Home / Առողջապահություն / Ռուսաստանին հանգիստ չեն տալիս հետսովետական երկրների բիոգաղտնիքները 

Ռուսաստանին հանգիստ չեն տալիս հետսովետական երկրների բիոգաղտնիքները 

Հունվարի 22-ին «Ռոսիա-24» պետական ռուսական հեռուստաալիքը ցուցադրել է «Անդրոմեդա շտամը»՝ հայտնի հեռուստալրագրող Արկադի Մամոնտովի ֆիլմ-հետազոտությունը, որում կենսաբանական զենքեր ուսումնասիրող լաբարատորիաներ են որոնվում․ լրագրողները «հետազոտություն» են անցկացրել նաև Հայաստանում։ Ուշագրավ է նաև Ադրբեջանի դեբյուտը «մեղադրվող» երկրների ցուցակում։

«Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, արևմուտքը շատ ուրախացավ», –  սկսվում է վավերագրականը, որում տեղ են գտել լրագրողի հետազոտական այցերը Վրաստան, Հայաստան, Ուկրաինա և Ղազախստան։ Հեղինակը ֆիլմը նկարագրում է որպես մտածելու տեղիք տվող ինֆորմացիա՝ հայտնելով․ ԽՍՀՄ նախկին տարածքների վիճակը իրոք շատ լուրջ է, կենսաբանական լաբարատորիաները կան, նրանք գոյություն ունեն և ոչ ոք չգիտի՝ այնտեղ ինչ է կատարվում։ Շուրջ 50 րոպե տևողությամբ «Անդրոմեդա շտամը» հասանելի է Մամոնտովի յություբյան էջում։

Հեղինակը առաջին հերթին ուղևորվել է Վրաստանում գտնվող Րիչարդ Լուգարի անունը կրող լաբորատորիա, հարցազրույց արել ամերիկացի լրագրող Ջեֆրի Սիլվերմանից։

«Էքսպերիմենտներ են անում մարդկանց և կենդանիների վրա, կենսաբանական զենքի հետազոտման շրջանակներում տարբեր փորձարկումներ են կատարվում երիտասարդ վրացի զինվորների արյան հետ, սակայն ոչ ոք այդ մասին չի խոսում»։

Ըստ հեղինակի, ԱՄՆ-ը խելամիտ քաղաքականություն է վարում՝ լրագրողների հրավիրելով և բաց դռների օրեր կազմակերպելով․ «Ցույց է տալիս այն՝ ինչ ուզում է ցույց տալ և թաքցնում է այն՝ ինչ ուզում է թաքցնել»։

«․․․ Վերցնում եք սովորական վիրուսը և դարձնում այն ավելի վտանգավոր, որպեսզի ուսումնասիրեք և գտնեք բուժումը։ Սակայն այս երևույթը կարելի է նկարագրել այլ կերպ՝ դուք վերցնում եք վտանգ չներկայացնող վիրուսը և այն դարձնում վտանգավոր, զենք եք ստեղծում»։

Այնուհետև հեղինակները ուղևորվել են Հայաստան, այստեղ խոսելով ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանի հետ։

«Սա երկրի սուվերենությունը կորցնելու սկիզբն է։ Լաբարատորիաների ցանցի ներդրումից հետո երկու-երեք տարվա ընթացքում երկիրը ամբողջովին հայտնվում է ենթակայության տակ՝ դե ֆակտո գաղութացվում է։ Դե յուրե այն համարվում է սուվերեն երկիր և դե յուրե լաբարատորիաները պատկանում են երկրին, սակայն դե ֆակտո երկիրը հայտնվում է կախվածության մեջ և փաստացի գաղութացվում է», – ասում է Գրիգորյանը։

«Այստեղ գտնվող ռուսական զորքերը Հայաստանի՝ որպես պետություն գոյություն ունենալու երաշխիքն են․․․», – իր հերթին, նկատում է կադրի ետևում հնչող ձայնը։

«Հայաստանում անցկացվող փորձարկումները հիմնականում բրուցելյոզի, տուլարեմիայի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ են կապված։ Այս հարուցիչները համարվում են պայմանական ախտածիններ, որոնք կարող են գործածվել հակառակորդի կենդանի ուժի վրա կենսաբանական ազդեցության, նրանց շարքից հանելու, ինչպես նաև երկրի էկոնոմիկայի և հզորության խաթարման նպատակո»։

