ՄԱԿ-ը հորդորում է Երևանին ու Բաքվին քայլեր ձեռնարկել սահմանի դեմարկացիայի և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: ԱՄՆ-ն մտահոգված է «Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման մասին հաղորդագրություններով»։ Ֆրանսիան պահանջում է «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Ռուսաստանը խուսափում է հասցեական հայտարարություններից։
Հայաստանը հաղորդում է առնվազն 7 ռազմագերների մասին և ահազանգում՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ։
Սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի հարձակումից ժամեր անց, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։
Երևանի դիմումի հիման վրա ՄԱԿ ԱԽ-ն այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ քննարկելու Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։
Հայաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչների ելութների հիմնական կետերը՝ ստորև․
Մհեր Մարգարյան
Հայաստան․ — Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները։
Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտմամբ՝ առնվազն 7 ռազմագերի ունենք։
Նիկոլա դե Ռիվիեր
Ֆրանսիա — Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կատարվող իրադարձություններով, որոնք արդեն տասնյակ զոհերի են հանգեցրել։ Գնդակոծության են ենթարկվել Հայաստանի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր, հաղորդվում է քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու մասին։
Էմանուել Մակրոնը բանակցություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հնչել են երեք ուղերձներ․ բացարձակ առաջնահերթություն է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խստիվ պահպանումը; կոչ ենք անում Ադրբեջանին պահել իր ուժերը ելման դիրքերում․ սահմանների դելիմիտացիան Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է իրականացվի բանակցությունների միջոցով; Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։
Կոչ ենք անում վերադարձնել գերիներին։
Ռիչարդ Միլս
Միացյալ Նահանգներ — Խորապես մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների բռնկմամբ, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման մասին հաղորդագրություններով։ Հատկապես անհանգստացած ենք Հայաստանի տարածքում վիրավորված քաղաքացիական անձանց մասին հաղորդագրություններով։
Կոչ ենք անում երկու կողմերին շարունակել պահպանել զսպվածություն։
Անհրաժեշտ է երկու կողմերից ապահովել ուժերի դուրսբերումը․ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։
Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի օգնի հասնել երկարաժամկետ խաղաղության։
Միացյալ Նահանգները հավատարիմ է այս տարածաշրջանի համար ժողովրդավարական ապագա ապահովելուն:
Վասիլի Նեբենզյա
Ռուսաստան — Ռուսաստանը ծայրահեղ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ էսկալացիայով․․․, որի հետևանքով զոհվել են մեծաքանակ զինծառայողներ, տուժածներ կան խաղաղ բնակիչների շրջանում։ Ուժի գործադրումը համարում ենք անընդունելի, հույս ունենք, որ հրադադարի մասին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները կպահվեն։
Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, չդիմել քայլերի, որոնք կբարձրացնեն լարվածության աստիճանը, ինչպես նաև անշեղորեն պահպանել համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին։
Իրավիճակի կայունացման նպատակով ՌԴ ղեկավարությունը սերտ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Լարվածությունը նվազեցնելու հարցը քննարկվում է հեռախոսազրույցների ընթացքում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի, ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև։ Սպասում ենք, որ այս հարցը ուշադրության կենտրոնում կլինի նաև սեպտեմբերի 15-ին և 16-ին՝ «Շանհայական համագործակցության կազմակերպության» Սամարղանդի գագաթնաժողովին՝ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։
Էական ջանքեր են գործադրվում ՌԴ պաշտպանության նախարարության և ԱԴԾ (ФСБ) սահմանապահ ուժերի կողմից։ Մեր զինծառայողները սերտ շփման մեջ են գտնվում երկու կողմերի հետ՝ կայուն հրադադարի ապահովման, ադրբեջանական ու հայկական ուժերի՝ սկզբնական դիրքերին վերադառնալու նպատակով:
․․․Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ միասնական շտաբի անդամների խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակը ուսումնասիրելու և համապատասխան առաջարկներ ձևակերպելու համար, որոնք այնուհետև կքննարկվեն մեր կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից։ Իր առջև դրված խնդիրները խումբը սկսել է կատարել այսօր։ Հույս ունենք, որ նրանց օբյեկտիվ աշխատանքը տեղում կդառնա իրավիճակի դեէսկալացիային նպաստող գործոններից մեկը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն միմիայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, սահմանային հարցերի դեպքում՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմանի հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և որոշել Լաչինի միջանցքի ու շփման գծի տեղակայման պարամետրերը՝ ռուսական խաղապահ առաքելության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Այդ նախագծերից է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղու ու ավտոմայրուղու կառուցումը՝ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։
Աշխարհաքաղաքական մրցակցությունը միայն կարող է խոչընդոտել գործընթացին։
ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչա — [Վերջին բախումները] ընդգծում են, որ կողմերին անհրաժեշտ է հնարավորինս արագ առաջ շարժվել դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ` միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման շրջանակներում:
Հետևողականորեն կոչ ենք անում կողմերին օգտվել այդ կարևոր մեխանիզմից` որպես սկզբունքային կարևոր քայլ` սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ։
Հետևողականորեն հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցությունների և քայլեր ձեռնարկել երկարատև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հրադադար է հայտարարվել․ հայ-ադրբեջանաան սահմանին և Հայաստանի տարածքում ռազմական գործողությունները դադարել են։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հրադադարի հաստատման մեջ ներդրում են ունեցել Ռուսաստանը և Ֆրանսիան, «մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը»։
Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով հայկական կողմից առնվազն 105, ադրբեջանական կողմից՝ առնվազն 71 զինծառայող է զոհվել։ Վիրավորների թիվը չի նշվում, հայտնի է առնվազն 7 քաղաքացիական բնակչի վիրավորման մասին։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 10 քառակուսի կիլոմետրը։ Երևանի գնահատմամբ՝ սա Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդեն երկրորդ փուլն է (առաջինը տեղի է ունեցել 2021-ի մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Հայաստան՝ օկուպացնելով շուրջ 40 քառակուսի կմ տարածք):
ՄԱԿ-ի ԱԽ-ից բացի՝ Հայաստանի Հանրապետությունը աջակցություն էր հայցել նաև Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Երևանը օգնություն էր խնդրել, այդ թվում՝ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ապահովելու համար։
Հայաստանի դիմումի համաձայն սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ խորհրդի հրատապ նիստ էր գումարվել, որոշվել էր իրավիճակը տեղում գնահատելու նպատակով առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը գլխավորում է ՀԱՊԿ գլխավորում է ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա կժամանի հաջորդ շաբաթ։ Առաքելության անդամների առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, արդեն Հայաստանում է։
Հայաստան է եկել նաև Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։