31-ամյա Մերդան Ղափարը մոդելային հրաշալի կարիերա ուներ, ապրում էր չինական հարուստ մեգապոլիսում։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ մահմեդական ույղուրների դեմ վարած քաղաքականության պատճառով, սակայն, նրան Սինցզյանի ճամբար ուղարկեցին։
Ազգականներին ասել են, որ Մերդանին «վերադաստիարակման» են տանում։ Հետո նրանք հաղորդագրություն են ստացել Ղափարից՝ տեսանյութ, որում նախկին մոդելը ձեռնաշղթաներով կապված է մահճակալին։
Բի֊բի֊սի֊ն հարցում էր ուղարկել Չինաստանի ԱԳՆ և Սինցզյան֊Ույղուրյան ինքնավար մարզի ադմինիստրացիա։ Երկու շաբաթ անց մարզի ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը հաստատել է Ղափարի բերման ենթարկման փաստը, իսկ կտտանքների մասին հարցին չեն պատասխանել։
Հարազատների համար այդ չոր մեկնաբանությունը Մերդանի մասին միակ տեղեկությունն էր մարտից սկսած։
Ստուդիայից ճամբար
Ընդհամենը մի քանի ամիս առաջ Մերդան Ղափարը մեծ հոնորարներ էր ստանում չինական առցանց խանութների գովազդային հոլովակներում նկարահանվելու համար։ Վերջին տեսանյութը, սակայն, ստուդիայից չէ։ Այս անգամ ֆոնին դատարկ սենյակ է երևում՝ ճաղապատ լուսամուտներով։ Մերդանը վախեցած դեմքով նկարում է իր կեղտոտ հագուստը, ցույց է տալիս վնասված ձեռքերն ու ձեռնաշղթաները, որոնցով կապված է մահճակալին՝ սենյակի միակ կահույքին։
Ղափարի նկարահանած տեսանյութը լրացրեց գիտելիքների այն ցանկը, որ օգնում էր պատկերացում կազմել չինական ճամբարներում կիրառվող պատժիչ մեթոդների մասին։
«Անջատականություն, ահաբեկչության և ծայրահեղականության» դրսևորումների կանխարգելման և պատժման համար հիմնված ճամբարը տեղակայված է երկրի հյուսիս֊արևմուտքում՝ հիմնականում մահմեդական ույղուրներով բնակեցված Սինցզյան֊Ույղուրյան ինքնավար մարզում։
Մի քանի հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին տարիներին ավելի քան մեկ միլիոն ույղուրներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ բանտարկվել են Սինցզյանի փակ ճամբարներում։
Մերդանի դեպքը հաստատեց այն, որ ճամբարներում հայտնվելու համար կարևոր չէ, թե որքան ինտեգրված ես չինական հասարակությունում, որքանով ես տիրապետում լեզվին ու մշակույթին։ Միակ անհրաժեշտ պայմանը էթնիկ պատկանելությունն է։
Չինաստանի իշխանությունները պնդում են, որ ույղուրներին ինքնակամ հիմունքներով դպրոցներ են տեղափոխում, ոչ թե համակենտրոնացման ճամբարներ։ Հերքում են բռնության փաստն ու պնդում, որ այդպիսով պայքարում են ծայրահեղականության դեմ։
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ճամբարներում երեխաներին բաժանում են ծնողներից, մահմեդական կանանց բռնի ստերջացնում են ու ստիպում հակաբեղմնավորիչներ ընդունել։
Ղափարի հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ շատ ույղուրների ճամբարներում պահում են առանց դատական գործերի ու հետաքննության։
Այժմ Սինցզյանում կորոնավիրուսի նոր բռնկում է։ Ղափարի նկարագրած հակասանիտարական պայմաններում վիրուսի տարածման ռիսկերն անհամեմատ բարձրանում են։
Մերդանի հարազատները մտավախություն են հայտնում, որ համացանցում տեսանյութի տարածման հետևանքով նրա նկատմամբ վերաբերմունքը կարող է խստանալ։ Բայց այս տեսանյութի տարածումը Ղափարի հարազատների համար միակ հույսն է Չինաստանում ույղուրների նկատմամբ բռնությունների վրա ուշադրություն հրավիրելու համար։
Մերդանի Նիդերլանդներում բնակվող հորեղբայրը՝ Աբդուլհաքիմ Ղափարը, հույս ունի, որ այս տեսանյութը նույնքան արձագանք կստանա որքան Ամերիկայում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության տեսանյութը․ «Երկուսն էլ դաժան վերաբերմունքի են արժանացել զուտ ռասայական պատկանելության պատճառով, բայց եթե Ամերիկայում բարձրաձայնել են այդ մասին, ապա մեր դեպքում բոլորը լռում են»։
