Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել զոհված 32 հայ զինծառայողների դիեր՝ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հաղորդել էր, որ մարմինները տարհանվել են «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից»։
Որոնք են այդ տարածքները՝ ստույգ հայտնի չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ի հարձակման արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի շուրջ 10 քառակուսի կիլոմետրը։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հավելել էր՝ հակառակորդի մխրճման ամենամեծ խորությունը Ջերմուկում է (ադրբեջանական ստորաբաժանումները նախկին 11-12 կիլոմետրի փոխարեն այժմ Ջերմուկից 4-4․5 կմ հեռավորության վրա են գտնվում), մյուս 5 ուղղություններով ավելի քիչ են մտել (Ներքին Հանդի ուղղությամբ՝ 1-2կմ, «որոշակի դիրքային առավելություն են ձեռք բերել նաև Շորժաների ուղղությամբ»)։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ հրապարակված սեպտեմբերի 16-ին, հայկական կողմը 135 զոհ ունի։ Հրադադարի հաստատումից երեք օր անց էլ Երևանը վիրավոր և անհետ կորած զինծառայողների թիվը չի հրապարակել։
Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այսօր հայտարարել է, որ հայկական կողմից առնվազն 20 ռազմագերի կա․ նրանցից 10-ը նույնականացվել են։ Օմբուդսմենի տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական բնակիչ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել (առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր):
Բաքուն հաղորդել է 79 զոհի և 284 վիրավորի մասին։