Home / Բանակ / Միշել-Փաշինյան-Ալիև «անկեղծ և արդյունավետ» երրորդ հանդիպումը

Միշել-Փաշինյան-Ալիև «անկեղծ և արդյունավետ» երրորդ հանդիպումը

«Անկեղծ և արդյունավետ»․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքով՝ այսպես է անցել Բրյուսելում իր միջնորդությամբ երեկ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա առաջնորդների երրորդ եռակողմ հանդիպումն է։ 

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները և ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը։

Եռակողմ հանդիպման ընթացքում, ըստ Շառլ Միշելի, կողմերը հասել են հետևյալ արդյունքների՝

Սահմանային խնդիրներ

Առաջիկա օրերին հայ-ադրբեջանական միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը և թե ինչպես լավագույնս ապահովել կայուն վիճակ:

Կապեր

Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ։ 

Խաղաղության պայմանագիր

Ղեկավարները պայմանավորվել են զարգացնել Հայաստանի և Ադրբեջանի միջպետական ​​հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը կշարունակեն զբաղվել այս գործընթացով։ Ի հավելումն սրա, ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը Ղարաբաղում:

Սոցիալ-տնտեսական զարգացում

ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը։

Նախատեսվում է նմանատիպ հանդիպում անցկացնել նաև հուլիսին կամ օգոստոսին: