Վերջին օրերին Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարվածությունը սրվել է։ Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Բաքուն մեղադրում է Երևանին, Երևանը՝ Բաքվին։
Մարտի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայերը գնդակոծել են Գերանբոյի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Ըստ հաղորդագրության, հայկական զորքերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Գորանբոյի շրջանի Գյուլիստանի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Հայկական կողմը հաղորդագրությանը չի արձագանքել։
Մարտի 6-ին ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից դիրքերի ուղղությամբ, հայտնել է Արցախի դատախազությունը։ Տուժածներ չկան։
Ադրբեջանի ՊՆ-ն դրանից առաջ հաղորդել էր, որ հայկական կողմը գնդակոծել է Աղդամի ուղղությամբ։ Նշենք, որ Խրամորթը սահմանակից է Աղդամին։
Մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Հայաստանի ՊՆ-ն։
Հրազենային վիրավորում է ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն էլ հաղորդել էր, որ Գեղարքունիքի մարզում տեղակայված դիրքերից հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Քելբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրի ուղղությամբ։ Վերջինս հաղորդագրության մեջ պնդում էր նաև, որ անցած մեկ օրվա ընթացքում 23 անգամ գնդակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը Գերանբոյի, Թերթերի, Աղդամի և Խոջալուի ուղղություններում։
Հայաստանի ՊՆ-ն հերքել էր այս լուրը։
Մարտի 8-ին Ղարաբաղում և Նախիջևանում փոխհրաձգություններ են տեղի ունեցել երկու կողմերի միջև, հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Նախիջևանի Օրդուբադի շրջանի Քիլիդ բնակավայրի և Աղդամի շրջանի Փափրավենդ բնակավայրի ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն, կրկին, լուրը հերքել էր։
Նույն օրը Ղարաբաղի Լիսագորի հատվածում վնասվել է սահմանին տեղակայված գազատարը, և ադրբեջանական կողմը չի թողնում, որ վթարի վերացման աշխատանքները սկսեն, հայտնում է Արցախի տարածքային կառավարման նախարարությունը։ Արցախի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված են գազամատակարարումից։ Այսօր առավոտվանից արդեն սկսվել են վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո մեկնարկելու են գազատարի վերականգնման աշխատանքները, հայտնել է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Մարտի 9-ին, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, հայկական զինված ուժերը պարբերաբար գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Խոջալուի և Գերանբոյի ուղղություններով, հայտնել է։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ երեկ գիշերը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը խախտել է հրադադարը 3 ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ ԱՀ զինված ուժերը ընդամենը պատասխան կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Թարմացում 18:49 – Արցախի դատախազության հաղորդմամբ՝ ադրբեջանական զինուժերն ակտիվ կրակ են վարում մի շարք բնակավայրերի ուղղությամբ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ ականանետեր․
Ըստ կառույցի՝ հարվածի տակ են Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքները և ճանապարհները, ինչի հետևանքով կասեցվում են բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտվում է բնակիչների ազատ տեղաշարժը։
«Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները», – գրում է ԱՀ դատախազությունը:
Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ այսօր 14։00-14։30 սահմաններում, Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 ական։
Հայաստանի ՊՆ-ն, մինչ այդ, հաղորդել էր, որ ժամը 13։10-ի սահմաններում Ադրբեջանի զինուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ։
«Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է», – եզրափակել էր կառույցը։