Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետագա էսկալացիայի պատճառներից առանձնացնելով ստեղծված իրավիճակին «տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը»։
Նախօրեին Հայաստանի վարչապետը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նյու Յորքում նա հանդիպումներ է ունեցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը խոսել է ադրբեջանական վերջին հարձակման հետևանքների մասին․ «Զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։ Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին»: Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվել է 7600 մարդ, 36 բնակավայրներ գնագոծվել են, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածներ։
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վնատգը չի նվազել։ «[Ադրբեջանի] պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել», – շեշտել է Հայաստանի վարչապետը։
խաղաղության պայմանագիր
Այս ամենի ֆոնին Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանում խաղաղության, Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, բանակցային օրակարգի կարևոր թեմաների ուղղությամբ շոշափելի առաջընթաց չի գրանցվում։ «Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար», – պատասխանել է Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրից՝ նա կրկին ընգծել է՝ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Բաքուն, իր հերթին, ճանաչի Հայաստանինը․ «Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»։
Ի՞նչ է սպասվում, եթե նման համաձայնություն չկայանա։ Հետևանքները, ըստ նրա, կլինեն ծանր՝ Հայաստանի համար․ «Կունենանք խաղաղության պայմանագրի ուրվական, որից հետո Ադրբեջանը սահմանի դելիմիտացիայի գործընթացը կշահարկի՝ Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու և գրավելու համար»։
դելիմիտացիա
«Մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։ Մինչ հանձնաժողովի ստեղծումը, անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ ժամանակ Ադրբեջանը պատճառաբանել էր, թե իբր Երևանը հրաժարվում է դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծել։ Մենք, իհարկե, չէին հրաժարվել, միայն պնդել էինք, որ դրան զուգահեռ պետք է սահմանային անվտանգության մեխանիզմ ներդրվի», – պատմել է Հայաստանի ղեկավարը։
Նրա խոսքով, ի վերջ՝ «մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար», պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։
«Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնում է ագրեսիայի նոր փուլ։ Եվ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են», – ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար»։
ապաշրջափակում
Նույն տրամաբանությունն է տրանսպորտային հաղորադակցությունների բացման գործընթացքում։
Հայաստանը, ըստ Փաշինյանի, պատրաստ է բացել իր ճանապարհները Ադրբեջանի համար՝ իր ազգային օրենսդրության համաձայն։ Օրերս հրապարակվել է նաև Հայաստանի կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի երթևեկելու համար։
«Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, չնայած 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի ՀՀ օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո», – ասել է վարչապետը։
Հղվելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանն այժմ «ակնարկում է, թե Հայաստանը պետք է [ոչ թե ճանապարհ, այլ] արտատարածքային միջանցք տրամադրի»։
«Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ», – նշել է Փաշինյանը։
Եթե Ադրբեջանը ընդունի, որ բացվող երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, «մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել», հավելել է Փաշինյնաը՝ ընդգծելով․ «2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել»։
Ելույթի վերջում Հայաստանի վարչապետը կրկին նշել է՝ տարածաշրջանային կայունության համար կարևոր գործոն կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը։ Առաջին անգամ այս մասին Փաշինյանը խոսել էր անցած տարվա մայիսին, երբ ադրբեջանական բանակը հատել էր Հայաստանի սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում։ Երևանն առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։ Թե անցած մեկուկես տարում կոնկրետ որ կառույցին կամ երկրին է դիմել Հայաստանի իշխանությունը, ինչ պատասխան է ստացել և ինչ է մտադիր ձեռնարկել հիմա՝ հայտնի չէ։