Չինաստանում «Մարտակումբ» ֆիլմն ավարտվում է ոստիկանների հաղթանակով
1999թ․-ին նկարահանված՝ Դեյվիդ Ֆինչերի «Fight Club» (Մարտակումբ) վերջում հերոսը (Էդվարդ Նորթոն) սպանում է իր ալտեր էգոյին՝ Թայլեր Դուրդենին (Բրեդ Փիթ), և Մարլա Սինգերի (Հելենա Բոնեմ Քարթեր) հետ միասին պատուհանից նայում պայթող ու փլվող շենքերին։ Վերջաբանն ակնարկում է, որ սպառողականությունը ոչնչացնելու Թայլերի անարխիստական ծրագիրը արդեն մեկնարկել է․․․
Չինաստանում (նոր առցանց թողարկման շրջանակներում) «Մարտակումբը» բոլորովին այլ ավարտ է ստացել. ֆիլմի գրաքննված տարբերակի վերջում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Չինական Tencent Video սթրիմինգային կայքը պայթյունի տեսարանն ուղղակի կտրել է։ Դրա փոխարեն հեռուստադիտողը տեսնում է սև էկրան, սևության հետևից հաղորդում են, որ պետությունը հաջողությամբ տապալել է աշխարհը ոչնչացնելու Թայլերի ծրագիրը:
«Թայլերի տրամադրած տեղեկության միջոցով ոստիկանությունն արագորեն պարզեց ամբողջ ծրագիրը և ձերբակալեց բոլոր հանցագործներին՝ հաջողությամբ կանխելով ռումբի պայթյունը, – ասվում է լուսագրում․ – Դատավարությունից հետո Թայլերին ուղարկեցին հոգեբուժարան․․․ Հիվանդանոցից նա դուրս գրվեց 2012 թվականին»։
Փոփոխությունը կոչված է համոզելու, որ իրավապահներն արդարության կողմնակից են և միշտ հաղթում են չարագործներին:
Պարզ չէ՝ վերջաբանը փոխվել է սեփական նախաձեռնությամբ, թե կառավարության պատվերով: Tencent Video-ն հրաժարվել է մեկնաբանություն տալուց: Խնդրին ծանոթ մի աղբյուր ասում է, որ (նախքան հոսքային կայքերին վաճառվելը) ֆիլմը խմբագրել է հեղինակային իրավունքի սեփականատերը, ինչից հետո այն հավանության է արժանացել կառավարության կողմից:
Disney-ը, որին պատկանում է ֆիլմն արտադրած 20th Century Fox կինոընկերությունը, անմիջապես չի պատասխանել մեկնաբանության հայցին:
Սա ֆիլմի տեսարանների փոփոխման, խմբագրման առաջին դեպքը չէ Չինաստանում։
2019 թվականին հեռացվել էին Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի մի շարք տեսարաններ։ Ուշագրավ է նաև ամերիկյան «Lord of War» ֆիլմի տրանսֆորմացիան․ ֆիլմի վերջում գլխավոր հերոսին (Նիկոլաս Քեյջը) հաջողվում է խուսափել բանտից ու վերադառնալ զենքերի թրաֆիքինգի գործիմ։ Ֆիլմի վերջում նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, ներառյալ ԱՄՆ-ը և Չինաստանը, զենքի ամենամեծ մատակարարներն են: Չինական Tencent Video-ն մոտ 30 րոպեով կրճատում է բնօրինակը, իսկ վերջաբանը փոխարինում նոր լուսագրով, որում նշվում է, թե զենքի թրաֆիքինգով զբաղվող գլխավոր հերոսը դատարանում խոստովանել է իր բոլոր մեղքերը և «դատապարտվել ցմահ ազատազրկման»։
Չինաստանն ունի գրաքննության խիստ համակարգ․ պետությունը հետևում է, որ թողարկվող բոլոր հեռուստահաղորդումներն ու ֆիլմերը արտացոլեն այն, ինչ Կոմունիստական կուսակցությունը համարում է ճիշտ էսթետիկա, բարոյականություն և գաղափարախոսություն: