Home / Մեդիա / Անձրևի խավար կողմը

Անձրևի խավար կողմը

Հարկավոր է ոչ թե վայելել գետերը, այլ՝ հսկել ամպերը։ Երկուսի էությունը նույնն է, բայց տարբեր է նրանց շարժումը՝ մեկը հոսում է, մյուսը՝ թռչում։ Ամպերը ավելի անսպասելի են։ Երբ չեն թռչում, սկսում են հոսել։ Անձրևը գաղտնիք է, կրկնակի գաղտնիք, թաքնված ջրերում, թաքնված երկնքում։ Չես լողա իր մեջ, ինքն է լողում օդային բարձրությունում, չես անցնի՝ նա հենց անցում է։

Համո Սահյանը զգում է անձրևը իբրև տարածության մեջ ծավալվող պլանետար երևույթ։ Իր «Անձրևից»․


Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Անձրևի կաթիլների իջնելը չի միայն, այլ ներկայացում, որում ներկա են ամպերը, ամպրոպը, կայծակը, ծառերը, ձորը, գետակը և ռեժիսորը՝  «Ինքը-Նորին Մեծություն,/ Փլված երկինքը»։ Երբ տեղատարափ է, անհնար է անտարբեր մնալ, անձրևը ձգում է, մարդը մոտենում է պատուհանին և ակնապիշ նայում այդ զարմացնող և հզոր ներկայացմանը։ Բայց Համո Սահյանը պատուհանից չի տեսնում ներկայացումը, նա կարծես այն դիտում է երկնքին մոտ շատ բարձր կետից։

Անձրևը բարդ էություն է։ Այն կհասկանա միայն նա, ով և՛ լողալ գիտի, և՛ թռչել։ Մարդը՞։ Մարդը նույնիսկ լավ չի քայլում։ Բայց երբ սովորում է քայլել, մտածում է՝  կարող է լողալ կամ թռչել։ Հաջողություն իրեն։ Մենք դիմում ենք անձրևներին, որովհետև մարդու հանդիպումը անձրևի հետ համարում ենք կարևոր։ Իհարկե, կարևոր է սուպերմարկետ գնալը, ֆեյսբուքում լայք դնելը, բայց անձրևը այլ կարգի իրադարձություն է։ Առաջին հերթին, այն միայնակության մեջ հանդիպում է ինքն իր հետ՝ բնության միջնորդությամբ։

Ի՞նչ գիտենք անձրևի մասին։ Որ այն գալիս է, որ հոտ ու համ ունի, որ կարող ենք թրջվել․․․ անձրևը մեծ է ինչպես ամպերը, մենք սովոր չենք մտածելու մեծ բաների մասին, երևակայություն և ճիգ է հարկավոր․․․

Գիտությունը քիչ բան գիտի իրերի մասին, գիտությունը փաստորեն միայն չափումներ են։ Անձրևի դեպքում՝ կլիմայական չափումներ՝ խոնավություն, ջերմաստիճան, քամու ուղղություն։ Բայց կան մարդիկ, որ կանգնում են անձրևի տակ և փորձում ընդգրկել նրա պլանետար լայնքը։

Միսաք Մեծարենցի համար անձրևը քահանա է, որ սրբազան ծես է իրականացնում․

Անձրեւոտ գիշեր, գըթա՜ծ քահանայ,
Թօթուէ՛ սրբենի այդ տեղատարափ,
Զերթ մասունքի ջուր, մինչեւ որ լենայ,
Մինչեւ որ լենա՛յ բաժակն այս պարապ
Իմ երազներուս` որ ոսկեմըրափ
Կեցեր է ցրտոտ մարմարին վըրայ:

Անձրևը տարբեր է։ Վախթանգ Անանյանը գրել է․ «Սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով, իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը, որ անթիվ կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը, որ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը, ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը»։

Անձրևը կարող է շատ բան խորհրդանշել գրականության մեջ։ Այն կարող է ներկայացնել դժբախտություն, վերածնունդ, կանխազգացում, վճռականություն, երաշտի հաղթահարում և դադար ներհայացողության համար:

Անձրևային եղանակը ճնշող է, հարուցում է թախիծ, հատկապես աշնանային անձրևը։ Վահան Տերյանի մոտ․

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ.
Դառը թախիծ ու վերհուշ –
Անվախճա՜ն երգ:

․․․

Սիրտս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ –
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կվառե խանդ:

Անձրևոտ եղանակը կարող է մատնաշել, որ աշխարհը կարեկցում է թախծող հերոսին:

Անձրևը նաև կանխազգացում է, հատկապես երբ ներկա են «սև մութ ամպերը»։ Օրինակ՝ Ավետիք Իսահակյանի մոտ․

Սև-մութ ամպեր ճակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում
Սիրտս էլ դուման, Ալագյա՚զ։

․․․

— Հե՚յ վա՜խ.— կոտրան իմ թևերս,
Ընկա գիրկըդ, Ալագյա՛զ,
Ա՜խ, մեծ սըրտիդ սըղմեմ սիրտըս,
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…

