Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով նոր եռակողմ հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության տեքստը հրապարակել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը․
— Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ: Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։
Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:
Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար…
«Ամեն ինչ չէր, որ հաջողվեց համաձայնեցնել»
Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը խոստովանել էր՝ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, որոշ բաներ հեռացվեցին մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից։
Նախքան այսօրվա հանդիպումը Պուտինը ակնարկել էր՝ ի տարբերություն «վաշինգտոնյան նախագծի», խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում արձանագրվում է, որ «Ղարաբաղն ունի իր առանձհատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում»։
Երևանից և Ստեփանակերտից մեկնաբանել էին՝ ռուսական նախագծով հակամարտության լուծումը առաջարկվում է թողնել ապագային, մինչդեռ «արևմուտյան նախագծով» Ղարաբաղի հարցը հանվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից (արցախցիները ներկայացվում են որպես փոքրամասնություն Ադրբեջանի կազմում)։ Չնայած Պուտինը կշտամբել էր հենց Հայաստանին, Երևանից հիշեցրել էին՝ ռուսական առաջարկներին հայկական կողմը համաձայնել է դեռևս սեպտեմբերին, դեմ է ոչ թե Երևանը, այլ Բաքուն։
Սոչիում՝ նախքան եռակողմ բանակցությունները, Ռուսաստանի նախագահը առանձնազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր՝ Երևանը համաձայն է հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար սկզբունքների ռուսական նախագծին։ Ադրբեջանի նախագահը առարկել էր՝ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։
Պուտին-Փաշինյան
Պուտին-Ալիև
լրացում (նոյեմբերի 1, 11։00) — Փաշինյանի և Ալիևի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները` դեռ խորհրդային ժամանակների Գլխավոր շտաբից։
Կողմերի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա՝ ընդգծել է Ռուսաստանի նախագահը․ խաղաղության այդ ապագա համաձայնագիրը պահանջելու է զիջումներ՝ երկու կողմերից։
Ինչ վերաբերում է Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների ապագային, այն, ըստ Պուտինի, կախված է լինելու հենց այս երկու գործոններից՝ խաղաղության պայմանագրից և դելիմիտացիայի գործընթացից։
Թե բանակցությունների ժամանակ ի՞նչ չի հաջողվել համաձայնեցնել, կոնկրետ ի՞նչն է դուրս մնացել նախապես մշակված տեքստից՝ Պուտինը չասեց։ Դրանք, ըստ նրա, երկու կողմերի համար էլ շատ նուրբ և զգայուն հարցեր են, որոնք պետք է ուղղակի հանգիստ, փակ ռեժիմով քննարկել, այլ ոչ թե «սևեռել դրանց վրա լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը»: