Ռուսական զորքերը, ըստ պայմանավորվածության, դուրս են գալիս Կիևի ու Չեռնիգովի մարզերի օկուպացրած տարածքներից՝ մոռանալով մաքրել իրենց կատարած բռնությունների ու սպանությունների հետքերը։
Շաբաթ օրը France-Presse-ի ու Reuters-ի լրագրողները այցելել են մայրաքաղաք Կիևից 30կմ հեռավորության վրա գտնվող Բուչա քաղաք, որը շուրջ 1 ամիս պաշարված էր և գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության ներքո։ Քաղաքի փողոցներից միայն մեկում լրագրողները հայտնաբերել են գետնին ընկած 20 քաղաքացիական հագուստով մարդկանց դիեր։
Դիակների ձեռքերը հետևից կապված են սպիտակ կտորով։ Տեղի բնակիչները Reuters-ին հայտնել են, որ օկուպացիայի ժամանակ ռուսական զորքերը ստիպել են իրենց կրել սպիտակ թևկապներ։
Bucha massacre was deliberate. Russians aim to eliminate as many Ukrainians as they can. We must stop them and kick them out. I demand new devastating G7 sanctions NOW:
-Oil, gas, coal embargo
-Close all ports to Russian vessels and goods
-Disconnect all Russian banks from SWIFT pic.twitter.com/oZkCAETCQp— Dmytro Kuleba (@DmytroKuleba) April 3, 2022
Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը France-Press-ին հայտնել է, որ «300 մարդ արդեն թաղված է եղբայրական գերեզմաններում»: Նրա խոսքերով՝ փողոցներում մահացած ընտանիքներով մեքենաներ կան։ Ինչ վերաբերում է թևկապներին, քաղաքապետը պարզաբանում է՝ դրանք պետք է «ցույց տային, որ մարդիկ զինված չեն»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր մեղադրանքները։ Բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են և «բեմականացում՝ արևմտյան լրատվամիջոցների համար», ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել։ Ռուսաստանը պահանջել է նիստն անցկացնել ապրիլի 4-ին, Ուկրաինան՝ ապրիլի 5-ին։
Bucha, Kyiv region. The bodies of people with tied hands, who were shot dead by 🇷🇺 soldiers lie in the streets. These people were not in the military. They had no weapons. They posed no threat. How many more such cases are happening right now in the occupied territories? (1/2) pic.twitter.com/AJloZ81JIt
— Михайло Подоляк (@Podolyak_M) April 2, 2022
Human Rights Watch-ը, իր հերթին, փաստագրել է Չեռնիգովի, Խարկովի և Կիևի մարզերի օկուպացված շրջաններում ռուս զինվորականների կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների, սպանությունների և սպառնալիքների մի շարք դեպքեր․ ընդհուպ մինչև կրկնվող բռնաբարություններ ու խմբակային մահապատիժներ։ Ռուս զինվորականները նաև ներգրավված են եղել քաղաքացիական գույքի, սննդի, հագուստի և վառելափայտի կողոպուտի մեջ:
Human Rights Watch-ը զրուցել է 10 հոգու հետ, այդ թվում՝ վկաների, զոհերի և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների տեղի բնակիչների հետ:
Չեռնիգովի մարզի Ստարի Բիկով գյուղում ռուսական զորքերը փետրվարի 27-ին հավաքել են առնվազն 6 տղամարդու և մահապատժի ենթարկել նրանց, պատմում է մահապատժի ենթարկված տղամարդկանցից մեկի մայրը, ով ականատես է եղել որդու սպանությանը։
Մարտի 6-ին ռուս զինվորները Կիևից 50 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Վորզել գյուղի նկուղներից մեկի մեջ ծխային նռնակ են գցել, այնուհետև կրակել մի կնոջ և 14 տարեկան երեխայի վրա նկուղից դուրս գալու ժամանակ։ Կինը մահացել է ստացած վիրավորումներից 2 օր անց, երեխան՝ անմիջապես դեպքի վայրում։ Այս մասին Human Rights Watch-ին պատմել է նրանց հետ նկուղում թաքնված տղամարդը։
Մի կին Human Rights Watch-ին պատմել է, որ ռուս զինվորը բազմիցս բռնաբարել է իրեն Խարկովի մարզի Մալայա Ռոգան գյուղի դպրոցում, որտեղ նա և իր ընտանիքը պատսպարվել էին մարտի 13-ին: Զինվորը ծեծել է, դանակով քերծել նրա դեմքն ու պարանոցը, կտրել մազերը: Հաջորդ օրը կինը փախել է Խարկով, որտեղ կարողացել է բուժօգնություն ստանալ։
1949 թվականին ընդունված Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ պատերազմի օրենքներն արգելում են դիտավորյալ սպանությունները, բռնաբարությունները և սեռական այլ բռնությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը գերի ընկած զինվորների և անազատության մեջ գտնվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Արգելվում է նաև թալանը։ Յուրաքանչյուր անձ, ով կատարում կամ խթանում է նման գործողություններ, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։