Ամերիկյան Maxar հեռահաղորդակցման ընկերությունն արբանյակային լուսանկարներ է հրապարակել Հիմալայների այն շրջանից, որում վերջերս արյունալի բախումներ էին տեղի ունեցել հնդկական և չինական կողմերի զինծառայողների միջև։
Բախումների արդյունքում սպանվել է 20 հնդիկ զինվորական․ ականատեսների վկայությունների համաձայն, նրանց դաժան ծեծի են ենթարկել ձողերով, փշալարերով, մետաղական շիպերով, մեխերով ու բամբուկի ճյուղերով, հրազենային զենքեր չեն կիրառվել։ Պաշտոնական Դալին հաղորդում է, որ չինական կողմից ևս կան զոհեր՝ նվազագույնը քառասուն զինծառայող։ Պեկինն այս տեղեկատվությունը չի հաստատում։
Հնդկաստանի իշխանությունների պնդում էին, որ միջադեպի պատճառը Չինական կողմի սկսած շինարարական աշխատանքներն են խնդրահարույց սահմանամերձ հատվածներում։ Հնդկաստանի Արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Չինաստանը Հնդկաստանին պատկանող տարածքներում շինարարություն է սկսել։ Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ի֊ն հերքել էր այդ տեղեկատվությունն ու նշել, որ հնդկական կողմի զինծառայողներն առաջինն են հարձակվել։ Ավելի ուշ երկու նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որում պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։
Այսօր հրապարակված արբանյակային լուսանկարները հաստատում են հնդկական կողմի վարկածը․ հստակ կարելի է տեսնել տարբերությունը մինչև հունիսի 22-ը և դրանից հետո։
Սա վերջին 45 տարում առաջին դեպքն է, երբ Հնդկաստանի ու Չինաստանի սահմանին գտնվող Լադախում տեղի ունեցող բախումներն ավարտվում են մահերով։