Արմեն Հայաստանցի․ Արծաթե դարպաս
Խորհրդահայ անցյալը պեղումների կարիք ունի։ Արմեն Հայաստանցու «Արծաթե դարպասներ» պատմվածքը ուշ խորհրդային տարիների պիոներական մանկության մասին է։
Արմեն Օհանյանը/Հայաստանցի 1986 թվականին յոթ տարեկան էր և հազիվ թե ուներ պիոներական կյանքի փորձառություն։ Բայց ինչպես գրված է Վիքիպեդիայի իր կենսագրականում՝ «նախադպրոցական տարիների մի մասն ապրել է հոր մանկավարժ ծնողների հետ՝ Սևանի մանկապատանեկան առողջարաններից մեկում, որտեղ վերջիններս աշխատում էին»։ Այնուամենայնիվ, դա քիչ է, և հեղինակը իր պատմությունը հիմնավորում է մի ուկրաինուհու վկայություններով, քանզի «Բայց արի ու տես, որ մեր պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա»։
Պատմվածքի արծաթե դարպասները «Սևան» մանկական առողջարանի դարպասներն են, գլխավոր հերոսուհին՝ Ալիսա Մելնիկը դեռ 12-ը նոր բոլորած սովետական պիոներ էր, ով եկել էր Կիևից։
Ի՞նչ է պիոներական ճամբարը։ Երեխայի ևս մեկ քայլ դեպի պայծառ ապագա։ Ինչպես գրում է հեղինակը, «Սևան» մանկական առողջարանը Սովետի գտնված մետաֆոր էր՝ փակ միջավայր, ․․․որտեղ կյանքը հոսում էր երկու հունով՝ կեղծ կոմունիստական ․․․և անկեղծ մանկապատանեկան․․․»։
Խորհրդային գաղափարախոսությունը իդեալականացնում էր երեխային, հատկապես նրա սովետական տարատեսակը՝ պիոներ/պիոներուհուն։ Նոր արդար (կոմունիստական) հասարակության կառուցումն ապահովելու համար մեծահասակները պետք է պատշաճ կերպով կրթեին երեխաներին՝ ապագայի իրենց բանագնացներին, ովքեր պետք է յուրացնեին գիտությունը և տեխնիկան, խամ ու խոպան հողերը և, իհարկե, թռչեին տիեզերք: Այստեղից էլ հայտնի կարգախոսը՝ «Երեխաները մեր ապագան են»։
Բայց 1986թ․ ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց խորհրդային գաղափարախոսությունում։ Եվ այդ իրադարձությունը Արմեն Հայաստանցին համարում է Չեռնոբիլյան աղետը։ Պատմվածքի թեման հենց դա է, ըստ հեղինակի։
Այդ ամառ Ուկրաինայից Չեռնոբիլի աղետի հետևանքով տասնյակ հազարավոր երեխաների «էվակուացրել էին» Սովետով մեկ սփռված բազմաթիվ մանկական ճամբարներ։ Այդպես Ալիսա Մելնիկը, գերազանցիկ աշակերտ, մտավորականների դուստր, համոզված և ակտիվ պիոներ, հայտնվել է Հայաստանում։
Պիոներական ճամբարը խորհրդային մանկական արձակի և կինոյի բնորոշ միջավայր է: Ինչպես գրում է պատմողը, «ժանրի կանոնների համաձայն, խոստանում է հասունացման մի պատմություն․ գուցե մանկապատանեկան ամառա-ճամբարային արկածապատում՝ սովետական օպտիմիզմով ու կարոտախտով լի ․․․»։ Կամ գուցե «Վլադիմիր Սորոկինի ոճով սոցռեալիզմը ծանակող մի պատմություն հյուսվի»։
