Նենսի Փելոսիի երկար նախապատրաստված այցի մասին խոսվում էր դեռևս օգոստոսին՝ նախքան հայ-ադրբեջանական վերջին բախումները։ Այցը տարածաշրջանային չէր, ըստ պաշտոնական հաղորդումների՝ «ուներ լայն օրակարգ»։ Չնայած այդ օրակարգը վերջին էսկալացիայով պայմանավորված չէր, պրոտոկոլային հայտարարություններում, որ հնչում էին նախօրեին, շոշափվում էին հիմնականում ընդհանուր կամ ակտուալ լրահոսին վերաբերող թեմաներ։
— Փելոսին Միացյալ Նահանգների երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է՝ նախագահից և փոխնախագահից հետո։ Գլխավորում է իշխանության օրենսդիր ճյուղը։ Ներկայացնում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը։ Ինչպես ինքն է ասում՝ «առաջին խոսնակն է Ներկայացուցիչների պալատի, որ այցելում է Հայաստան»։
Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ի երեկոյան։ Պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնին։
—Երևան ժամանելուն պես Փելոսին գրառում էր արել թվիթերում․ «Այսօր, Միացյալ Նահանգներից մինչև Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրության առջև, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»:
(Ուկրաինայի լայնածավալ պատերազմի և թայվանյան վերջին ճգնաժամի ֆոնին հայաստանյան սոցցանցերը քննարկում էին նրա հիշատակած օրինակների պատեհությունը)
Ավելի վաղ նրա գրասենյակը հայտարարել էր, թե այցը նպատակ ունի «փոխանցել Միացյալ Նահանգների, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի երկարամյա բարեկամի, աջակցությունը ԼՂ հակամարտության տևական կարգավորմանը», «ամրապնդել Հայաստանի հետ գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն ԱՄՆ արժեքներն ու շահերը»։
(Մինսկի խմբի համանախագահության լինելիությունը շեշտվում է բացառապես հայկական, ամերիկյան և ֆրանսիական կողների հայտարարություններում։ 44-օրյա պատերազմից ի վեր Բաքուն հայտարարում է, որ Մինսկի խումբ գոյություն չունի․ ամերիկացի նոր համանախագահի նշանակմանը Ադրբեջանը վերջերս արձագանքել էր կարգավորման գործընթացից Միացյալ Նահանգները հեռացնելու սպառնալիքով։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո եռանախագահության ձևաչափով աշխատանքների պարալիզացման մասին է խոսում նաև Մոսկվան)
— Կիրակի առավոտյան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այցել էր Ծիծեռնակաբերդ և արտասվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում։
— Դռնփակ բանակցություններից հետո Հայաստանի և Միացյալ նահանգների խորհրդարանների խոսնակները Ազգային ժողովում հանդես էին եկել ասուլիսով։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին, «որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը»։
Փելոսին Կոնգրեսի անունից խստորեն դատապարտել էր «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ» և շեշտել՝ «մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել [ագրեսիան]»։
(Այս հայտարարություններին անմիջապես արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն․ «Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին: Այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը»)
— Ասուլիսին Փելոսին անդրադարձել էր նաև ՀԱՊԿ-ին․ «Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս անվտանգային միավորման [ՀԱՊԿ] մասն է։ Մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում։ Մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն շատ մտահոգված է Հայաստանի անվտանգության համար։ ․․․Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ տեսնենք՝ ինչ կարող է անել ԱՄՆ-ն, որպեսզի օգնի Հայաստանին անվտանգության հարցում՝ առանց Ռուսաստանին կամ ռուսական միավորմանը հղվելու», «Այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները Հայաստանի գործն են․․․ Հետաքրքիր է, որ նրանք [հայկական կողմը] հիասթափված էին, որ այդ հարաբերությունից փաստահավաքներ ստացան և ոչ թե պաշտպանություն։ Կտեսնենք՝ հետո ինչ կլինի»։
(Պրոտոկոլային այս միջոցառումներին զուգահեռ Երևանի Ազատության հրապարակում և Օպերային հարակից տարածքներում բողոքի ցույցեր էին ընթանում։ Ազգային-ժողովրդավարական բևեռ և Հայաստանի եվրոպական կուսակցությունների անդամները՝ հայկական, ամերիկյան և եվրոպական դրոշներով, վակնարկում էին «Դո՛ւրս ՀԱՊԿ-ից»)
— «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում ողջունվել է աշխարհի կողմից։ Սա մի բան է, որ ամրապնդվել է վերջին ընտրությունների ժամանակ, որոնք ազատ և արդար էին, և ճանաչվել են որպես այդպիսին», – հայտարարել էր Ներկայացուցիչների տան խոսնակը։
(Ավելի ուշ հաղորդվել էր, որ ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը դռնփակ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ։ Դաշնակ Իշխան Սաղաթելյանի խոսքով, հանդիպմանը քննարկվել է նաև «Հայաստանի ներքին ժողովրդավարության» հարցը)
— «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» Փելոսին ելույթ էր ունեցել ճիշտ Ավարայրի ճակատամարտը պատկերող՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանց» կտավի դիմաց։ Կտավը մատնացույց անելով՝ նա մասնավորապես ասել էր. «Արվեստը կմիավորի մեզ։ ․․․Այս որմնանկարում տեսնում ենք պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագը»։
Գաֆէսճեանում էր տեղի ունեցել նաև Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպումը։
(Ելույթին զուգահեռ մինչ այդ Օպերայի մոտ հավաքված ցուցարարների մի մասը ողջույնի ակցիա էր անում արդեն Կասկադում։ Նրանք վանկարկում էին՝ «Շնորհակալ ենք Նենսի Փելոսի», «Կանգնեցրե՛ք ագրեսիան, պահպանե՛ք ժողովրդավարություն»)
— Ավելի ուշ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը փակ բանակցություններ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ նա «վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին»։
— Վերջում պատվիրակությունը այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն։ Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, «հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»։
— Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը։
«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։
— Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը քիչ առաջ մեկնաբանել է այցը Հայաստան․ «Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե աղմուկով և պոպուլիզմով, այլ իրոք անաղմուկ և գործնական կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունելի լինել։ Արդյո՞ք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարություններն իրականում կարող են նպաստել այդ կարգավորմանը։ Տեսնենք, ժամանակի ընթացքում պարզ կլինի»: