ՀԱՊԿ-ին դիմելով՝ Երևանը պահանջել է ռազմական և ռազմաքաղաքական օգնություն՝ Հայաստանի սուվերենությունը պաշտպանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու համար, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, և մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով [ՀԱՊԿ արձագանքը] մեզ չի կարող գոհացնել», – «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է հայաստանցի պաշտոնյան։
Անկարգությունների վերաճած ցույցերի ժամանակ ՀԱՊԿ-ը մի քանի օրվա ընթացքում զորք էր գործուղել Ղազախստան՝ իրավիճակը տեղում կայունացնելու համար։ Հայաստանն այն ժամանակ հույս էր հայտնում, որ այդ նախադեպը վերջապես կգործարկի Հավաքական անվտանգությանն ուղղված Պայմանագրային այն մեխանիզմները, որոնք մինչ այդ չեն կիրառվել։
«Բնականաբար, այդպիսի հույս եղել է։ Եվ բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել։ Չկա այդպիսի հույս այլևս։ Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել», – ասել է ԱԽ քարտուղարը։
Սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի հարձակումից ժամեր անց, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ ՀԱՊԿ-ից Հայաստանը աջակցություն (այդ թվում՝ ռազմական) էր հայցել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։
Հայաստանի դիմումի համաձայն սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ խորհրդի հրատապ նիստ էր գումարվել, որոշվել էր իրավիճակը տեղում գնահատելու նպատակով առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը գլխավորում է ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը․ նա կժամանի հաջորդ շաբաթ։
Գրիգորյանը շարունակել է՝ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, ունի ռազմաքաղաքական մի շարք գործիքներ, և այդ գործիքներով հնարավոր է այս հարցը լուծել։
Կարլեն Ասլանյանի հարցին՝ ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ը այդ գործիքներն այնուամենայնիվ չկիրառի, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը»:
«Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: [Հայաստանում] կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ նույնը՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, անցած տարվա մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի», – հավելել է պաշտոնյան։
Սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան։
Նույնը օրը Անատոլի Սիդորովը հայտարարել է․ «Սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Այսինքն ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում, խոսք չկա»։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը նշել էր, որ ՀԱՊԿ խորհրդի սեպտեմբերի 13-ի նիստում «մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք»․ «Եթե այդ ֆորմատում հնչում են այդպիսի նախադասություններ, այդ նախադասությունները չպետք է մնան առանց հետևանք»։
Փաշինյանը շեշտել էր՝ այն, որ սահմանը դելիմիտացված չէ, չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա․ «Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները 1991-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ձևավորման Ալամաթիի հռչակագրով և խորհրդարանների կողմից վավերացված համապատասխան համաձայնագրով արդեն ճանաչվե՛լ են․․․ Այդ սահմանը կա, և այդ սահմանն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից»։