնում են, իսկ սերը՝ հակառակը՝ ոգևորում է ու ավելի մեծ օգտակարություն կարող է ունենալ հասարակության համար, որովհետև ինչպես Ջուլիետան է ասում՝ այն որքան տալիս ես, այնքան ավելանում է: Որեմն, նոր մեկնաբանությունն անհրաժեշտություն է, երբ ընթերցում ենք հին տեքստերը և, ինչ խոսք, շատերն են դա անում, իսկ գրողներն էլ հաճախ հենց միայն դա է որ անում են, ինչպես Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ում Մերկուցիոն, որը սյուռեալիստական պատկերներ է սարքում հինավուրց տեքստերից, կարծես ծաղրելով մինչև հիմա պարբերաբար հայտնվող օկուլտիստներին ու միստիկներին, սակային, քանի որ ինքն էլ է զրկված սիրելու կարողությունից, միգուցե հենց այն պատճառով, որ թերագնահատում է նյութական սերը, ընդհամենը կարող է անիծել քաղաքացիական պատերազմները: Ինչ-որ առումով Մերկուցիոն նմանվում է Դոստոևսկուն, ինչու չէ նաև Տոլստոյին, որի Աննա Կարենինան Ջուլիետի ու Անուշի նման անձնասպան է լինում, այս դեպքում՝ նետվելով գնացքի տակ և դառնալով խորհրդանշական կերպար, սակայն վստահորեն չի կարելի պնդել, որ վերջին երկու ռուս հեղինակները հասկանում էին իրենց հերոսներին և ապրումակցում նրանց: Շեքսպիրի և Թումանյանի դեպքում նման հարց չի առաջանում, նրանց համար հստակ է, որ սեռականությունն ավելին է, քան բազմացումը ու տեսակի պահպանությունը, և որ «ի՞նչ է սերը» հարցի նկատմամբ մեր տված պատասխանից է կախված մեր հասարակությունների ապագան: