հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Քաղաքական սուտը և պատերազմը

Քաղաքական սուտը և պատերազմը

2020 թ․ մեր հասարակությունը ապրեց հոգեկան մեծ ցնցում, այն խեղեց նրան։ Ինչպե՞ս է հասարակությունը վերապրում խեղումը։ Խեղող իրադարձության էությունը այն է, որ այն երբեք մինչև վերջ չի գիտակցվում, և վերադառնում է սևեռուն տեսիլքների ձևով։ «Հաճույքից անդին» գրքում Ֆրեյդը տրավման նկարագրում է որպես մի իրադարձություն, որը շուտ և անակընկալ է եկել, որին անպատրաստ էին: Ուստի, գիտակցությունը փորձում է վերադառնալ նախատրավմատիկ պահը, որպեսզի պատրաստվի դրան, այսինքն՝ ասես «հետին հայացքով» իմանա դրա մասին։ Վերադառնում է կրկին և կրկին, դա տրավմատիկ կրկնությունն է:

Բայց ինչո՞ւ տեղի ունեցավ խեղումը։

Խեղման պատճառը ոչ թե այն էր, որ պատերազմը սպառնալիք էր պետության և հասարակության գոյության համար, այլ որ այդ սպառնալիքը գիտակցվեց ավելի ուշ, քան այն տեղի ունեցավ։ Խեղող իրադարձությունը հնարավոր չէ կանխատեսել, չես կարող պատրաստ լինել դրան։ Խեղումը դա գիտակցության և իրադարձության միջև խզումն է, ապրվող փորձը գիտակցելու անկարողությունը։

Խեղումը ոչ թե պատերազմն էր, այլ այն, որ վտանգը չգիտակցվեց, որ մինչև հիմա գիտակցությանը դեռ հասու չէ, թե ինչ կատարվեց և կատարվում է։ Այդ պատճառով խեղումը կապված է պատմական հիշողության հետ, ավելի շուտ՝ մոռացության։ Այն մոռացնել է տալիս՝ ինչ եղել է մինչև խեղող իրադարձությունը, ինչ է եղել նախորդ տասնամյակում, ավելի առաջ, մինչև այն կետը, որ հավանաբար խեղող իրադարձության պատճառ է եղել։

Հայաստանում պատերազմի խեղումը վերադառնում է ոչ միայն երազների մղձավանջի ձևով, այլև իրական «նախկինների» վերադարձով, նաև քաղաքական մղձավանջի տեսքով։ Բայց նկատեմ, որ հայաստանցիները հատուկ վերաբերմունք ունեն հոգեխեղման նկատմամբ։ Երբ 1988-ին Գյումրիի երկրաշարժից հետո եկան ֆրանսիացի հոգեվերլուծողներ հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար, մեծամասնությունը հրաժարվեց։ Հավանաբար ցանկանում էին պահպանել և փայփայել իրենց խեղումը։

Ժան Բոդրիյարը «Չարի թափանցիկությունը» գրքում գրում է․ «Այժմ շատ հեշտ է մոռանալ, որ մեր ողջ իրականությունը, ներառյալ անցյալի ողբերգական իրադարձությունները, մեզ հասու է դառնում զանգվածային լրատվության միջոցներով։ Սա նշանակում է, որ այժմ արդեն ուշ է ամեն ինչ ստուգելու և պատմականորեն ըմբռնելու համար, քանի որ մեր դարաշրջանի համար, մեր դարավերջի համար շատ հատկանշական է պատմական ճշմարտությունը պարզաբանելու բոլոր միջոցների անհետացումը։ Պատմությունը պետք էր ըմբռնել, երբ այն գոյություն ուներ»։ /Бодрийяр Ж. Прозрачность Зла. М., 2000. С. 134/։

Այսօր քաղաքական դիսկուրսը կազմակերպող սկզբունքը սուտն է։

Խոսքն արդեն ոչ թե առանձին փաստերը թաքցնելու, այլ փաստացի ճշմարտությունը ստով կանխամտածված և համակարգված փոխարինելու մասին է։ Սուտը արդեն մասնավոր պահ չէ քաղաքականության մեջ, այլ քաղաքականությունն իրեն գիտակցում է որպես համակարգված սուտ:

Ինչպես գրել է Հաննա Արենդտը, ստի ավանդական և ժամանակակից ձևերի տարբերությունը կայանում է նրանում, որ ավանդական սուտը ձգտում է թաքցնել ճշմարտությունը, մինչդեռ ժամանակակիցը ձգտում է փոխարինել իրականությանը: Արենդտը նկատի ուներ նացիստական և խորհրդային ամբողջատիրական համակարգերը, որտեղ սուտը քաղականության սկզբունք էր։ Այսօր այն միայն բռնատիրական վարչակարգերի մենաշնորհը չէ, սուտը քաղաքականության մեջ ամենուր է։

Քաղաքականության սահմանային արտահայտությունը պատերազմն է։ Մեզանից շատերը հետևում են ուկրաինական պատերազմին։ Ինչն է ցնցում․ պատերազմի սարսափները կրկնապատկվում են տեղեկատվական ստի սարսափներով։ Գոյություն չունի պատերազմը որպես իրականություն, պատերազմը որպես փաստ, այն գոյություն ունի իբրև պատմություն պատերազմի մասին։ Ոչ թե փաստերն են ստեղծում պատերազմի պատկերը, այլ ԶԼՄ-մների պատումները։

