Home / Առողջապահություն / 2 զոհ,14 վիրավոր «ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում». Թարմացում

2 զոհ,14 վիրավոր «ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում». Թարմացում

Օգոստոսի 3-ին Ղարաբաղում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր, հաղորդում է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Մնացածի վիճակը, ըստ նրա, միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլորը բեկորային վիրավորումներ ունեն։

Արցախի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այսօրվա ռազմական ագրեսիայի հետևանքով ՊԲ 2 զինծառայող զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Եվս մեկ վիրավորի մասին Արցախի ՊՆ-ն հաղորդել էր օգոստոսի 1-ին։

«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին [օգոստոսի 3-ի] դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը», – գրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հիշեցրել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է․

«Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ՝ իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ։ Դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ օգոստոսի 1-ի հարձակումը Գանձասարի, իսկ պաշտոնականով՝ Վանք համայնքի մեջ մտնող Նարեշտար գյուղի (Գանձասարից 20 կմ հեռու) ուղղությամբ էր։

Տես՝ Միջանցքների մասին խոսակցությունները զուգորդվում են սահմանային կռիվներով․ ի՞նչ է հայտնի վերջին էսկալացիայի մասին

21։50 ԹԱՐՄԱՑՈՒՄ

«Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի», – «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։