Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ Բաքվի հերթական հաղորդագրությունը:
Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նման հաղորդագրություններ է տարածում գրեթե ամենօրյա ռեժիմով, Հայաստանի ՊՆ-ն դրանք ամեն անգամ հերքում է: Երկու օր առաջ, մինչդեռ, սահմանին հայաստանցի զինվոր է զոհվել, ՊՆ նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից:
Սեպտեմբերի 7
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում։
Առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե երեկ ժամը 19։50-ից մինչև այսօր ժամը 01։20 Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները պարբերաբար գնդակոծել են Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Սեպտեմբերի 6
«Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.)», – նախօրեին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Մինչ այդ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում (Քելբաջարի ուղղությամբ) տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն սա «հերթական ապատեղեկատվություն» է որակել։
«Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը», – հավելել է պաշտոնական Երևանը։
Ավելի ուշ Բաքուն «վճռականորեն հերքել» է, թե հայ զինվորը զոհվել է ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով։
Սեպտեմբերի 5
Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել՝ երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
Սեպտեմբերի 5-ին Բաքուն երկու հաղորդագրություններ է հրապարակել, առաջինում՝ մեղադրելով հայկական կողմից սեպտեմբերի 4-ի երեկոյան, երկրորդում՝ սեպտեմբերի 5-ի գիշերը Քելբաջարի շրջանի մի քանի ուղղություններով տեղակայված ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ Երևանը հերքել է և՛ առաջինը, և՛ երկրորդը։
Սեպտեմբերի 4
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», – կիրակի օրը հայտարարել է Հայաստանի ՊՆ-ն։
Սեպտեմբերի 3
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», – ասված էր ՊՆ շաբաթ օրվա հերքման մեջ։
Նույն օրը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, թե հայկական զինված կազմավորումները 19 անգամ գնդակոծել են ադրբեջանական դիրքերը․ 16 անգամ՝ Հայաստանի տարածքից Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ, 3 անգամ՝ Ղարաբաղից։
Սեպտեմբերի 2
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ», – հաղորդել է Հայաստանի ՊՆ-ն։
Մինչ այդ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հայկական ստորաբաժանումները գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը և 2 ռազմական ավտոմեքենաները։