Home / Հայաստան / Սախարովի արձանն «աքսորվել» է Արցախ

Սախարովի արձանն «աքսորվել» է Արցախ

Մայիսի 21-ին ռուսաստանյան մամուլը ահազանգում էր Մոսկվայի «Մուզեոն» զբոսայգուց ակադեմիկոս, իրավապաշտպան, խորհրդային քաղհալածյալ Անդրեյ Սախարովի արձանի անհետացման մասին։ Նույն օրը Ստեփանակերտի թիվ 8 ավագ դպրոցի բակում Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունն էր։ Պարզվեց՝ խոսքը նույն արձանի մասին է։ Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամո) փողերով խաղաղության Նոբելյան մրցանակակրի քանդակն տեղափոխվել է Արցախ։

Մայիսի 21-ին ֆիզիկոս, ջրածնային ռումբի համահեղինակ, իրավապաշտպան, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի ծննդյան օրն էր։ Տարելիցի նախաշեմին Մոսկվայի պետական համալսրանն (МГУ) առանց բացատրությունների չեղարկել էր անվանի ֆիզիկոսին նվիրված բանախոսությունները․ դասախոսների նախաձեռնող խումբը սա քաղաքական գրախոսության ակտ էր որակել՝ պայմանավորված նրա հակապատերազմական դիրորոշմամբ։ Մոտ մեկ տարի առաջ էլ Մոսկվայի քաղաքային իշխանությունը արգելել էր Սախարովի հիշատակին նվիրված ցուցահանդեսը։

Ռուսաստանյան դատական համակարգի կողմից լուծարված «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 21-ին ահազանգել էր, որ մոսկովյան «Մուզեոնից» անհետացել է Սախարովի հայտնի արձանը։ 


Սախարովի արձանը Մուզեոնում

Զբոսայգու ադիմինիստրացիայից նախ հայտարարել էին, թե արձանի տեղափոխության մասին ոչինչ չգիտեն՝ քանդակը պիտի որ տեղում լինի։ Ավելի ուշ հաղորդվել էր, թե արձանի հեղինակը՝ Գրիգորի Պոտոցկին, այն հետ է վերցրել դեռևս 2021 թվականի աշնանը։ Իբր թե՝ հեղինակային քանդակը «Մուզեոնին» էր տրվել զուտ «ժամանակավոր ցուցադրության» նպատակով։

Հեղինակ Պոտոցկին այս ամբողջ ընթացքում Արցախում էր՝ Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում մասնակցում էր ակադեմիկոսի հիշյալ արձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնտեղ էին նաև Արցախի մշակույթի նախարարը, պետնախարարը, թիվ 8 դպրոցի տնօրենը, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մայորը։ 

Բոլորը ելույթ էին ունենում։

«Հայերը մշակութային ժողովուրդ են։ ․․․Հայերը պահպանողական ազգ են, նրանք են զարդարում աշխարհի ազգերին: Ես հպարտ եմ, որ իմ քանդակը հենց այսպիսի մշակութային երկրում է վեր խոյանում », – Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի բակում հայտարարում էր քանդակագործ Պոտոցկին:


Սախարովի արձանը Ստեփանակերտի թիվ 8 ավագ դպրոցի բակում

Արարողության մասին զեկուցող պրես-ռելիզի մեջ նշվում էր, որ նախաձեռնությունը հովանավորել է (Սամվել Կարապետյանին պատկանող) «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Արցախում Սախարովի արձանը նոր «պատվանդան» է ստացել․ ոսկրագույն քարի վրա փորագրված է «Ակադեմիկոս Անդրեյ Դմիտրիի Սախարով» (հայերենով) և «Мужайтесь, армяне, ваше дело правое/ Академик Андрей Дмитриевич Сахаров» (ռուսերենով)։

Անդրեյ Սախարովը ֆիզիկոս էր՝ ռուսական ջրածնային ռումբի (համա)հեղինակը։ 1950-ականներից հրապարակավ հանդես էր գալիս ատոմային ռումբի փորձարկումների դեմ։ 1960-ականների վերջից զբաղվում էր հակապատերազմական «ակտիվիզմով», նրա հրապարակախոսական հոդվածները հրատարակվում էին խորհրդային սամիզդատով և արևմտյան մամուլով։ 1968-ին հեռացվել է «Արզամաս-16» գաղտնի օբյեկտում գիտական աշխատանքից։ Քննդատում էր ԽՍՀՄ զորքերի ներխուժումը Չեխոսլովակիա, հրապարակավ խոսում էր «ստալինյան տեռորի», քաղաքական ռեպրեսիաների, մտավորականության լոյալության և այլնի մասին։ 1970-ակններին համահիմնադրել է Մարդու իրավունքների մոսկովյան կոմիտեն՝ ակտիվորեն ներգրավվելով արդեն նաև իրավապաշտպանության մեջ։

1971-1980-ին սովետական մամուլում մի իսկական արշավ էր սկսել Սախարովի դեմ․ առանձին հրապարակումներից, հոդվածներից բացի՝ խորհրդային թերթերը Սախարովի գործունեությունը դատապարտող հայտարարություններ և «բաց նամակներ» էին հրապարակում՝ ստորագրված տասնյակ գիտնականների կամ գրողների կողմից (օրինակ, «Письмо 40 академиков», «Письмо писателей»). Հալածանքների տարիներին Սախարովը գրել է «Երկրի և խաղաղության մասին» իր հայտնի գիրքը, որը հրապարակվում է 1975 թվականին։ Նույն թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին։ 

Խորհդային զորքերի՝ Աֆղանստան ներխուժումից հետո, ակադեմիկոս Սախարովը մի քանի քննադատական հայտարարություններ է գրել։ Դրանք հրապարակվել են նաև արևմտյան մամուլում։ 1980 թվականին ձերբակալվել է և կնոջ՝ Ելենա Բոնների հետ, աքսորվել Գորկի կիսափակ քաղաք։ Աքսորը Սախարովը պայմանավորում էր սովետական զորքերի Աֆղանստան ներխուժման դեմ իր ելույթներով։

Նույն թվականին Սախարովը զրկվել է բոլոր, այդ թվում՝ բարձրագույն կոչումներից, շքանշաններից և պետական պարբևներից։ Գորկիում երեք անգամ հացադուլ է հայտարարել․ ամենաերկարը՝ 178 օր տևողությամբ։ 

Պերեստրոյկայի ժամանակ ազատ է արձակվել։ 1989 թվականին դարձել է ԽՍՀՄ պատգամավոր։ Աջակցում էր Ղարաբաղյան շարժմանը, բարձրաձայնում ադրբեջանահայերի ջարդերի մասին։ 1989 թվականին՝ 69 տարեկան հասակում, մահացել է։ Մահվանից հետո հերոսականացվել է․ Ռուսաստանով մեկ և ամբողջ հետսովետական տարածքում նրա անունով փողոցներ, հրապարակներ, պուրակներ կան։ Վերջին տարիներին ռուսաստանցի իրավապաշտպանները, այդ թվում՝ Սախարովի (գործ)ընկներները քաղաքական ռեպրեսիաների տակ են։