Ադրբեջանի հարձակման մյուս օրը ուղեվորվեցինք դեպի հարավ։ Հակառակ ուղղությամբ անընդհատ շտապօգնության մեքենաներ էին գալիս։
Ճանապարհը դեպի Ջերմուկ փակ էր, մոտակայքում զինծառայողների հարազատներն էին լուրերի սպասում իջնողներից, լսածը համեմատում սոցցանցային և լրագրողական տարափի հետ։
Մեկ անգամ պայթյուն տեսանք և լսեցինք, երբ անցանք Սիսիանի հատվածը։ Մինչև Գորիս խիտ մառախուղ էր․ «Տեսնե՞ս փրկում ա անօդաչուներից»։ Սյունիքի ամենանեղ հատվածն անցնելիս վարորդը հայհոյեց քարտեզ գծողներին։ Հիշեցինք, որ Ադրբեջանի ղեկավարի հայրը, համաձայն ոչ պաշտոնական կենսագրության, Սիսիանի կողմերից է։
Գիշերը մնացինք Գորիսում։ «Մի քիչ ուշացաք․ էրեկ էս վախտ տրաքոցները չէին դադարում»։ Հրետանակոծվում էին մոտակա դիրքերը։ Վնասվել էին քաղաքին կպած Վերին Շենի մի քանի տներ և այգիները, մի հոգի վիրավորվել էր։ Շատ բան նկարել չէր կարելի, կարելիները տեղավորեցինք այս տեսանյութում։
Տները հիմնականում երկհարկանի, թաքնվում են բետոնած նկուղներում կամ առաջին հարկերում։ Որպես ապաստարան են ծառայում նաև շրջակա քարանձավները։ Գյուղի ճանապարհները ռմբակոծված չէին, բայց փաստացի բացակայում էին, վեչջին անգամ ասֆալտապատել էին 1982 թվականին։