Ո՞ւմ հետ խոսել։ Չեմ ասում եղանակի կամ ֆուտբոլի մասին։ Չեմ էլ ասում փիլիսոփայության կամ հոգևորի, կամ այլ բարձր թեմաների մասին։ Կան բաներ, որը չես կարող քննարկել ամեն մեկի հետ։ Կան այնպիսի սահմանային ապրումներ, որոնց մասին ոչ կարող ես խոսել, ոչ էլ կիսվել քո մտերիմների և ընկերների հետ։
Կա այսպիսի տարածված երգային կլիշե՝ «դարդս պատմեմ»։ ԱԼՄ-ի երգացանկից՝ «Դարդս պատմեմ»․ հիվանդ երեխան դիմում է բժիշկներին և ապա աստծոն՝ «փրկիր Աստված»։ Այն ժողովրդական անմիջականությունը, որով հերոսը/հերոսուհին դիմում է մարդկանց/բժիշկներին/աստծոն, անընդունելի է, անքաղաքավարի է, անպատշաճ է, բռիություն է։ Կարծես՝ ինչպես փողոցային մուրացկանն է փող ուզում, այնպես էլ երգի հերոսը/հերոսուհին մեզանից/բժիշկներից/աստծուց կյանք է մուրում։
Անընդունելի վարք ժամանակակից հասարակությունների համար, օրինակելի՝ ավանդական քրիստոնեության տեսակետից։ Այդ վերջին պատկերացմամբ նույնիսկ մեր ամենօրյա հացը Աստծո շնորհն է, և այդ նույն պատկերացմամբ՝ բուժման մենաշնորհը պատկանում է Աստծոն։ Նկատենք, որ երգի տողերում ներկա են բժիշկները որպես ժամանակակից հասարակության ներկայացուցիչներ, բայց նրանք տվյալ դեպքում անզոր են, և առաջին պլան է դուրս գալիս գլխավոր բժշկողը՝ Աստված, ենթադրում եմ՝ Հիսուս Քրիստոսը։
Չնայած երգը նոր է, բայց կարծես գործ ունես նախնական, հին արքետիպային պատկերացման հետ։ Ինչո՞ւ հին, արքետիպային։ Որովհետև հերոսը/հերոսուհին անմիջականորեն դիմում է Աստծոն, կարծես, իր պապիկը կամ տատիկը լինի։
Արդեն եկեղեցիական քրիստոնեության մեջ այդպես չէ։ Իհարկե, կարելի է աղոթք աղաչանքով դիմել Աստծոն, բայց այնպես չէ, որ ձեր խնդրանք/աղաչանքը անմիջապես տեղ կհասնի։ Կան նամակատարեր, Աստծո պատգամաբերներ, ում ասում ենք հրեշտակներ։ Ու այնպես չէ, որ ձեր նամակը տվեցիք հրեշտակին, նա էլ այն անմիջապես տեղ է հասցնում։ Հրեշտակը Սանտա Կլաուսը չի, որ ստանում է երեխաների նամակները և ս․ Ծնունդին հեծանիվ նվիրում։
Բացառություններ, երևի, հնարավոր են։ Ասենք, Երկնքում ծանոթ ունեք։ Քրիստոնեության մեջ դա պահապան հրեշտակն է։ Կաթոլիկների մոտ կա նաև ս․ Տիրամոր միջնորդությունը։ Եթե լսեց, անիմիջապես խնդրանքով դիմում է իր տղային, որ համատեղության կարգով նաև ս․ Երորրդության երկրորդ դեմքն է։ Բայց սովորաբար մեր աղոթք/խնդրանքը բարդ ճանապարհ է անցնում։
Հայր Աստված, կամ ս․ Երրորդությունը ստեղծել են մարդկային հարցումները սպասարկող բարդ բյուրոկրատական համակարգ։ Նախ նամակատար և պատգամաբեր հրեշտակները շատ շատ են, եթե հավատանք ս․ Գրքին, նրանք «հազար-հազարավորներ, բյուր-բյուրավորներ» են: Այսինքն՝ մոտ հարյուր միլիոն, կամ մի քանի հարյուր միլիոն։ Ասենք, միջնադարի համար դա մեծ թիվ էր, փաստորեն ամեն մի քրիստոնեային մի հրեշտակ էր հասնում։ Հիմա հարաբերությունը մեկը քսանի է հասնում։ Ուրեմն՝ հիմա սպասարկող հրեշտակների պակաս կա։
Ավելի էական է, որ կա հրեշտակների աստիճանակարգ կամ հրեշտակների դասեր՝ Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Իշխանություններ, Տերություններ, Զորություններ, Պետություններ, Հրեշտակապետներ, Հրեշտակներ: Այդ ինը դասերի մասին առաջինը գրել է մի վրացի աստվածաբան՝ Պետրոսը, բայց էլի ամենը խիստ խճճված է։ Ասենք, աղոթքը/ուղերձը ստացավ հրեշտակների ստորին դասի ներկայացուցիչը, հետո այն փոխանցվում է Քերոբվեներին, հետո այն քննարկվում է հաջորդ դասի հրեշտակների մոտ, և այլն։ Վերևը գրել եմ մեկը քսանի, իրապես հարաբերությունը այս բյուրոկրատական համակարգի պատճառով մեկը հարյուրի է, կամ շատ ավելի։
Մարդու սիրտը կոտրվում է, երբ հասկանում է, որ իր աղոթքը որքան բյուրոկրատական ձևականությունների միջով է անցնում։ Ոմանք դադարում են աղոթել, բայց դա ելք չէ։ Ամեն մարդ իր հոգու խորքում ինչ-որ բան է խնդրում Աստծուց, մի պստիկ հրաշք իր համար, կամ նույնիսկ՝ իր սիրելի ազգի համար։ Միևնույն է, որքան կանք, այնքան Աստծո փոստային սերվերը լցնելու ենք մեր աղաչանքներով։
Ու ակնհայտ է, որ ս․ Երրորդության փոստային համակարգը սկսել է խնդիրներ ունենալ, չի հասցնում սպասարկել բոլոր հարցումները։
Աստծո email-ը լցվել է, նրա կայքը կախվում է, նամակների մշակումը դանդաղում է։ Երևի հասկանում եք, որ աղոթքների ընդունումը, ցուցակագրումը, դասակարգումը տեղի է ունենում ավանդական ձևով՝ անհատապես և ձեռքով, ժամանակակից առումով՝ շատ դանդաղ։
Աստծո քարտուղարությունում խառնաշփոթ է, չեն հասցնում դասակարգել աղոթք ուղերձ-նամակները, նույնիսկ չեն օգնում սովորական գրասենյակային խուսագրությունները՝ «ձեր նամակը/աղոթքը դրված է հերթի մեջ», «ձեր խնդրանքը դիտարկվում է» և այլն։ Իհարկե, աղոթողների մոտ օրինական բողոք է առաջանում․ թե երբ են քննարկելու իր աղոթք-դիմումը։ Աղոթքը կրկնում են բազմաթիվ անգամ, բայց այն միայն ծանրաբեռնում է Աստծո քարտուղարության աշխատանքը։
Հիմա ինչպե՞ս լուծել այս խնդիրը՝ ինչպե՞ս թեթևացնել Աստծո փոստային սերվերը։ Նախ, աղոթք-խնդիրների մի զգալի մասը վերաբերում է հիվանդություններին։ Դրանց մի զգալի մասը կարող է բավարարել ժամանակակից բժշկությունը, եթե այն դեմոկրատացվի և ավելի հասանելի դառնա։
Մի զգալի մասը, ինչպես ասում են լրագրողները, սոցիալական թեմաներով է։ Մարդը աշխատանք չունի, փող չունի, ընտանիքը վատ է ապրում։ Շատ հարցեր կարելի է լուծել սոցիալական համերաշխության և փոխօգնության միջոցով։ Դեմոկրատական սոցիալիզմը Աստծո կողմից օրհնված հարաբերություն է։
Մի զգալի մասը սիրային թեմաներով է։ Մարդը չի գտնում իր սերը։ Դժվար հարց է, գիտեմ, բայց առաջադիմական գենդերային քաղաքականությունը մասամբ կարող է լուծել այս խնդիրը։ Սիրում եք՝ սիրեք, Աստված նիպրիչոմ։
Բնությունն էլ Աստծո ստեղծածն է։ Այստեղ էլ շատ բան կարելի է անել, եթե էկոլոգիական մոտեցում ունենանք։
Շատ հարցեր մարդիկ կարող են լուծել ինքնուրույն, ինքնակազմակերպման միջոցով։ Մնում են էլի շատ հարցեր, որ պետք է լուծի Աստծո քարտուղարությունը։ Բայց, իհարկե, եթե նրա փոստային սերվերը այդքան ծանրաբեռնված չլինի։ Ու գուցե Աստված և Նրա երեք դեմքերը, որ տեսնեն՝ շատ գործ չկա, մոտակա կիրակին հայտարարի ոչ աշխատանքային ու դուրս գա իր կաբինետից՝ մարդկանց և բնության հետ շփվելու համար։ Շատ հավես կլինի։
Կարելի է, իհարկե, Աստծուն առաջարկել նեոլիբերալ ոգով բարեփոխումներ։ Ասենք, հրեշտակների ինը դասերը վերախմբավորել, թողնել երեքը կամ չորսը։ Մի հարյուր միլիոն հրեշտակներ կմնան առանց գործի։ Ի՞նչ անել․ նրանք կարող են անցնել վերապատրաստման դասընթացներ, և դառնալ, ասենք, գովազդային գործակալներ, հասարակության հետ կապերի մենեջերներ, էլի շատ առաջարկներ կան։ Ասենք, ինչ պարտադիր է, որ աղոթքը անհատապես լսի պահապան հրեշտակը, կարելի է այն փոխարինել հրեշտակի բոտով։ Աստված այս հարցում էլ կարող է կրեատիվ լինել։
Մարդը հարմարվում է, Երկինքն էլ պիտի հարմարվի։
Հ․ Գ․ Ամենը լավ մտածել եմ, բայց մի բան չկարողացա հասկանալ։ Թե էս մեր հայկական հարցը ո՞նց ենք լուծելու առանց Աստծո օգնության։ Ու այն երեխայի խնդրանքը․ երբ է այն քննարկման դրվելու Աստծո քարտուղարությունում։
Վարդան Ջալոյան