Home / Մշակույթ / Ինչպե՞ս դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը. շահագործել աշխատողներին

Ինչպե՞ս դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը. շահագործել աշխատողներին

Ինչպե՞ս դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Նախապայմաններից կարևորագույնը՝ քո ընկերության աշխատողներին շահագործելն է։

Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող, աշխարհահռչակ Tesla ընկերության հիմնադիր և տնօրեն Իլոն Մասկը գովաբանել է Չինաստանի գործարանների աշխատողներին՝ ծայրահեղ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատել կարողանալու համար․ 

«Չինաստանում կան շատ տաղանդավոր, աշխատասեր մարդիկ, ովքեր խորապես հավատում են արտադրությանը։ Նրանք շարունակում են նավթ վառել անգամ ոչ թե կեսգիշերին, այլ գիշերը ժամը 3-ին։ Նրանք նույնիսկ չեն լքում գործարանը, այնինչ Ամերիկայում մարդիկ փորձում են խուսափել աշխատանքի գնալուց»։

Միևնույն ժամանակ Շանհայում Tesla-ի հսկայական Giga գործարանը ստիպում է իր աշխատողներին աշխատել այնքան մինչև հասնեն արտադրության թիրախներին։ 

Ապրիլին Tesla-ն արգելեց իր Շանհայի աշխատողներին լքել գործարանը՝ «փակ հանգույց» ստեղծելու պատճառաբանությամբ։ Հաղորդվում է, որ ներսում փակված լինելու ժամանակ աշխատողներին ստիպել են աշխատել 12-ժամյա հերթափոխով, 6 օր անընդմեջ և քնել գործարանի հատակին: Գործարանում արտադրությունը ստիպված դադարեցվել է որոշ մասերի պակասի պատճառով, հայտնել են ընկերությունից:

«Փակ հանգույց» համակարգը ի սկզբանե մշակվել էր Չինաստանի կառավարության կողմից Պեկինի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ օտար մարդկանց մուտքը և մարզիկների ելքը կանխելու համար։ Խաղերի անցկացման վայրերը, մեդիա կենտրոնները, հյուրանոցները մետաղական ցանկապատերով ու հսկիչ պահակախմբերով առանձնացված էին քաղաքի մնացած մասերից։ Սա արվում էր համաճարակի պայմաններում՝ մաքսիմալ անվտանգ Օլիմպիական խաղեր կազմակերպելու նպատակով։

Աշխատանքային իրավունքների և անվտանգության նորմերի խախտումներ Tesla-ի Շանհայի գործարանում արձանագրվել են նրա հիմնադրման (2018թ․) օրվանից ի վեր։ Տեղացի լրագրողների իրականացրած հետաքննության համաձայն՝ աշխատողները ստանում էին խոստացված աշխատավարձից շատ ավելի քիչ՝ ամսեկան 1500 դոլար։ 

Մասկը հայտնի է աշխատանքային իրավունքների խախտումներով նաև Միացյալ Նահանգներում։ Նրա ամենահայտնի արտահայտություններից է․ «ոչ ոք չի փոխել աշխարհը՝ շաբաթական 40 ժամ աշխատելով»։ Նա պարծենում է, որ Ամերիկայի Tesla-ի աշխատողներին ստիպել է աշխատել շաբաթական 100 ժամ՝ պնդելով, որ ինքն անձամբ շաբաթական 120 ժամ է աշխատել։ 

Ըստ Չինաստանի օրենսդրության, աշխատանքային գրաֆիկը չպետք է անցնի շաբաթական 40 ժամը՝ ամսեկան 36 ժամ արտաժամյա աշխատանքի թույլատվությամբ (ընդհանուր շաբաթական մինչև 48 ժամ)։ Սակայն գործանականում այս օրենքը չի պահպանվում։

Կոռնելի համալսարանի դոցենտ, Չինաստանում աշխատանքի փորձագետ Էլի Ֆրիդմանը ընդգծում է, որ Մասկի մեկնաբանությունը պետք է հասկացվի «ավելի լայն համատեքստում, երբ ամերիկյան ընկերությունները օգտվում են ոչ միայն Չինաստանում աշխատուժի ցածր գնից, այլև վերջինիս ճկունությունից»։ Մասկի նման ղեկավարների համար «մրցակցային առավելություն է, որ դու ունես հարյուր հազարավոր աշխատողներ, որոնց կարող ես արթնացնել գիշերվա կեսին և աշխատանքի դնել»։

«Չափից դուրս շատ արտաժամյա աշխատանքը Չինաստանում արդյունաբերական զարգացման ողջ մոդելի ներկառուցված հատկանիշն է։ Շատ երկար ժամերը և պարտադիր արտաժամյան, թեև օրինական չեն, բայց նաև նորմալ են համարվում։ Եվ սա արվում է պարբերաբար՝ խորհրդակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնց հանձնարարված է նաև աշխատանքային օրենսդրության պահպանումը», – ասում է Ֆրիդմանը։

Երկրի ծայրահեղ աշխատանքային մշակույթի նկատմամբ զայրույթն ուժեղացավ անցյալ տարվա հունվարին, երբ Շանհայում գործող Pinduoduo ընկերության 22-ամյա աշխատողը ուշաթափվեց և մահացավ երկար ու տանջալից հերթափոխից, գիշերը ժամը 1։30 աշխատանքից հեռանալուց հետո։