Արցախի ներկա իրավիճակը՝ շրջափակումը, հումանիտար ճգնաժամի վիճակը, մոտ է սահմանայինին, այն քաղաքական մտահոգության կենտրոնում են։ Մի երկու դատողություն։
Մեկ․ Արցախի ֆիզիկական անվտանգությունը ապահովված է ռուսական խաղաղապահ զորքերի շնորհիվ։
Երկու․ Ադրբեջանը վարում է Արցախը ինտեգրելու քաղաքականություն։ Հայաստանը լծակներ չունի, բայց լծակներ ունի Պուտինը, որը կարող է որոշել, թե ինչպես կընթանա այդ ինտեգրումը, կամ՝ դեմ կլինի ինտեգրմանը։
Կա Արևմուտքը, որը ցանկանում է լինել ակտիվ դիտորդ։ Այդ դիտորդական քաղաքականության նպատակը՝ հումանիտար ճգնաժամի մեջ գտնել այն պահը, երբ նա կարող է փոխարինել ռուսական խաղաղապահ առաքելությանը։ Բայց դրա համար պետք է իրադրությունը առավելագույն սրվի։ Ռուսական խաղապահ առաքելությունը վարկաբեկել կարող է և ցանկանում է Էրդողանը։ Այս դեպքում ՆԱՏՕ-ն ձեռք է բերում ռեալ լծակներ Հայաստանի վրա։ Այս դեպքում ՆԱՏՕ-ն կանխորոշում է Հայաստանի դիրքորոշումը իր համար կենսական որոշ հարցերում։
Այս սցենարը այնքան բացահայտ է, որ Պուտինի համար այն չեզոքացնելը դժվար չէ։
Այլ խնդիր է Պուտին/Փաշինյան/Ռուսաստան/Հայաստան հարաբերությունների թնջուկը։ Գաղտնիք չէ Կրեմլի թշնամական հարաբերությունը ներկա իշխանությունների հանդեպ։ Կրեմլը ցանկանում է իրագործել իր ծրագրերը սահուն, առանց դիմադրության․ առանց Արևմտյան միջամտության։
Պուտինը ատում է Փաշինյանին։ Երևի իր ֆանտազիաներում տեսնում է, թե ինչպես է նրան նետում իր կաբինետի պատուհանից։ Երևի կհիշեք Պուտինի պաթոլոգիական ատելությունը Սահակաշվիլու հանդեպ։ Օբաման, Տրամպը կամ Բայդենը իրեն բնութագրում են իբրև պսիխոպատ պարանոյիկի, անընդունակ ներելու իր հակառակորդներին, և ով մտածում է նրանց մասին դավադրությունների տեսության սահմաններում։
Պուտինը ատում է Փաշինյանին։ Դա ազդում է արցախյան խնդրի վրա, Կրեմլը անընդհատ դեմ է տալիս Երևանի անօգնականությունը։ Քոչարյանը մտածում է, որ Պուտինը իրեն չի ատում, վստահում է, որ կհակազդի Արևմտյան միջամտությանը Կովկասյան գործերին և այլն։ Սա ընդիմության հիմնական փաստարկն է։
Կա այսպիսի եզր՝ դիլեմա։ Այն ընտրություն է վատի և ավելի վատի միջև։ Մեր դեպքում՝ շատ վատի և էլի շատ ավելի վատի միջև։ Մեզանից շատերը ընտրել են, թե ինչն է շատ վատը և էլի շատ ավելի վատը։
Ավետարանում Հիսուսը խոսք է տալիս, որ հավատացյալները կկարողանան կարդալ նշանները։ Նշանները կան, բայց դեռ չեմ տեսնում նրանց, ովքեր կարդում են այդ նշանները։ Նշաններ կարդացողները բազում են․ մեկը Փաշինյանի ճակատին կարդացել է դավաճան, մյուսը կարծում է, որ Քոչարյանը Հայաստանը ենթարկելով Ռուսաստանին թաղում է անկախ պետություն ունենալու ազգային ձգտումը։ Հավատացյալ կարդացողներ չեն։
Վարդան Ջալոյան