Ի վերջո, ո՞րն է գրականության ամենակարեւոր գործառույթներից մեկը։ Որ օգնի հասկանալ ինքներս մեզ: Բառերով արտահայտել այն, ինչ մենք ինքներս չգիտենք բառերով արտահայտել կամ չենք համարձակվում: Եվ քանի որ մարդը փոխվում է իրեն շրջապատող աշխարհի հետ մեկտեղ, փոխվում են այն պատմությունները, որ գրականությունը պատմում է։ Պատմվածքում անցումայն շրջանն է, երբ խորհրդային պատումները քայքայվում են, և նոր պատումները իրենց համար արտահայտվելու ուղիներ են փնտրում։ Զուգորդվում են խորհրդային մանկական հանգստի համակարգի և նրա գաղափարական լանդշաֆտի ոչնչացման ընթացքները։
Պիոներական ճամբարի մասում պատումները ևս ժամանակի ընթացքում փոխվեցին։ 1990-ականներին ի հայտ եկան խորհրդային մանկական ճամբարի տարածության առասպելականացման սոցիալական նոր համատեքստեր։ 1990-ականների երկրորդ կեսից պիոներական անցյալի մասին նոստալգիկ դիսկուրսի ձևավորման հետ միաժամանակ պիոներական ճամբարին տրվեց նաև «սարսափելի վայրի» կարգավիճակ։
Պիոներական ճամբարը նույնքան լքված վայր է, որքան խորհրդային ժամանակներից լքված շինհրապարակները կամ փլուզվող արտադրական շինությունները։ Մի կողմից լքվածությունը, մյուս կողմից՝ այն դեռ պատմական հուշարձան չէ, բայց ունի զգալի գեղագիտական ներուժ, ինչի մասին է վկայում պատմվածքի ավարտող տեսարանը․ «2021-ի հունիսյան մի արևավառ օր Ալիսա Մելնիկը մորուքավոր գրող դարձած փոքրիկ տղայի ուղեկցությամբ վերստին կանգնեց ստալինյան բարոկկո ոճի արծաթափայլ դարպասի դիմաց, որն էս անգամ գլորվելով չբացվեց։ Մի կերպ ներս սողոսկեցին։ ․․․Շրջեցին ներսում, կոկորդիլոսին գրկած տղայի բետոնե արձանի մեծ մասը քայքայվել էր, փոխարենը մեծ շենքերը դեռ կանգուն էին՝ կոտրած ապակիներով, յոթ փակի տակ։ Լուռ լքեցին տարածքը, կարծես հարազատ հանգուցյալի դագաղի մոտից էին հեռանում, որ հաստատ մեռել էր, բայց դեռ թաղված չէր»։
Խորհրդային երկիրը նաև նամակների երկիր էր։ Երևի ուշ խորհրդային շրջանի ամենահայտնի նամակը ամերիկուհի աղջնակ Սամանթա Սմիթի նամակն էր գենսեկ Յուրի Անդրոպովին։ Սամանթա Սմիթը հերոսուհու իդեալն է։
Սամանթային անվանում էին և՛ խաղաղության փոքրիկ դեսպան, և՛ քարոզչական գործիք։ Իհարկե, քարոզչություն կար, բայց ավելի կարևոր է, որ նա հմայեց խորհրդային ժողովրդին իր ամերիկյան ինքնաբուխությամբ և ամերիկացիներին ցույց տվեց ԽՍՀՄ մարդկային դեմքը։
Իր նամակում նա մասնավորապես գրում է․ «Ես շատ անհանգստացած եմ, որ միջուկային պատերազմ կսկսվի Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև։ Դուք պատերազմի կողմնակի՞ց եք, թե՞ ոչ. եթե դեմ եք, ապա ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս եք կանխելու պատերազմը»։ Ի վերջո Անդրոպովը պատասխանում է Սամանթային։ Մասնավորապես, նամակի հեղինակը հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը միասին կռվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում և գրում է, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է խաղաղ ապրել «այնպիսի մեծ երկրի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է»։ Վերջում նա հրավիրում է Սամանթային այցելել Խորհրդային Միություն և իր աչքով տեսնել Խորհրդային Միության խաղաղասիրությունը:
