«Չինաստանի վերաբերյալ ես երկու սկզբունքային հարց ունեմ․ առաջինը՝ ո՞վ է այդքան փող ներդրել արդիականացման համար և ինչու՞ է ներդրել հենց Չինաստան, այլ ոչ, օրինակ, Հնդկաստան»
Կարճ պատասխանը հետևյալն է․ չինացիներն իրե՛նք են ներդրել։
Երկար պատասխանն է․
Մեզ մոտ օտարերկրյա ներդրումների շուրջ մի իսկական կարգո-պաշտամունք է ձևավորվել։ Գիտեք, չէ՞, կարգո-պաշտամունքը որն է։
Երբ Օվկիանիայի կղզիներում երկրորդ համաշխարհայինի տարիներին ամերիկյան զորքեր տեղակայեցին, բնիկները արագ նկատեցին, որ սպիտակները ցանք չեն անում, ձուկ չեն բռնում, առհասարակ՝ օգտակար ոչնչով չեն զբաղվում։
Փոխարենը սպիտակները զբաղված են տուֆտա բաներով․ օրինակ, միանման շորեր են հագնում և շարքով երթաքայլում: Բայց և սոված չեն մնում։ Ուտելիքը նրանց վրա բառացիորեն երկնքից է ընկնում։
– Սա ի՞նչ է, – տուշոնկի արկղը մատնացույց անելով՝ ամերիկացի զինվորականին հարցնում է բնիկներից մեկը։
– Կարգո է, – պատասխանում է զինվորականը (cargo = բեռ):
Ըհը, կարգո՝ հասկացան տեղացիները։
Հարցը, սակայն, նրանում է, թե որտեղի՞ց է գալիս կարգոն։ Տեղացիները արագ գլխի ընկան․ շոգեխաշված միսը, բրինձը, սարդինը և այլն սպիտակներին ուղարկում են նախահայրերի ոգիները։ Իսկ վարժահրապարակում շարվելը, երթով քայլելը, օդակայանների շինարարությունը՝ սրանք բոլորը մոգական ծեսեր են՝ ուղղված կարգոյի ներգրավմանը։
Շուտով կղզիաբնակներն անցան առաջին աշխարհի լավագույն պրակտիկաների յուրացմանը։ Նրանք սկսեցին նմանակել սպիտակների արածները՝ միանման շորեր հագնել, շարքով քայլել, անտառներում հրապարակներ հարթել, ծղնոտի ինքնաթիռներ կառուցել և այլն, և այլն։ Արտադրողական աշխատանքը առհասարակ բարձիթողի արվեց։ Շուտով սով սկսվեց։
Երբ բնիկները սկսեցին սովամահ լինել, ամերիկացիները հումանիտար օգնություն ուղարկեցին։ Եվ նրանք վերջնականապես համոզվեցին՝ իրո՛ք աշխատում է։ Մենք ծես արեցինք և նախահայրերի ոգիները մեզ համովիկներ ուղարկեցին։ Այսպես կարգո-պաշտամունքը ստացավ իր վերջնական տեսքը։
Նեղ իմաստով՝ կարգո-պաշտամունք են անվանում Օվկիանիայի հենց այս կրոնական պրակտիկաները։ Լայն իմաստով՝ նյութական բարիքների հասնելու համար օտար վարքի մեխանիկական նմանակումը, որը չի տեսնում պատճառահետևանքային կապեր և չի հասկանում՝ ինչպես է այս ամեն ինչն առհասարակ աշխատում։ Խոսքի՝ կղզիներ կարգո բերելու համար հարկավոր է համազգեստ հագնել։ Չէ՞ որ սպիտակները համազգեստով են քայլում և ստանում են կարգո։ Ուրեմն մենք էլ կստանանք, եթե զգեստավորվենք։
Կարգո-պաշտամունքի հայրենական ամենամոտ նմանակը «օտարերկրյա ներդրումների» շուրջ երգուպարն է։
Այս պարագայում կարգոն հե՛նց ներդրումներն են, որոնք անկասկած կուղարկեն մեզ, երբ մենք իրականացնենք ծեսը։ Ծեսի դերն են կատարում «ներդրումային դաշտի բարելավումը», կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկության բարձրացումը և այսպես շարունակ։
Բառացիորեն մեր քթի տակ կա օրինակ, որը, թվում է, պետք է շփոթեցներ անգամ ամենահամառ պաշտողին։ Բաց թողնենք նույնիսկ Բալթյան երկրները – նրանք այլ պատմություն ունեն – հետսովետում կա երկիր, որը ներդրումային դաշտի բարելավման գործում իրոք թափով առաջ է անցնում։
Դա Վրաստանն է։
Վրաստանը միակ ապհական երկիրն էր, որն իրոք կոռուպցիա է հաղթահարել, թափանցիկության բարձր աստիճանի է հասել, ներդումային կլիման է բարելավել։ Այնուամենայնիվ, որևէ լուրջ ներդրում Վրաստանում մենք այդպես էլ չտեսանք։ Եվ սա խնդիր է։ Ծեսն իրականացվել է, բայց կարգո չեն ուղարկել։
Ինձ թվում է՝ այս պահին հայրենի լսարանի մոտ պետք է որոշակի կասկածներ առաջանան։ Իսկ ի՞նչ, եթե կարգո-պաշտամունքը չի աշխատում։ Ի՞նչ, եթե ծեսի անգամ ամենաջանադիր իրականացումը չի օգնում կարգո ներգրավելուն։ Ի՞նչ, եթե այս ամենը սկզբունքորեն այլ կերպ է գործում։
Ո՞նց։ Հարցին կպատասխանեմ ուրբաթ օրվա լոնգրիդում, իսկ մինչ այդ՝ կարճ թեզ․ Չինաստանի տնտեսական հրաշքի ամենագլխավոր արարիչը, իհարկե, Դեն Սյաօպինը չէր, այլ Մահաթհիր բին Մոհամմադն էր։
Կամիլ Գալեև, պատմաբան
ռուսերեն բնագիրը՝ տելեգրամում