Մամոնտովը նորից կրկնում է ռուսաստանյան լրատվամիջոցների՝ վերջին տարիների սիրած թեզերից մեկը՝ Հայաստանում 12 նմանատիպ լաբարատորիա է գործում։ Դրանցից երեքը ենթադրաբար Երևանում են գտնվում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կենտրոնում և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Մյուս կենտրոնները, ըստ նրա, բաշխված են Գյումրիում, Իջևանում, Մարտունիում և Վանաձորում։

Հեղինակը շարունակ նշում է կենսաբանական լաբարատորիաներ գործարկող մի շարք երկրներ՝ Ուկրաինա, Ղազախստան, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Ադրբեջանը առաջին անգամ է տեղ գտնում այս երկրների շարքում։ «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն համարում է, որ սա Մոսկվայի կողմից Բաքվի նկատմամբ կիրառվող ճնշման նոր միջոց է։ Իր ֆեյսբուքյան էջում Շահինօղլուն գրում է, որ Արկադի Մամոնտովը Կրեմլի պատվերները կատարող լրագրողներից է և, հետևաբար, ֆիլմը պատվիրված է ռուսական իշխանությունների կողմից, որոնք մինչ այս երբեք նման մեղադրանք Ադրբեջանին չէին ներկայացրել։ Քաղաքագետը պնդում է, որ Ադրբեջանում նմանատիպ կենսաբանական լաբորատորիայի առկայության որևէ փաստ չկա, իսկ հակառակ դեպքում դա թաքցնելն անհնար կլիներ։

Հասնելով Ուկրաինա, հեռուստալրագրողը զրուցում է որպես այդ երկրի Անվտանգության ծառայության նախկին աշխատակից ներկայացվող Վասիլի Պրոզորովի հետ։

«Ինչո՞ւ ամերիկյան կողմը հատուկ վտանգ ներկայացնող փորձարկումները պետք է իր տարածաշրջանում անցկացնի՝ հավանական ռիսկի ենթարկելով սեփական բնակչությունն ու տարածքը, երբ դա հանգիստ կարելի է անել երրորդ աշխարհի երկրում՝ ինչպիսին հանդիսանում է Ուկրաինան։ Բացի այդ, եթե մենք խոսում ենք գենետիկական ընտրողականությամբ գործող զենք ստեղծելու մասին, ապա ինչքանով ես տեղյակ եմ, ուկրաինացիները և ռուսները գենետիկորեն ոչնչով չեն տարբերվում։ Այսինքն, նման զենք ստեղծելու համապատասխան հետազոտությունների համար ուկրաինացիները շատ լավ փորձարարական նյութ են»։

Ֆիլմում ասվում է նաև, որ Ուկրաինայի քարտեզի վրա Ռուսաստանն այսօրվա դրությամբ 13 հավանական ամերիկյան ռազմաբազաներ է գտել, իսկ չինական հետախուզության տվյալներով, դրանք արդեն 16-ն են։

«Յուշչենկոն առաջին ամբողջովին ամերիկայամետ նախագահն էր, և նրա ժամանակ Ուկրաինան շատ լուրջ քայլ արեց․․․ եկեք ամեն ինչ իր անունով կոչենք՝ ամերիկյան գաղութ դառնալու ուղղությամբ»։

Ֆիլմի վերջնահատվածը նվիրված է Ղազախստանին․ ռեժիսորը հայտարարում է, որ այնտեղ ամերիկացիները մտադիր են նոր Ուհան ստեղծել՝ մինչև 2025-ի ավարտը չորրորդ կարգի համաճարակաբանական լաբորատորիա կկառուցվի, ինչից հետո ի հայտ կգան բոլոր հնարավորությունները հատուկ վտանգավոր վարակների հարուցիչ վիրուսներ և բակտերիաներ հետազոտելու համար։

Եվ հռետորական հարց է հնչում․ «Ինչո՞ւ է Ռուսաստանի բարեկամ երկիրը դիմում նման քայլի․․․»:

Ռուսաստանյան իշխանությունների և նրանց սպասարկող ԶԼՄ-ների՝ հետսովետական տարածքում բիոլաբորատորիաների հանդեպ հետաքրքրությունը սահմանափակվում էր հիմնականում Վրաստանով ու Ուկրաինայով։ Հայաստանը պրոպագանդիստների թիրախ դարձավ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո։ Դրա հետ մեկտեղ, ռուսաստանյան լրագրողներն անտեսում են Հայաստանի վարչապետի և Վրաստանի բիոլաբորատորիայի ղեկավարության հրավերները՝ այցելելու «բոբո տեղերը»։