Ի՞նչ է կատարվել Մերդանի հետ
2009 թվականին Մերդան Ղափարը շատ այլ ույղուրների պես հեռացել է Սինցզյան մարզից՝ չինական հարուստ մեգապոլիսներում նոր հնարավորույթուններ գտնելու ակնկալիքներով։
Սինցզյանի արվեստների ինստիտուտում պարային բաժին էր ավարտել։ Հեռանալուց հետո սկզբնական շրջանում աշխատում էր պարային ոլորտում, իսկ մի քանի տարի անց հայտնվեց նորաձևության ասպարեզում։
Մոդելային կարիերան սկսել է երկրի հարավում գտնվող Ֆոշան քաղաքում։
Ընկերների խոսքով, Ղափարը նկարահանումների շնորհիվ կարող էր օրական մինչև 10 հազար յուան (շուրջ 1500 ԱՄՆ դոլար) գումար աշխատել։
Հարազատները պատմում են, որ Ղափարին խորհուրդ են տվել չհիշատակել իր ույղուրական արմատների մասին։ Նա, այնուամենայնիվ, իր ծագումը չի թաքցրել։ Ինչի պատճառով չի կարողացել սեփական բնակարանն իր անունով գրանցել, ստիպված է եղել չինացի ընկերոջ անունով ձևակերպել բոլոր փաստաթղթերը։
2013 թվականի Պեկինի և 2014 թվականի Կունմինի ահաբեկչություններից հետո, որոնց կազմակերպման մեջ ույղուր անջատականներին մեղադրեցին, Չինական իշխանությունները սկսեցին ույղուրներին ոչ միայն կասկածամտորեն այլև վախով մոտենալ։
2018 թվականին որոշում կայացրեց ճամբարների ու բանտերի մեծ ցանց ստեղծել՝ ույղուրներով բնակեցված Սինցզյան մարզում։
Շուտով Մերդանի կյանքը սկսեց փոխվել։ 2018-ի օգոստոսին նրան 16 ամսվա ազատազրկման դատապարտեցին մարիխուանայի վաճառքի համար։ Ընկերները վտահ են, որ գործը շինծու էր։
Չինաստանում, սակայն, արդարացնող դատավճիռներ գրեթե չեն կայացվում։ Քրեական գործերի ավելի քան 99 տոկոսն ավարտվում է մեղադրական եզրակացությամբ։
Ղափարին ազատ արձակեցին 2019-ի նոյեմբերին՝ կարճ ժամանակով։ Մեկ ամիս անց նրա տուն ժամանած ոստիկաններն ասացին, որ նա ստիպված է Սինցզյան վերադառնալ՝ գրանցման սովորական պրոցեդուրայի համար։
Փաստաթղթերը, որոնց հետ Բի֊բի֊սի֊ին հաջողվել է ծանոթանալ, որևէ հանցագործության կամ մեղադրանքի մասին չեն հայտնում։ Գրված է, որ նա պետք է մի քանի օր անց կացնի տեղական ճամբարում՝ կրթական նպատակներով։ Փաստաթղթերում հենց այսպես են գրում ճամբարներ ուղարկելու մասին։
Այս տարվա հունվարի 15-ին հարազատներին թույլ տվեցին տաք հագուստ ու հեռախոս տանել օդանավակայան, որտեղից՝ երկու ոստիկանների ուղեկցությամբ, Ղափարը հայրենի Կուչա մեկնեց։ Հարազատները միանգամից հասկացան, որ Մերդանին «վերադաստիարակման» ճամբար են տանում։
Բի֊բի֊սի֊ի հարցին ի պատասխան, Սինցզյանի ադմինիստրացիան հարազատների վարկածը հերքեց․
«Չինաստանի ժողովրդական հանրապետության բանտերի մասին 37-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը պարտավոր է դատապարտյալներին օգնել տեղափոխվելու հետ կապված հարցերում։ ․․․Տեղափոխման ժամանակ Մերդան Ղափարը վնասել է ինքն իրեն և ուժ է կիրառել ոստիկանների նկատմամբ։ Իրավապահներն օրինական միջոցներ են գործադրել նրան կանգնացնելու համար»,- ասվում է մարզային իշխանությունների հայտարարության մեջ։
Ձեռնաշղթաներ և գլխին հագցրած պարկեր
Ձերբակալությունից կարճ ժամանակ անց Մերդանին հաջողվել էր սմարթֆոն ձեռք բերել ու կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ Նա գրում էր Սինցզյան վերադառնալուց հետո սկսված մղձավանջի մասին։
WeChat սոցիալական ցանցի իր գրառումներում նա պատմում է, որ իրեն սկզբնական շրջանում Կուչա քաղաքի ոստիկանական բաժանմունքում են պահել։
«Մի փոքր սենյակում՝ ոչ ավել քան 50 քառակուսի մետր մակերեսով, 50-60 մարդ էր մեկուսացված․ տղամարդիկ աջ մասում էին, կանայք՝ ձախ։ ․․․Բոլորի հագին նույն «կոստյումն» էր․ գլխին՝ սև պարկ, ձեռքերին՝ ձեռնաշղթաներ, ոստքերին՝ ամրակներ և շղթա, որոնցով այդ ամրակները միանում էին ձեռնաշղթաներին։
Ղափարին ևս այդ «կոստյումից» են հագցրել ու տեղավորել մեկուսարանի ճաղապատված հատվածում․ «Քնել հնարավոր չէր, սենյակում պառկելու տեղ չկար»։
«Մի պահ ես բարձրացրեցի պարկն ու ոստիկանին ասացի, որ ձեռնաշղթաները չափազանց ձիգ են։ Նա զայրացավ ու ասաց, որ եթե մի անգամ էլ պարկը բարձրացնեմ՝ կսպանի»։
Ղափարը գրում էր հարցաքննության համար նախատեսված սենյակից անվերջ հնչող ճիչերի ու ճամբարի ողջ տարածքում տիրող հակասանիտարական վիճակի մասին․ բոլորն ուտում էին նույն ընդհանուր պլաստիկ ափսեից՝ ընդհանուր պլաստիկ գդալներով։
«Ուտելուց առաջ ոստիկանները պահանջում էին, որ ինֆեկցիոն հիվանդություններ ունեցողները ձեռք բարձրացնեն։ Բոլոր հիվանդներն ուտում էին ամենավերջում։ ․․․Իսկ եթե ուզում ես շուտ ուտել՝ հիվանդությանդ մասին կարող ես չասել»։
Հունվարի 22-ին, երբ պարզ դարձավ, որ կորոնավիրուսի համաճարակն արագորեն տարածվում է, և պետք է միջոցներ ձեռնարկել, հակավիրուսային պայքարը հասավ նաև Սինցզյան։
Ղափարի գրառումների համաձայն, կարանտինային միջոցները Սիցզյանում անհամեմատ ավելի խիստ էին քան երկրի մնացած մասերում։
Ինչ֊որ պահի նրա խուց էին բերել 16-20 տարեկան չորս երիտասարդների։
«Համաճարակի ժամանակ նրանց բռնացրել էին բեյսբոլի նման խաղ խաղալիս։ Բերել էին ոստիկանական բաժանմունք ու դաժանորեն ծեծել։ Փոքր երեխաների պես լացում էին։ Հետույքի մաշկը տրաքել պատռվել էր, նստել չէին կարողանում»։
Հետո ոստիկանները դատապարտյալներին ստիպում էին դիմակ կրել մարդաշատ խցերում, ընդ որում՝ պարկերը գլխներին հագցրած։
Ջերմաչափման արդյունքում պարզվել էր,որ շատերը, այդ թվում՝ Ղափարը, բարձր ջերմություն ունեն։ Բոլոր հիվանդներին նուն շղթաներով «կոստյումով» տարել են մեկ այլ սենյակ, որտեղ ձմռան կեսին գիշերները պատուհանները բաց էին թողնում․ քնել հնարավոր չէր ցրտի պատճառով։
Մի քանի օր անց դատապարտյալներին միկրոավտոբուսներ են լցրել ու տեղափոխել։ Հարբուխի սիմպտոմներ ունենալու պատճառով Ղափարին առանձնացրել են մյուսներից ու ինչ֊որ հաստատություն տարել՝ «Համավարակի վերահսկողության կենտրոն»։ Ձեռնաշղթայով գամել են անկողնուն։
«Ամբողջ մարմինս տիզ է։ Տեսնում եմ ինչպես են քայլում վրաս, ամբողջ մարմինս քոր է գալիս։ Պայմաններն, իհարկե, ավելի լավ են, քան՝ խցում։ Այստեղ մենակ եմ, երկու ոստիկան հսկում են»։
Հիվանդանոցանման այս հաստատությունում հսկողությունն ավելի մեղմ է եղել։ Հսկիչները Ղափարին են վերադարձրել իրերի մի մասը՝ դրանց շարքում սմարթֆոնը չնկատելով։
Կալանավորումից 18 օր անց նա արտաքին աշխարհի հետ կապի միջոց ուներ։ Մի քանի օր շարունակ պատմում էր իր հետ կատարվածի մասին։ Հետո կապը կտրվել է։
Այդ ժամանակվանից սկսած Ղափարի մասին տեղեկություններ չկան։ Իշխանությունները հարազատներին տեղեկություններ չեն տրամադրել նրա գտնվելու վայրի մասին, չեն բացատրել ձերբակալության պատճառը։
Տեսանյութի բնօրինակ լինելը լիովին հաստատել հնարավոր չէ։ Փորձագետներն, այնուամենայնիվ, կարծում են, որ այն իրական է։ Այդ մասին է վկայում ֆոնային աղմուկը, որում հստակ պրոպագանդիստական հայտարարություններ են հնչում։
«Սինցզյանը երբեք Արևելյան Թուրքեստան չի եղել», – պատուհանից այն կողմ բարձրախոսով հայտարարվում է ույղուրերեն և չինարեն լեզուներով։
Աղբյուրը՝ Բի֊բի֊սի