Home / Մեդիա / Խավարի միջից․․․

Խավարի միջից․․․

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մեզ թվում է, թե պոեզիան գրում է լույսի մասին։ Բայց էլ ավելի կարևոր է պոետական մտածողության մեջ խավարի սկիզբը։ Հայ պոետներից երևի ամենաշատը խավարը հիշատակում է Վահան Տերյանը։ Ամենահիշվողը այս տողերն են․

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

«Արևածագում» համանաման տրամադրություն է, բայց խավարի մեջ է  աշխարհը․

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր, — հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։

Ավելի հաճախ խավարը հիշատակվում է իր սիրային բանաստեղծություններում․

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։
Խավար ու ցուրտ է դրսում, սերը ապաստարան է․ 

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորվա՛ծ իմ քույրիկ։

․․․

Հեռավոր մի փարոս
Կըվառեմ քո հոգում,
Սև կյանքի ալեկոծ
Խավարում ու մեգում։

Մեկ ուրիշ բանաստեղծությունում․ 

Եվ խավար կյանքի արտուղիներում,
Օտար կողմերի դաշտերում մեռած
Ժպտացին հոգուս՝ դեմքըդ երերուն
Եվ քո խոսքերը — արծաթե երազ, —
Օտար կողմերի դաշտերում մեռած…

Այլ մի տեղ․ 

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր…

Խավարի և սիրո այս մերձությունը դադարում է պատահական լինելուց, նրանք կարծես քույրեր լինեն, սա մեզ դրդում է մտածել նրանց ընդհանուր բնության մասին։

Սերը մեզ դրդում է հուզվել, զգալ երջանիկ, տխրել և թախծել, խավարը ․․․անհասկանալի է, թե ինչ անել։ Նրա էությունը նման է ավելի շուտ ոչնչին կամ եթերին։ Եթե լինենք ավելի ճշգրիտ՝ նրա էությունը խույս է տալիս մեր գիտակցությունից, այն անորսալի է։

Բանաստեղծը խավարի մասին ուղիղ չի խոսում, նեգատիվ, ասենք՝ պոետը դուրս է գալիս «խավարի զնդանից» կամ ավելի որոշակի․

«Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու, ․․․»։

Սա մի խավարի մասին է, որի փորձառությունը կորցրել ենք։ Վահան Տերյանը մեր ժամանակիցը չէ։ Մենք այլ աշխարհում ենք ապրում։ Վ․ Տերյանի համար իր հոգին խավարում է, մեր ժամանակիցը հակված է համարել, որ իր հոգին լուսավոր է։ Խավարի և լույսի ընկալումները տարբեր են։

Սա հեքիաթ է այն մասին, որ կար ժամանակ, երբ խավարը խավար էր, իսկ գիշերը՝ մութ։ Հիմա մեծ քաղաքներում գիշերը գուցե ավելի լուսավոր է, քան ցերեկը։ Խավարը լուսե հագուստներ է հագել, բայց դա վաճառված լույս է։ Գիշերները չկան, նրանց մթությունը վարձով տրված է ագահությանը և փողին։ Հոգու մթությունն էլ չկա, այն լուսավորված է էլեկտրական լույսով։ Դա նարցիսական, լուսնային լույսն է, որ հաղթել է ցերակային, իսկական լույսին։ Վ․ Տերյանի մոտ մութ հոգին լուսավորվում է սիրո լույսով։ Միամիտ, այն կարելի էր լուսավորել ինքնասիրահարվածությամբ։ Հո հիմար չենք, որ մեր հոգու խավարը նկատենք։

Եթե կա սկիզբ, ապա խավարը նախորդում է այդ սկզբին։ Խավարը չարը չէ, այլ այնպիսի մութ, որ նախորդում է և չարին, և բարուն։ Ինչ գիտենք՝ դա որն է, որ կա, այնինչ դրական ներկա է, քանզի լուսավորված է և տեսանելի։ Նաև գիտենք, որ խավարը կա, բայց անիմանալի է, որովհետև լուսավորված չէ։

Դիմենք միստիկ մտածող Յակոբ Բյոմեի հեղինակությանը։ Նա փորձել է հաղթահարել սքոլաստիկական մոտեցումները աստվածության էության մասին, որ հիմնված էին կամքի հասկացության վրա։ Եթե հիշում եք․ կարո՞ղ է Աստված ստեղծել մի քար, որ չի կարող բարձրացնել․․․

Նա մտցնում է Ungrund հասկացությունը, որ կարելի թարգմանել նաև խավար։ Ըստ Բյոմեի՝ Ունգրունդը բոլոր գոյության սահմաններից դուրս բացարձակն է, սկզբունք, որը նախորդում է հենց գոյությանը, որը նա արտադրում է բացառապես անհատույց և պատահական ձևով. նա անգիտակցական և մութ ոչինչն է, որը ծնում է այն ամենը, ինչ նա ազատորեն ցանկանում է տեսնել հայտնված:

Ungrund տերմինն ինքնին նշանակում է աստվածության անիմանալի խավարը և բացարձակ դատարկությունը, որից բխում է արարչագործության լույսը: Չգոյության յուրահատկությունն այն է, որ նրան պակասում է այն ամենը, ինչին ձգտում է լինել. և գոյության ցանկության արմատն այնուհետև բողբոջում է նրա հատակում։ Այդ արմատը բոցավառվում է կայծի նման, որից գոյանում է էակը ոչնչից, իսկ լույսը՝ խավարից։

Միսաք Մեծարենցը իր «Սիրերգում» գրում է․ 

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին…։

Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբույր՝ լույսէն, որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տոն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն։

Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարավ միակ համբույրին…։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…։ 

Գիշերը տոն է, իհարկե, անսպասելին գիշերվա «լուսեղեն ճամբէն» տողն է։ Մենք կարծում ենք, որ գիշերը կյանքի ուժերը քնում են և արթնանում արշալույսի հետ։ Բայց չէ, գիշերը իր կյանքի ուժերը ունի, նուրբ և լուսավոր։ Միայն թե գիշերը նաև իր խավար կողմը ունի՝ «Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…»։ Ինչպես որ ցերեկը կարող է ավելի մութ լինել, քան՝ գիշերը։

Յակոբ Բյոմեի Ungrund-ի տեսությունը հսկայական ազդեցություն է ունեցել Հեգելի և ռոմանտիկ փիլիսոփաների և պոետների վրա։ Բայց խավարի, որպես արդիականության հիմնական թեմայի, վերարծարծումը կապված է Մարտին Հայդեգերի՝ «աշխարհի խավարի» մասին նրա մտորումների հետ։

«Աշխարհի գիշերը տարածում է իր խավարը։ Այս համաշխարհային դարաշրջանը որոշվում է նրանով, որ Աստված մնում է դրսում, որոշվում է «Աստծո ոչ լինելով»… Աստծո ոչ լինելը նշանակում է, որ այլևս չկա տեսանելի Աստված, որն անհերքելիորեն կհավաքի մարդկանց և իրերը իրեն և իր շուրջը և ներսից նման հավաքումը կհամախմբի համաշխարհային պատմությունը և մարդկային բնակավայրը դրանում: Աստծո անհնարինության մեջ, սակայն, շատ ավելի լուրջ բան կա, քան ինքն իրեն հայտնում է։ Ոչ միայն աստվածներն ու Աստված անտես դարձան, այլև մարեց աստվածության փայլը համաշխարհային պատմության մեջ: Աշխարհի գիշերվա ժամանակը աղքատ է, որովհետև ամեն ինչ սնանկացած է: Իսկ այն արդեն այնքան է չքավոր, որ չի կարողանում նկատել Աստծո ոչ լինելը»։

Գիշերները դառնում են լուսավոր, բայց խավարը ուժգնանում է։ Ուժգնացող խավարի մասին է ասում Եղիշե Չարենցը․ 

Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։
Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը։
Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է.
Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են։

Լռել եմ։ Լսում եմ։ Անծա՜յր է գիշերը։
Իսկ մութը մանվում է, մանվում է, մանվում է։
Իսկ սիրտս բոլո՜ր այն ահերը հիշել է.
Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը։

Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են։
Անտես փսփսում են — ու սիրտս լսում է։
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը—
Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը…

Խավար է, բայց կարող ենք տեսնել Ungrund-ը, սկիզբների խավար սկիզբը։ Որքան մութ է խավարը, այնքան անհրաժեշտ է լույսը։

Վարդան Ջալոյան