Թարմացում 19։21 – Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժերը վերսկսել են կրակը սահմանի արևելյան ուղղությամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
18։ 00 – Այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՊՆ-ն։
Մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ըստ ՊՆ-ի՝ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հայկական կողմը «սադրանքի է դիմել պետական սահմանին Քելբաջարի ուղղությամբ», ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Այազ Նազերովը։