Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հայտարարությունները, թե իբր սեպտեմբերի 21-ի լույս 22-ին գիշերը, ժամը 2-ի սահմաններում, հայկական ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներից և ականանետերից կրակ են բացել Քելբաջարում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ից ասել են, որ սա հերթական «ապատեղեկատվությունն է»։
Մինչ այդ, սեպտեմբերի 21-ի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 20:00-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմից կա մեկ վիրավոր։
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը երեկ երեկոյան հաստատել էր՝ կրակում էին Սրաշեն գյուղի ուղղությամբ, իր տեղեկություններով՝ վիրավորը «Երկրապահ» կամավորական միությունից է։ ՊՆ-ից հայտնել էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմեբերի 13-ի կեսգիշերին սկսված լայնածավալ հարձակմանը նախորդում էին Բաքվի հայտարարությունները, թե իբր հայկական կողմը Քելբաջարում, Լաչինում և այլ սահմանամերձ շրջաններում դիրքեր է գնդակոծում։ Հայաստանը կտրականապես հերքում էր այդ մեղադրանքները՝ զուգահեռաբար զգուշացնելով, որ դրանք նոր էսկալացիայի հող են նախապատրաստում։ Սահմանային վերջին բախումները ավարտվեցին սեպտեմբերի 14-ին՝ ռուսական, ֆրանսիական և հատկապես ամերիկյան կողմերի միջնորդությամբ հաստատված հրադադարով։ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերն առ այսօր հետ չեն քաշվել․ գլխավոր շտաբի հաղորդմամբ, դրանք գտնվում են Ջերմուկից 4․5 կիլոմետր հեռավորության վրա։
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, 20 հոգի գերեվարվել է։ Բաքուն հաղորդել է 79 զոհերի մասին։
Այս ֆոնին Ադրբեջանի նախագահը երեկ գնացել էր Լաչին, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել օգոստոսի վերջին՝ Լեռնային Ղարաբաղում հերթական ռազմական էսկալացիայից շաբաթներ անց։ Իլհամ Ալիևն այնտեղ դրոշ է բարձրացրել և մեղադրել Հայաստանին այդ տարածքները հայաֆիկացնելու և ապօրինի վերաբնակեցումներ կազմակերպելու, իսկ միջազգային հանրությանն ու Մինսկի խմբին՝ անգործություն դրսևորելու մեջ։
Այնուհետև նա հայտարարել է, թե Երևանը գործնականում խուսափում է խաղաղության պայմանագիր կնքելուց և փորձում է ժամանակ ձգել։ Հայկական զինված ստորաբաժանումները, ըստ նրա, մինչ այժմ ամբողջությամբ դուրս չեն բերվել ԼՂ տարածքից, Հայաստանը առ այսօր Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցք չի տրամադրել և չի սկսել նոր ճանապարհների շինարարությունը․ այս ամենը Ադրբեջանի ղեկավարը ներկայացրել է որպես եռակողմ պայմանավորվածությունների խախտում՝ ի հավելում մեղադրելով Հայաստանին նաև դելիմիտացիայի ուղղությամբ գործնական քայլեր չձեռնարկելու և աշխատանքները ձգձելու մեջ։