Սամանթա Սմիթը այցելեց Խորհրդային Միություն, այցելեց Լենինի դամբարան, ծանոթացավ առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի հետ, մի քանի օր մնաց «Արտեկ» ճամբարում։
Երբ Սամանթա Սմիթի մահվան լուրը հասավ Ալիսային, նա երեք օրուգիշեր լաց էր եղել։ «Ալիսան թերթերից կտրել ու պահել էր Սամանթայի նկարները, իսկ «Արտեկ»-ում արված լուսանկարը, որտեղ Սամանթան արտերկցու համազգեստով ու լոդչկա գլխարկով էր, ապակեպատ շրջանակի մեջ կախել էր իր սենյակի պատից»։
Հերուսուհին՝ ոգևորված Սամանթայի օրինակով, ևս նամակներ էր գրում․ «Ալիսան իր նամակները հասցեագրում էր ոչ միայն Սպիտակ տուն կամ Մոսկվայում ԱՄՆ դեսպանին, ինչպես ուղղորդված անում էին իր դպրոցական ընկերները, այլև շատուշատ տարբեր մարդկանց, այդ թվում՝ մի անկեղծ նամակ էր ուղարկել Սամանթայի ռուս ընկերուհուն՝ Նատաշա Կաշիրինային, որ բախտ էր ունեցել «Արտեկ»-ում նրա սենյակակիցն ու թարգմանիչը լինել»։ Ինքս քաղաքական նամակներ չեմ գրել, իմ համար դա շատ պաթետիկ է, բայց տասնյակներով ստորագրել եմ։ Երևի դա նույն բանը չի։
Բայց Չեռնոբիլի աղետը խլացրեց Ալիսայի մեջ Սամանթայի ձայնն ու գլխիվայր շրջեց Սառը պատերազմի վախերի սլաքը դեպի ներս։ Վախը կրկին միջուկային էր, բայց այս անգամ ատոմակայաններից։ Հայաստանում ևս կար ատոմակայան՝ Մեծամորինը, և ճամբարականների համար նրա հնարավոր աղետը դառնում է քննարկման առարկա․ «Տագնապի ու խուճապի ալիքը, որ հաշված օրերի ընթացքում փոթորկեց մեծերի աշխարհից անջատ, իրենց զուգահեռ իրականության մեջ ապրող երեխաների կյանքը, հնարավոր միջուկային արհավիրքից անպաշտպան լինելու հուզական ալիքն էր»։
Հետագայում պիոներական ճամբարի կյանքը քաղաքականացվում է․ պատի թերթում «Ալիսան համարձակվել էր հեղինակել «Mиру мир, НЕТ войне в Афганистане!» վերնագրով մի համառոտ նյութ»։ Հետո գրեցին «Չեռնոբիլ-Մեծամոր» մյուզիքլի ամբողջ սցենարը և բեմադրեցին, արդեն առանց Ալիսայի ներկայության, նա ստիպված էր թողնել ճամբարը։
Ալիսայի մեջ կրկին արթնանում է ձայնը, բայց այն «վաղամեռիկ Սամանթայի ձայնը չէր, այլ ապագայից, հրաշալի ապագայից հյուր եկածի ձայնն էր»։ Կրկին արթնանում է նամակ գրելու ցանկությունը․ «Նամակնե՛ր։ Գրել նամակնե՛ր, հեղեղել նամակներով Հայաստանի պատասխանատու պաշտոնյաների գրասենյակները, դիմել բոլոր անվանի մարդկանց՝ գրողներին, ակադեմիկոսներին, մտավորականության այլ ներկայացուցիչների, հեղեղել բաց նամակներով բոլոր խմբագրությունները՝ թե՛ համամիութենական, թե՛ տեղական, բարձրաձայնել Մեծամորի հարցը և, իմիջայելոց, նամակի վերջում բոլորին հրավիրել իրենց ավարտական հանդեսին»։
Նամակները մեծ խորհրդանշական նշանակություն ունեն պատմվածքում։ Կարելի է նրանց համարել խոսքի ազատության խորհրդանիշներ, բայց նաև անցած դարաշրջանի։ Հիմա նամակների փոխարեն ստատուսներ են գրվում, հիմա պատմվածքներն են նամակներ։
Վարդան Ջալոյան, մշակութաբան