Home / Բանակ / Փոխհրաձգություն Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Փոխհրաձգություն Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահ զորքերի միջև փոխհրաձգություն է։ 

BBC-ն հայտնում է, որ կրակոցները տեղի են ունեցել Ղրղզստանի Կոկ-Տաշ գյուղի սահմանապահ դիրքում։ 

Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը պնդում է, որ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ մոտ 50 Ղրղզստանի քաղաքացիներ կանգնեցրել են Տաջիկստանի քաղաքացու ավազով բեռնված մեքենան։ Դրանից հետո տեղի Ղրղզստանի և Տաջիկստանի իշխանությունների ներկայացուցիչները մտադիր էին հանդիպում կազմակերպել՝ քննարկելու իրավիճակը։ Սակայն, ըստ Տաջիկստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները չեն եկել հանդիպման, և շուտով ղրղզ սահմանապահները կրակ են բացել Տաջիկստանի ուղղությամբ։ 

Իսկ, ըստ BBC-ի ունեցած ղրղզական տվյալների, Տաջիկստանի քաղաքացիները փակել են Բատկեն-Իսֆանա մայրուղին՝ Տորթ-Կոչո շրջանում։ Դրանից հետո ղրղզ ու տաջիկ սահմանապահները խորհրդակցություն են անցկացրել, երթուղին բացվել է, սակայն հետո իրավիճակը կրկին սրվել է, և սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսվել։

«Տաջիկստանի զինծառայողները [տեղական ժամանակով] ժամը 22:30-ի դրությամբ շարունակում են պարբերաբար կրակել ներքին զորքերի դիրքերի ուղղությամբ, կրակոցները շարունակվում են Էկի-Տաշ, Կում-Բազար, Չիր-Դոբո շրջաններում»,- Интерфакс-ին են հայտնել Ղրղզստանի սահմանապահ ծառայությունից։ 

Միաժամանակ, Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը կատարվածի համար մեղադրում է ղրղզական կողմին և պնդում, որ վերջինս ականանետերով գնդակոծում է երկրի տարածքը։ Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Ղրղզստանի սահմանապահները «առկա հրետանային զինատեսակներից կրակ են բացել Տաջիկստանի Հանրապետության խաղաղ բնակիչների վրա․․․Կան զոհեր խաղաղ բնակիչների և սահմանապահների շրջանում»։

Դուշանբեի խոսքով՝ ինտենսիվ կրակ է արձակվում «տեղի բնակիչների, մեքենաների և տարբեր ենթակառուցվածքային օբյեկտների վրա»։ «Արձանագրվել են անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են Տաջիկստանի Հանրապետության օդային տարածքը»,- հայտնում է սահմանապահ ծառայությունը։

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնում է չորս վիրավոր սահմանապահների մասին։ Դուշանբեից հայտնում են 11 վիրավորի և մեկ խաղաղ բնակչի մահվան մասին:

Ղրղզստանի նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ իշխանությունները տարհանում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, որի մեջ մտնում են և՛ Ղրղզստանը և՛ Տաջիկստանը) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը սահմանին։ Նա հեռախոսազրույց է ունեցել երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ և հայտարարել, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Բիշքեկին և Դուշանբեին հակամարտության կարգավորման հարցում։

Սա վերջին շրջանում երկրորդ լուրջ միջադեպն է Տաջիկստանի էքսկլավ Վորուխի շրջանում, որտեղ ապրում է մոտ 35000 տաջիկ։ 

Անցյալ տարվա ապրիլին բախումներ են սկսվել երկու երկրների սահմանապահների միջև նույն տարածքում՝ Ակ-Սու գետի ջրառի մոտ, որտեղ տաջիկ սահմանապահները տեսախցիկներ են տեղադրել՝ ջրի բաշխումը վերահսկելու համար, իսկ ղրղզ բնակիչները ընդդիմացել դրան։ Բախումների արդյունքում տուժել է Ղրղզստանի 173 քաղաքացի, որոնցից 34-ը մահացել է։ Տաջիկստանի կողմից հաղորդվել է 12 զոհի մասին։ Այս միջադեպից հետո կողմերը պայմանավորվել էին դադարեցնել հակամարտությունը և սկսել բանակցությունները սահմանի սահմանազատման շուրջ։

Թարմացում

Ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ, հայտնում է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը։