21:50 — «Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել», – հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
21։20 — Ջերմուկից կանայք և երեխաները տարհանվել են։ Քաղաքը, հարակից հայկական դիրքերը հրետանային կրակի տակ են: «Քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Միգուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ ծածկույթը չի հարվածվել այս պահին, բայց հարակից հարվածներ եղել են», – «Ազատությանն» ասել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:
Այսօր հրետակոծվել է Սյունիքի Աղիտու-Նորավան ճանապարհը: Աղիտուից 130 ընտանիք տարհանվել է, ասել է համայնքապետ Ավետիս Ավետիսյանը․ «Ռմբակոծությունը հիմա էլ շարունակվում է, տարհանված է ժողովուրդը, մնացել են երիտասարդները: Կանայք, երեխաները լրիվ հանած է․․․ Սնարյադն ընկել է գյուղի բնակելի շինությունների վրա»:
20։09 — «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝
* կրակի ամբողջական դադարեցում,
* Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր,
* հայ ռազմագերիների ազատ արձակում։
Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը», – Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։
ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը Հայաստան կժամանի վաղը։ Խումբը ղեկավարելու է ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կուղևորվի հաջորդ շաբաթ։
18։00 — Այս պահի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
Ժամը 15:00-ից 17:00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։
16:40-ի սահմաններում հրթիիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։
ՊՆ հայտարարությունը՝
17։10 — Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի արտահերթ նիստին։
16։00 — Ադրբեջանական ուժերի հրետակոծությունից այսօր գլխի շրջանում վիրավորում է ստացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը։
«Գորհայքի սարերից անասուններին իջեցրել է, հետո, երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները սկսել են կրակել, ինչի հետևանքով վնասվել է մեր համագյուղացու գլուխը։ Նրան տեղափոխել են «Սիսիան» ԲԿ, որտեղ վիրահատել են, ուշքի է եկել, տեղափոխել են Երևան», – Տեղի գյուղապետ Դավիթ Ղուլունցի խոսքերը մեջբերել է factor.am-ը։
15։00 — Այս պահի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։
Ժամը 13։00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հարվածները՝ թիրախարելով նաև խաղաղ բնակավայրերը և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։
Հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ (ФСБ) տրանսպորտային միջոցներին։ Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։
ՊՆ հայտարարությունը՝
14։30 — Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հրետակոծել է Գեղարքունիքում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի տեղակայման վայրը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Անձնակազմը լքել է տեղակայման վայրը, հայտնում է «Ինֆոտեկա 24» լրատվական գործակալությունը։
14։00 — Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է՝
— Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է։
— Առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։
— Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։
— Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։
13։10 — Արդեն շուրջ 20 րոպե ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցնում Սոթք գյուղի բնակելի թաղամասերին և տներին՝ ծանր հրետանու կիրառմամբ, հայտնել են Sputnik Արմենիային համայնքի ղեկավարությունից։
Այս պահին հնարավոր չէ գնահատել ավերածությունների մասշտաբները, կրակը չի մարում։
12։00 — Գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։
Այս պահի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։
ՊՆ հայտարարությունը՝
11։30 — Ջերմուկում հակառակորդը քաղաքացիական մեքենա է թիրախավորել, վարորդը հոսպիտալացվել է՝ գրում է ՍիվիլՆեթը։
Սոթքում հրետակոծությունից տուն է հրդեհվել։ Հրդեհը, ըստ ԱԻՆ-ի, բռնկվել է գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում, առավոտյան այն մեկուսացվել և մարվել է։
10։00 — Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։
«Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։
09:30 —Առավոտից Գորիսում պայթյունների ձայններ են լսվում։ Մարտական գործողություններ են սկսվել Իշխանասարի հատվածում։ Հառակորդը թիրախավորել է զինվորական հոսպիտալը, խաղաղ բնակչությանը, մերձակա գյուղերը, տները, տեղից հայտնում է ՍիվիլՆեթի թղթակիցը։
09։00 — Սեպտեմբերի 13-ից 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը օգտագործել է անօդաչու թռչող սարքեր։
Այսօր՝ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի եւ Ջերմուկի ուղղություններով։
ՊՆ հայտարարությունը՝
Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ, նա կոչ է արել Ալիևին «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»:
Միացյալ Նահանգներն էական փաստեր է տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքն ու զգալի վնաս հասցնում երկրի ենթակառուցվածքներին, հայատարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը: Նեդ Փրայսը հիշեցրել է՝ պետքարտուղարն ավելի վաղ կոչ է արել Ադրբեջանի նախագահին «դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում»։
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի անդամներին տեղեկացրել է «ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը»:
Հայաստան ու Ադրբեջան են այցելելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Վաշինգտոնը, Մոսկվան, Բրյուսելը՝ խուսափելով հասցեական հայտարարություններից, խորը մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակման կապակցությամբ։ Արտահայտվել են նաև Թեհրանը և Անկարան․․․
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ԱԹՍ-ներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Հայկական կողմը հաղորդել է առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհերի մասին։ Տվյալները ճշտվում են։ Հայկական կողմից առնվազն մեկ զինծառայող է գերեվարվել։ Քաղաքացիական բնակչության շրջանում երեք վիրավոր կա։
Հայաստանի ՊՆ-ի հաղորդմամբ, «որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։ Փոխհրաձգությունները շարունակվում են։
Նախօրդ օրվա մանրամասները այստեղ (թարմացվող լրահոսում)։