Որպես օրինակ․ ստալինյան դարաշրջանում անցյալի մասին խորհրդային մարդը պատկերացում էր ստանում ոչ թե պատմագրությունից, այլ՝ պատմավեպերից։ Ոչ թե պատմավեպն էր հիմնվում պատմական փաստերի վրա, այլ պատմագրությունը ստեղծվում էր պատմավեպի տրամաբանությամբ։ Այդ մասին արդեն գրել եմ։

Երբ հարյուր տարի առաջ ֆրանսիական քաղաքական գործիչ Կլեմանսոյին հարցրեցին, թե ինչ կգրեն ապագայի պատմաբանները Առաջին համաշխարհային պատերազմի մասին, նա հույս հայտնեց, որ չեն գրի, թե Բելգիան է հարձակվել Գերմանիայի վրա։

Պուտինյան վարչակարգը բացասում է պատերազմի գոյությունը, այն հայտարարելով «հատուկ գործողություն», բայց հպարտանում է դրանով, քանզի այն ցույց է տալիս Պոտինի ամենակարողությունը։ Կարող ենք հիշել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և ամենակարող Իլհամ Ալիևին։ Իրենց ամենակարող հայտարարած քաղաքական գործիչներ հիմա Հայաստանում էլ կան։ Էականն այն է, որ ամենակարողությունը ստի և խաբեբայության բարձրագույն աստիճանն է։

Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես է մոռացվում պատերազմը/պատերազմները, դրա ամենազորեղ միջոցը պատերազմի հերոսականացնում է։ Հայաստանում լինի, Ադրբեջանում թե Ռուսաստանում՝ հնարքը նույնն է։ Հերոսական պատմությունը ժամանակակից քաղաքական ստի առանցքային ձևերից է, որը պետք է վերացնի պատերազմի իրականությունը, այն իշխանության կողմից օրինականացված մոռացության ձևն է։

Եթե լսենք մեր քաղաքական գործիչների խոսքը, ապա կտեսնենք, որ նրանք խոսում են ոչ թե փաստական իրականության լեզվող, այլ պատմավեպի՝ «ոսոխներ, դավաճաններ, հերոսներ» բանաձևի սկզբունքներով։

Առաջին համաշխարհայինում հետազոտելով զինվորների տրավմաները, հոգեխեղումումները՝ Զիգմունդ Ֆրեյդը առաջ քաշեց «տանատոսի»՝ մահվան մղումի հիպոթեզը։ Խեղումը հոգեպես մեռցնում է մարդուն, նա համրանում է, խեղումը անասելի է։

Պոլ Ցելան ասում է․ «Հասանելի, մոտ ու գոյատևող բազմաթիվ կորուստների մեջ մնաց մի բան՝ լեզուն։Այո՛, լեզուն՝ ի հեճուկս բոլոր հնարավորության, գոյատևեց: Այնուամենայնիվ, նա ստիպված էր անցնել սեփական անօգնականության, հրեշավոր համրության, մահաբեր խոսքի անվերջանալի խավարի միջով։ Նա անցավ նրանց մոտ և բառեր չգտավ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ, բայց նա անցավ դրա միջով: Անցել է և այժմ կարող է նորից աշխարհ գալ՝ «հարստացած» փորձով»: Եթե մահաբեր խոսքի՝ քաղաքական ստի մասին ասվել է, ապա ինչպե՞ս խեղումը որպես մարդու ինքնության սահմանային ոչնչացում կարող է լինել կամ մտածվել որպես կյանքի նոր պատմության սկիզբ։

Երբ կարդում էի Պ․ Ցելանի տողերը, աչքիս առաջ Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» գիրքն էր։ Արդեն անվանումը շատ խոսուն է՝ մահաբեր փշալարը ծաղկում է, դառնում նոր կյանքի սկիզբ։ Այդպիսին է նաև նրա «Այրվող այգեստաններ» վեպը։ Ցելանն ունեցել է նացիստական, Մահարին՝ ստալինյան ճամբարների փորձը, բայց նրանց միջև իրական զուգահեռը խեղումի հանդեպ ստեղծագործական խոսք ասելու կարողությունն է։

Ամերիկյան հետազոտող Քեթի Կարուտը գրում է այդպիսի լեզվի մասին․ «Ստեղծագործական լեզուն սկսվում է որպես գործողություն, որը վկայում է անցյալի մասին, միևնույն ժամանակ հրվում է նրանից. վկայում է մահվան մասին՝ միաժամանակ վկայելով կյանքի զարթոնքի մասին։ Պատմությունն այստեղ ծնվում է ոչ թե անցյալում մահվան ենթագիտակցական փորձից, բայց այնպիսի վկայություն է, որ կտրվել է անցյալից։ Կյանքի ցանկության լեզուն ոչ միայն հետ է մատնանշում, այլև առաջ»:/Карут К. Травма, время и история // Травмопункты: Сб. статей / Сост. С. Ушакин и Е. Трубина. М., 2009. //

Պատերազմի հասցրած խեղումը հարուցում է մահվան մղում, այն ծնում է մահաբեր խոսք։ Մահաբեր խոսքին հարկավոր է հակադրել կյանքի խոսքը, փշալարին՝ ծաղկումը։

Վարդան Ջալոյան