Անձրևը, հատկապես գարնանայինը, խորհրադնշում է վերածնունդ, այն խանդավառությամբ են դիմավորում։ Դանիել Վարուժանի «Գարնանային անձրև»․

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
Անձրևը չէ՛ ասիկա:
Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
Լուսացընցուղ կտեղա:

Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
Տեղատարափ կթափին,
Եվ կլվան իրենց լույսին մեջ փաղփուն
Անդաստաններն ու այգին:

Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,
Եվ կտեղա ադամանդ.
Կը լուսանան կույր աղբերակներն ու կ’երգեն
Իրենց ծընունդն արգավանդ:

․․․

Անձրևը, անշուշտ, նաև էրոտիկ լիցք է կրում։ Տեղատարափի տակ համբույրը կինոյի դասական կադրերից է։ Այն սիրային զգացմունքին հաղորդում է ուժ և քնքշություն։ Ամերիկյան բանաստեղծ Լենգսթոն Հյուզի (Langston Hughes, 1901–1967) April Rain Song բանաստեղծությունը․

Let the rain kiss you
Let the rain beat upon your head with silver liquid drops
Let the rain sing you a lullaby
The rain makes still pools on the sidewalk
The rain makes running pools in the gutter
The rain plays a little sleep song on our roof at night
And I love the rain.

Իմ թարգմանությունը․

Թող անձրևը համբուրի քեզ
Թող անձրևը հարվածի քեզ արծաթե կաթիլներով
Թող անձրևը քեզ օրորոցային երգի
Անձրևը ջրափոս է դարձնում մայթը
Անձրևը ջրհորդանում հեղեղ է դառնում
Անձրևը գիշերը մեր տանիքի վրա ցածրաձայն երազի երգ է նվագում
Եվ ես սիրում եմ անձրևը:

Պեյզաժային պոեզիան շատ հին չէ։ Արևմուտքում այն հիմնավորվեց ռոմանտիկ բանաստեղծների շնորհիվ։ Փոխվել է աշխարհը, փոխվել է բնությունը, մենք ապրում ենք էկոլոգիական ճգնաժամի դարաշրջանում։

Կարծես ժամանակի հետ անձրևներն էլ են փոխվում։ Ժամանակակից բանաստեղծը այլ կերպ է զգում անձրևը։ Արարատ Մկրտումյանի (1957-1988) «Մենք աստվածներ ունեցանք ․․․» բանաստեղծությունը սկսվում է աստվածների մասին վերհուշով․

․․․․

Մենք աստվածներ ունեցանք
և պարտադիր համարեցինք
նրանց գոյությունը պարուրել
մեր թախիծի ծխամուժով,
որ ձգվի՜, ձգվի՜ ճանապարհը
անհայտությունից դեպի վախ ու հիացմունք
և փոշոտ, և հոգնած կողերով քսմսվի
մեր թրջված քրքիջի պատերին։

Ֆ․ Նիցշեն, որ նույնպես գրել է աստվածների մահվան մասին, բարձրունքի, անամպ և պայծառ երկնքի բանաստեղծ էր։ Աստվածներ չկան, երկինքը պատված է սև ամպերով, անձրև է տեղում։ Ա․ Մկրտումյանի մոտ․

․․․
Եվ երկու օր երկար-թափվում էր անձրևը։
Եվ հետո էլի, էլւ թափվում էր անձրևը,
և մենք ստիպված եղանք խոստովանել,
որ նա ավելի է անձրև,
քան մենք,
և նա
դադարեց։

Ժամանակը դադարեց։ Կյանքը սկսում է ընթանալ հետապոկալիպտիկ օրենքներով․

Եվ մի ամբողջ օր
քաղաքների վրա երկար-միալար
թափվում էր դադարումը։
Մենք գիշերներ ունեցանք
և պարտադիր համարեցինք
նրանց մեջ տեղավորել մարմիններ՝
կրքի և գոլության թաղիքում փաթաթված,
մենք գիշերներ ունեցանք
և սովորեցինք անտեսել լապտերասյուները,
և ամեն ինչ համարել մերը
թեթև գինովության ակնկալի պես։

Դադար է, շարժվում են հետապոկալիպտիկ սիրահարները․

Եվ փողոցներում մինչև կեսգիշեր
թափառում էին սիրահարները
և կեսգիշերից մինչև առավոտ
թափառում էին սիրահարները,
թափառում էին,
և մենք ստիպված էինք խոստովանել,
որ նրանք ավելի են սիրահար,
քան
մենք,
և նրանք բաժանվեցին։
Եվ փողոցներում մինչև կեսգիշեր
թափառում էր բաժանումը։

Աշխարհի վերջը արդեն եղել է, բաժանման գիծն անձրևն է, մեզ մնում է միայն հաշտվել այդ իրողության հետ՝ սիրահարվել և բաժանվել։

Վարդան Ջալոյան