Home / Դատարան / Իրանում երկու կին են սպանելու, երրորդը դատավճռի է սպասում

Իրանում երկու կին են սպանելու, երրորդը դատավճռի է սպասում

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել երկու ԼԳԲՏ ակտիվիստ կանանց՝ 31-ամյա Զահրա Սեդիքի Համեդանիին և 24-ամյա Էլհամ Չուբդարին, հայտնում է Hengaw քրդական իրավապաշտպան կազմակերպությունը։ Նույն գործով ևս մեկ կին է ձերբակալվել՝ 52-ամյա Սոհելիա Աշրաֆին․ նրա դատավճիռը դեռևս չեն կայացրել։

ԼԳԲՏ ակտիվիստները մեղադրվում են իսլամական օրենքի «Երկրի վրա այլասերվածություն տարածելու» հոդվածով։ Սա Իրանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կանանց նկատմամբ մահապատիժ են սահմանում իրենց սեռական կողմնորոշման համար, նշում են իրավապաշտպանները։

Իրանի դատական իշխանությունները պաշտոնական հայտարարությամբ հաստատել են դատավճիռը։ Hengaw-ն կոչ է անում միջազգային հանրությանը Իրանի վրա ճնշում գործադրել և հասնել դատավճռի չեղարկմանը։

Իրավապաշտպանների տեղեկությամբ, կանայք նաև մեղադրվում են քրիստոնեություն տարածելու և ընդդիմադիր մամուլի հետ կապերի մեջ։ Amnesty International կազմակերպությունը գրում է, որ քրիստոնեություն տարածելու մեղադրանքը կապված է խաչ կրելու և տարիներ առաջ Իրանում տուն-եկեղեցի այցելելու համար։ 

Մահապարտներից մեկը՝ Զահրա Սեդիքի Համեդանին, հայտնի իրանցի ԼԳԲՏ ակտիվիստ է, նրան ճանաչում են նաև որպես «Սառա» (Sareh): Ակտիվիստին ձերբակալել են հոկտեմբերին, երբ ուղևորվում էր Իրանից Թուրքիա։ Մինչ Իրան տեղափոխվելը ակտիվիստը բնակվում էր Քուրդիստանում։

Amnesty International կազմակերպությունը հունվարին պահանջել էր անհապաղ ազատ արձակել ակտիվիստին և հայտարարել էր, որ Համեդանիի նկատմամբ գործը կապված է անցյալ տարվա մայիսին BBC-ի փաստագրական ֆիլմերից մեկում ակտիվիստի ելույթի հետ, որում վերջինս պատմում է Իրաքի քրդական շրջաններում ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացվող իրավախախտումների մասին։ Ակտիվիստը նաև պաշտպանում էր ԼԳԲՏ անձանց իրավունքները սոցցանցերում։

Hengaw կազմակերպության իրավապաշտպանների տվյալներով՝ ձերբակալությունից հետո Համեդանիին չեն թողել հանդիպել փաստաբանի հետ, ծաղրել են և սպառնացել զրկել նրան իր երկու երեխաների խնամակալությունից։

Համեդանիին սկսել են հետապնդել դեռևս Իրաքում, ինչի պատճառով ակտիվիստը մեկնել է Իրան՝ հետագայում Թուրքիա տեղափոխվելու հույսով։

Իրաքից հեռանալուց առաջ ԼԳԲՏ-ակտիվիստը մի քանի տեսաուղերձ է փոխանցել 6Rang Գերմանիայում հիմնված իրանական լեսբի և տրանս նեթվորքին՝ խնդրելով հրապարակել դրանք, եթե նրա հետ որևէ բան տեղի ունենա։

Իրանում վերջերս անհամեմատ շատացել են մահապատիժները, նշում են իրավապաշտպանները։ Միայն հուլիսի 27-ին մահապատժի էին ենթարկել 3 կանանց։ Կանանց նկատմամբ իրականացվող մահապատիժների թվով Իրանը առաջատարն է։ 

Abdorrahman Boroumand Center իրանական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ այս տարի արդեն ամենաքիչը 9 կանայք մահապատժի են ենթարկվել, ընդ որում, ինչպես հայտնում են իրավապաշտպանները՝ կանանց մահապատիժների միայն 15%-ի մասին է պաշտոնապես հայտարարվում։ 

Իրանում աղջիկները քրեական պատասխանատվության են ենթարկվում 9 տարեկանից սկսած, իսկ տղաները՝ 15։ Առավել հաճախ իրանցի կանայք մահապատժի են ենթարկվում իրենց ամուսնուն սպանելու համար։ Իրանական դատարանները մեղմացուցիչ հանգամանք չեն համարում ինքնապաշտպանության նպատակով կատարված սպանությունները կամ դրանց նախորդող շարունակական ընտանեկան բռնությունների դեպքերը։