«Քիչ առաջ իմացա, որ մարդիկ լուրեր են տարածում, թե ես ինչ-որ որևէ փաստաթուղթ եմ ստորագրել կամ որևէ փաստաթուղթ եմ [ստորագրելու]։ Սա որևէ կապ իրականության հետ չունի․․․ Ես պաշտոնապես ասում եմ՝ որևէ թուղթ ստորագրված չի, ավելին՝ որևէ թուղթ չի նախապատրաստվում ստորագրման և որևէ թղթի մասին խոսակցություն չկա», – ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեղեկատվական այս հոսքը, ըստ նրա, նպատակ ունի «թուլացնել սահմանին կանգնած մեր զինվորի դիմադրողականությունը»։
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, ի թիվս այլի, հայտարարել էր, թե պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը տեւական խաղաղություն և անվտանգություն կապահովի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված՝ 29,800 քառակուսի կիլոմետր տարածքում։ «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն», – ասել էր վարչապետը: Խոսքը, հավանաբար, խաղաղության պայմանագրի մասին է, որը վերջին ամիսներին բանակցվում է մոսկովյան և բրյուսելյան եռակողմ հարթակներում։
Վարչապետի այս հայտարարությունից ժամեր անց խորհրդարանի մոտ բողոքի ցույց է սկսվել․ մասնակիցները պահանջում են կանխել որևէ նոր փաստաթղթի ստորագրումը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցույցը «առաջնորդում են» Հայաստան և Պատիվ ունեմ ընդդիմադիր դաշինքների պատգամավորները։
«Ի՞նչ եմ ես այսօր Ազգային ժողովում ասել կամ ի՞նչ է նշանակում իմ ասածը։ Մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և միշտ ասել ենք՝ դրա իրագործումը, ցավոք, միայն մի կողմից չէ կախված, այլ կախված է մի քանի՝ այդ պրոցեսում դեր ունեցող կողմերից։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային մեր դիրքորոշումները ասել ենք․ ինչ որ ասել եմ այսօր, նախկինում իմ ասածից որևէ բանով չի տարբերվում։
Ադրբեջանը առաջարկել է խաղաղության պայմանագրի [5] կետեր։ Մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ դրանք հայ-ադրբեջանական օրակարգի ոչ բոլոր հարցերն են ներառում։ Մենք լրացրել ենք այդ օրակարգը, ինչի մասին հայտարարվել է․ այդ [լրացումները վերաբերում են], մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին, անվտանգության երաշխիքներին և սրանից բխող կարգավիճակին կամ այն պայմաններին, որոնք երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքների իրացումը։
Ինչո՞ւ եմ ես խոսել այսօր Հայաստանի Հանրապետության 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի (Խորհրդային Հայաստանի տարածքի) մասին։ Որովհետև այսօր ոտնձգության է ենթարկվում Հայաստանի Հանրապետությունը, հենց այդ Հայաստանի Հանրապետության [Խորհրդային Միությունից ժառանգված] տարածքը։
Մենք ասում ենք, որ այդ տարածքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեզ համար քննարկելի և սակարկելի չէ։ Մեզ ասում են՝ միջանցք։ Մենք ասում ենք՝ Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք մենք չենք պատրաստվում տալ։ Չենք տալու։
Մենք այդպիսի թուղթ չենք ստորագրի երբեք, որով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդրվի կասկածի տակ։ Բացառվում է նման բան», – հայտարարել է Փաշինյանը։
Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանի սուվերեն տարածքը «կարմիր գիծ է մեզ համար», այդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր։
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա (սահմանագծում) և դեմարկացիա (սահմանագծում) չի եղել, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց՝ Խորհրդային Միությունից ժառանգված սահմանները։
«Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները 1991-ին Անկախ պետությունների համագործակցության(ԱՊՀ) ձևավորման Ալամաթիի հռչակագրով և խորհրդարանների կողմից վավերացված համապատասխան համաձայնագրով արդեն ճանաչվե՛լ են։ Պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա, և այդ սահմանն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկու փուլանի ագրեսիա է իրականացրել․ առաջին փուլը՝ նախորդ տարվա մայիսի 12-ին, երկրորդը՝ հիմա», – հայտարարել էր Փաշինյանը։
«Մենք՝ միջանցքով կլինի թե այլ բանով, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել, – ուղիղ եթերում կրկնել է Փաշինյանը՝ շարունակելով․ — Մյուս կողմից՝ մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ կա թեկուզ ոչ երազանքային, բայց այնուամենայնիվ՝ մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը։ Մենք դրա պատասխանատվությունը պատրաստ ենք ստանձնել և գնալ այդ լուծումներին։
Եթե լինի այնպիսի տարբերակ, եթե բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը կամ փաստաթուղթը չի, բայց վերլուծենք, որ այնուամենայնիվ այն մեր շահերից է բխում և երկարաժամկետ առումով Հայաստանի համար խաղաղություն և անվտանգություն է ապահովում, մենք այդ պատասխանատվությունը կստանձնենք», – ուղիղ եթերում պարզաբանել է վարչապետը։
Ավելի ուշ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, թե «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք․մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»։