հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Միրզոյան

Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով օրերս Բաքվից Երևանին փոխանցված առաջարկի 5 սկզբունքներին։ Միրզոյանն ընդգծել է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին

«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ», – ասել է նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ հայկական կողմի համար կարևոր է, որ «հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները», ինչպես նաև վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»՝ ասել է պաշտոնյան և հիշեցրել, որ Երևանն արդեն պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ «համահունչ նշված դիրքորոշմանը»։

Միրզոյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան երեկ՝ մարտի 14-ին, հստակեցրել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքները, որոնք Բաքուն օրերս առաջարկել էր Երևանին։ Սկզբունքները ներառում են տարածքային ամբողջականության ճանաչում, ուժի և դրա սպառնալիքի բացառում, սահմանազատում, հաղորդակցությունների բացում։

Մարտի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի քննարկումներից մեկում հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել և սպասում է պատասխանի։ Թեև Բայրամովը չի հստակեցրել մեկ էջանոց փաստաթղթի բովանդակությունը, նա պնդել է, որ «այդ փաստաթղթում ներկայացված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են»։ 

Նույն ֆորումի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն։ 

Մարտի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների կազմակերպման համար։  

Այս և սրան նախորդող հայտարարությունները, հիշեցնենք, հնչում են Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր շարունակ սրվող լարվածության ֆոնին։ Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Մարտի 7-ին հրազենային վիրավորում էր ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ղարաբաղի Լիսագոր գյուղում վնասվել է սահմանին տեղակայված գազատարը։ Ադրբեջանական կողմը չի թողնում, որ սկսվեն վթարի վերացման աշխատանքները։ Ղարաբղի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված են գազամատակարարումից։

Ըստ հայկական կողմի՝ մարտի 9-ի ցերեկը ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակել է 2 ական, իսկ գիշերը կրակել է Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա՝ արձակելով 23 ական։

Մարտի առավոտյան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից արձակած ականանետի կրակոցից։