Հայաստանում հասարակությունը կիսվել է․ մի մասը չի ուզում պատերազմ, մյուս մասը ուզում է խաղաղություն։ Առաջին մոտեցման կողմնակիցներից կարելի է հիշատակել ընդդիմության մի մասը, մյուս մոտեցման կողմնակիցներից՝ իշխանության մի մասը։
Երբեմն ասում են, որ խաղաղության մասով ընդդիմության և իշխանության մոտեցումները մոտ են։ Չեմ կարծում, բայց քաղաքականությունը որպես այդպիսին ինձ չի հետաքրքրում։ Ավելի շուտ՝ պատերազմի և խաղաղության հոգեբանությունը, մշակույթի և մտածողության նշանակությունը, ի վերջո՝ պատերազմի և քաղաքականության տրամաբանությունը։
Շատ պատճառներ կան, երբ քաղաքական ուժը չի ցանկանում պատերազմ։ Հիմնականը․ պետությունը պատրաստ չէ պատերազմի, ռեսուրսներ չունի, հոգեբանորեն հասարակությունը պատրաստ չէ։ Բայց դա չի նշանակում, որ պատերազմը որպես այդպիսին մերժվում է։ Այս մոտեցման կողմնակիցները համարում են, որ պատերազմը կամ պատերազմին պատրաստ լինելը պետության կայացման հիմնական չափանիշն են։
Երկրորդ մոտեցումը՝ խաղաղությունը շատ ավելի բարդ խնդիր է և պահանջում է հսկայական ջանքեր։ Առայժմ նշենք ամենաէականը․ կողմերը պետք է մոռանան բախման պատմությունը, նախկին ողբերգությունները, անարդարությունը, հասցված վնասները և վիրավորանքները։ Չնայած «խաղաղություն» բառը հնչում է իբրև օրհնանք, այն թվում է ուտոպիա, Հայաստանում՝ նաև քաղաքական մանիպուլիացիայի թեմա։
Եթե նայենք նոյեմբերի 9-ի եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, պայմանագրին, ապա կարող ենք հետընթացս տեսնել նրա մեծ բացերը։ Որպես պայմանագիր՝ այն հազիվ թե համապատասխանում էր միջազգային իրավունքի չափանիշներին, բայց եթե նույնիսկ վերացարկվենք այս հանգամանքից, այն իրատեսական չէր։
1994-ին կնքված հրադադարի պայմանագիրն, օրինակ, իրատեսական էր և ապահովեց 26 տարի հարաբերական խաղաղություն։ Չնայած որ կողմերից մեկի՝ Ադրբեջանի համար այն խիստ անարդար էր, և նրա յոթ շրջաններն անորոշ ժամանակով մնում էին Հայաստանի վերահսկողության տակ։
Նոր հրադադարի պայմաններն անարդար են արդեն Հայաստանի համար, և այս հրրադադարը ակնհայտորեն անկայուն է, չնայած կողմերը հայտարարում են, որ չեն ցանկանում նոր պատերազմ։
Պատերազմի արդյունքում բարձրացավ Իլհամ Ալիևի հեղինակությունը և ընկավ Նիկոլ Փաշինյանինը։ Բայց հեղինակությունը դեռ իշխանություն չէ․ Ադրբեջանում իշխանությունը անցավ զինվորականներին, Հայաստանում զինվորականների ազդեցությունը խիստ թուլացավ։
Բայց այս երկու պայմանագրերի հետևանքները միայն այդ չեն։ Առաջին դեպքում Ռուսաստանը այն օգտագործեց Հարավային Կովկաս վերադառնալու համար, երկրորդ դեպքում՝ իր ազդեցությունը ամրապնդելու։ Թվում է նույն քաղաքականությունն է, բայց կան որակական տարբերություններ։ Նրանք տարբեր կոնտեքստներ ունեն։
Իլհամ Ալիևը վաղուց էր քննադատում Մինսկի խումբը անարդյունավետության համար և հող նախապատրաստում միակողմանի գործողությունների համար, այսինքն՝ միջազգային իրավունքի նորմերից դուրս։ Ադրբեջանի բախտակիցներից էին Թուրքիան և Ռուսաստանը։ Ռուսաստանը Ղրիմի զավթումից հետո հայտնվել էր հարաբերական մեկուսացման մեջ։ Հարաբերական, որովհետև պուտինյան ագրեսիան փաստորեն դատապարտել էր միայն Արևմուտքը, որը Ռուսաստանի հիմնական տնտեսական պարտնյորն էր։
Առաջին ղարաբաղյան պատերազմի դադարեցման մեջ Ռուսաստանի դերը անուրանալի է, ինչպես նաև նրա ազդեցությունը հետագա խաղաղության երկու տասնամյակների համար։ Այդ կարևոր դերը գնահատվեց և Ռուսաստանը դարձավ Մինսկի խմբի անդամը, այսինքն Ռուսաստանը դիտվեց որպես խաղաղություն պահպանող կարևոր գործոն։
Բայց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ և հետո Ռուսաստանը դիտվում է Արևմուտքի կողմից իբրև դեստրուկտիվ գործոն, ոչ թե խաղաղապահ, այլ՝ ագրեսիվ քաղաքականություն կրող։
Եթե առաջին դեպքում Ռուսաստանը գործում էր համաձայնեցված միջազգային հաստատությունների հետ, ապա երկրորդ դեպքում՝ Ռուսաստանի խաղարար գործունեությունը գնահատվում է իբրև միակողմանի, չհամաձայնեցված։ Իսկ ուկրանիական ագրեսիայից հետո Արևմուտքը փորձում է չեզոքացնել Ռուսաստանի կամ Թուրքիայի միակողմանի խաղաղարար գործունեությունը և ընթացքը վերադարձնել միջազգային իրավունքի դաշտ, որտեղ նրա դիրքերը շատ ավելի ուժեղ են։
Արևմուտքը սկսել է հասկանալ, որ նմանօրինակ միակողմանի, միջազգային վերասկողությունից դուրս «խաղաղության պայմանագրերը» հիմք են և ռեսուրս են հակաարևմտյան կոալիցիաներ կազմելու համար, և ձևավորում են Արևմուտքի դեմ հետագա մեծ պատերազմների պլատֆորմ։
Ժամանակին Զբիգնև Բժեզինսկին առաջ քաշեց քաղաքական շախմատային խաղի մասին իր հղացքը։ Նախ նկատենք, որ շախմատը հատկապես արևմտյան խաղ է, որտեղ նրանք միշտ պարտվել են ռուսներին։ Բայց եթե խաղերի մասին խոսեցինք, ապա նկատեմ, որ չինական գո խաղը շատ ավելի բարդ է, քան շախմատը։ Եթե շախմատը ենթադրում է հակառակորդի քայլերի հաշվարկ, ապա գոն ավելի խոր ռազմավարական վերլուծություն է պահանջում։
Այս ամենը վերացական է, մենք ուզում ենք մեր հարցերի պատասխանը․ իսկ ի՞նչ կլինի Ղարաբաղի, նույնիսկ Հայաստանի հետ։ Չես կարող չհիշել Ե․Չարենցի ցավը և տառապանքը իր հայրենիքի համար, բայց նաև նրա ցասումը և հեգնանքը։ Ուրեմն ի՞նչ խաղ ենք մենք խաղում․ շախմատ, շաշկի, ֆուտբոլ, գո ․․․Երևի էշ միլիցա, երբ մեկը թռնում է մյուսների վրա և վրայով․․․
Մոլլա Նասրեդինը մի հարուստից էշ է վերցնում և խոստանում քսան տարի հետո գրել ու կարդալ սովորեցնել։ Երբ հարցնում են, պատասխանում է՝ քսան տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Մեր դեպքում՝ ոչ մեկը։
Վարդան Ջալոյան