Օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հաղորդել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Մինչ այս ՊԲ-ն հաղորդել էր 1 զոհի և 15 վիրավորների մասին։ Վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է։
Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհերի անունները՝ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյան և Արթուր Յուրիի Խաչատրյան:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է, հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
Օգոստոսի 3-ից Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել․ հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։